Հայերեն   English   Русский  

​Ինչու՞ կրակն այդքան արագ կլանեց Փարիզի Աստվածամոր տաճարը. Daily Mail-ի անդրադարձը


  
դիտումներ: 462

Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհին՝ փորձելով հասկանալ՝ որն էր կրակի այդքան արագ տարածվելու և 850-ամյա շինությունը կարճ ժամանակում կլանելու պատճառը:

Նշվում է, որ Ֆրանսիայի մշակութային և հոգևոր խորհրդանիշն ի սկզբանե կառուցված է եղել 1300 ծառից, ինչն էլ շինության հրավտանգ լինելու գլխավոր պատճառն է:

Ապրիլի 15-ին սկսված հրդեհը կարճ ժամանակում տարածվել է դրա՝ ամբողջովին փայտից կառուցված ներքին սրահում: Այնուհետև փլուզվել է աշտարակներից մեկը:

Պարբերականը մանրամասնում է, որ 850 տարի առաջ կառուցված տաճարի կմախքն ամբողջությամբ գերաններից է:

Հրդեն Փարիզի Աստվածամոր տաճարում

«Ամեն ինչ այրվում է, կմախքից ոչինչ չի մնա»,-ահազանգել էր տաճարի խոսնակ Անդրե Ֆինոն՝ մանրամասնելով, որ փայտե գերանները նաև տաճարի 35 մ բարձրությամբ տանիքի հիմքն են:

Հայտնի է, որ տաճարի հնացած փայտյա կմախքը տևական ժամանակ մտահոգության առիթ էր տալիս, ուստի իշխանությունները սկսել էին 6,8 մլն եվրո արժողությամբ վերանորոգման ծրագիր, որը պետք է երկարաձգեր պատմական շինության կյանքը:

Ըստ նախնական տվյալների՝ կրակը սկսվել է աշտարակի մոտ, ինչն էլ հիմք է տալիս ենթադրելու, որ դա վերանորոգման աշխատանքների հետևանք է: Այնուհանդերձ՝ իշխանությունները դեռևս չեն հայտնել հրդեհի իրական պատճառը:

Աշխարհի տարբեր անկյուններում բնակվող միլիոնավոր մարդիկ ցավակցություն են հայտնել աշխարհի ամենահայտնի ու գեղեցիկ տաճարներից մեկի ավերման առնչությամբ:

Նշենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը հետաքննվում է որպես դժբախտ պատահար: Այդ մասին հայտարարել է Փարիզի դատախազ Ռեմի Հեյցը: Հիմք չկա ենթադրելու, թե հրդեհի պատճառը միտումնավոր հրկիզումն է: Քրեական գործը հարուցվել է ոչ միտումնավոր վնաս հասցնելու հիմքով, ասել է Հեյցը:

Հետաքննությամբ 50 մասնագետ է զբաղվում: Քննությունը պարզել է, որ առաջին անգամ հակահրդեհային համակարգի ազդանշանը գործել է տեղի ժամանակով 18:20-ին: Ստուգման արդյունքում բռնկման աղբյուրը հայտնաբերել չի հաջողվել:

«18:43-ին ազդանշանը երկրորդ անգամ է գործել և արդեն կրակը հայտնաբերվել է փեղկի մակարդակում,-ասել է Հեյցը,-դրանից հետո բոլորը տարհանվել են եկեղեցուց», գրում է «Վեդոմոստին»:

Ըստ Հեյցի, վերանորոգման աշխատանքներին մասնակցող մասնագետներն արդեն հարցաքննվել են: Այդ աշխատանքին ընդհանուր առմամբ մասնակցում է 5 ընկերության աշխատակից: Շատերը դեռևս պետք է հարցաքննվեն: Բռնկման պատճառների մասին եզրակացություն հնարավոր կլինի անել միայն փորձագետների զննություննից հետո, այժմ շենքում գտնվելը դեռևս վտանգավոր է»,- հավելել է Հեյցը:

Ներքին գործերի նախարար Լորեն Նունյեսը հայտնել է, որ տաճարի կարկասը հրդեհից հետո «ընդհանուր առմամբ վատ վիճակում չէ», սակայն թույլ տեղեր ունի: Հիմնականում կամարի մասում: Ըստ France24-ի, այժմ ճարտարապետներն ու մասնագետները զննում են տաճարը: Նրանք պետք է եզրակացություն տան շենքի ամրության մասին: Անվտանգության ապահովման աշխատանքներին մոտ 48 ժամ է տրված, որից հետո մշակույթի նախարարության աշխատակիցներին կթույլատրվի մտնել շենք և տարհանել մշակութային արժեքները:

Տաճարի վերանորոգմանը մասնակցող Europe Echafaudage ընկերությունը հայտարարել է, որ աշխատանքների կատարման ընթացքում պահպանվել են անվտանգության բոլոր նորմերը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է «աշխարհի մեծագույն տաղանդների օգնությամբ վերակառուցել 850-ամյա տաճարը»: Բացի այդ, նա համազգային դրամահավաք է հայտարարել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: