Հայերեն   English   Русский  

Ապրածս կյանքի ցանկացած օր հուշարձաններին նվիրված օր է...


  
դիտումներ: 2896

Ապրիլի 18-ն աշխարհի շատ երկրներում նշվում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր:

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) հայաստանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանի հետ զրուցել ենք ոլորտի առանձնահատկություններից ու խնդիրներից:

-Պարոն Կարապետյան, հայկական պատմական հուշարձաններն ու տեսարժան վայրերը Ձեր կյանքի անբաժանելի մասն են կազմում արդեն չորս տասնամյակից ավելի: Ի՞նչն է Ձեզ դրդում զբաղվել այս գործով:

-Հուշարձաններն օգնում են, որ ազգն իր հիշողության տերը լինի: Ես՝ իբրև հայ մարդ, պարտականության զգացում ունեմ, որով էլ հենց առաջնորդվում եմ: Դեռ դպրոցական տարիներից արշավների եմ գնացել՝ կարևորելով ճանաչողության հիմնարար նշանակությունը: Միշտ մտածել եմ՝ արշավին մասնակցող մարդը ստանալու է մի բան, որը որոշիչ է դառնալու ողջ կյանքում: Բարեբախտաբար, չնչին բացառություններով հայրենիքը ճանաչող մարդը սկսում է սիրել այն: Այս տարիների ընթացքում եղել եմ Մեծ Հայքի տարածքի ավելի քան 5000 բնակավայրերում, որոշ պատմական գաղթավայրերում՝ վկայագրելով, ուսումնասիրելով պատմական հուշարձանները, որոնց մեծ մասն անգամ արձանագրված չեն: Եթե կարճ ձևակերպեմ՝ սա գործ է, որը սիրով եմ անում:

-Ամենազարմանալին, որ հանդիպել ենք այս տարիների ընթացքում:

-Ամեն մի հուշարձան անկրկնելի է, եզակի: Դժվար է կողմնորոշվելը: Բայց իբրև ժողովրդական ճարտարապետության մտածված, հողի նկատմամբ տածած հարգանքով կառուցապատված բնակավայր՝ առաջին տեղում է Բանանց գյուղը, որը, ցավոք, Հյուսիսային Արցախում է, բռնազավթված և հայաթափ եղած, և հնարավոր չէ այցելել, բայց կան լուսանկարներ, որ ինչ-որ չափով պատկերացում տալիս են: Դա մի անկրկնելի բնակավայր է, որտեղ ոչ մի տուն կառուցված չէ հողի վրա, որովհետև հողի յուրաքանչյուր մետրը խնայված է՝ բերք ստանալու համար: Սա մի եզակի երևույթ է: Ճիշտ է՝ կան որոշ գյուղեր, որ առանձին թաղամասերով նմանվում են Բանանցին, բայց այն ամբողջության մեջ մնում է յուրօրինակ մշակույթի դպրոց, որից անվերջ կարելի էր սովորել:

Սամվել Կարապետյան

-Պատմական Հայաստանի առումով հուշարձանների պահպանման թեման առավել խոցելի է, բայց արդյոք այսօր ներկայիս ՀՀ տարածքում չունենե՞նք հիասթափեցնող փաստեր:

-Յուրաքանչյուր ազգային տեսակ իր հավատքի գաղափարաբանության կրողն է: Մեր տեսակը հարգանք չունի նախնյաց հիշատակների նկատմամբ: Արևմտյան Հայաստան ասելով՝ մատնացույց ենք անում, թե թուրքերն ու քրդերը ինչ են արել 1915-ից հետո մեր հուշարձանների հետ, բայց իրականում անազնիվ կերպով շրջանցում ենք՝ դարից դար մենք ինչպե՞ս ենք վարվել մեր նախնիների հիշատակների հետ: Սեպերով մասնատել խաչքարերը և օգտագործել որպես շինանյութ, արել է քուրդը, բայց պարզվում է՝ քրդից առաջ էլ հայն է արել: 1710-ական թթ. Աստվածատուր Համադանցի կաթողիկոսի նախաձեռնությամբ Հավուց Թառ վանքում կատարված շինարարական աշխատանքների ժամանակ խաչքարերը մասնատվել և օգտագործվել են որպես շինանյութ: Հարց է առաջանում՝ ո՞րն է մեր ու քրդերի տարբերությունը:

-Ի՞նչ միջոցառումների կազմակերպմամբ կարելի է բարձրացնել հայ հասարակության իրազեկվածության մակարդակը:

-Ամեն չարիք սկսում է ապազգային դպրոցից, որի պատճառով ունենք երազանքներ չունեցող հասարակություն, անելիքն ու կոչումը չգիտակցող հայ մարդ, որ լայն հաշվով վատնում է իր կյանքը: Բեկումը տեսնում եմ բացառապես կրթության միջոցով: Պետք չէ հույսը դնել սահմանափակ թվով գիտակցող մարդկանց անհատական լույսի վրա: Մեկ կամ մի քանի դարում մի Նժդեհ միայն կարող է ծնվել, որն ինքն էլ ողբերգություն էր ապրում ապազգային ճահճի մեջ: Դրա համար պիտի կրթես մարդկանց, ստեղծես ազգային կրթօջախներ:

Այսօր մեր իրազեկվածությունը ես զրո եմ գնահատում, ինչը դարեր շարունակ նույնն է եղել: Ազգային դպրոցի բացակայության պատճառով մենք ապրեցնող ճանապարհը չենք բռնել, որը հանգեցնում է անվերջ կորուստների թե´ տարածքային, թե´ ժողովրդագրության առումով: Ցանկացած պահի, երբ այս վիճակը կդիտվի իբրև թերություն, երբ կարժևորվի խնդիրը, միայն այդ դեպքում կարելի կլինի հարցին լուծում տալ: Այնինչ, մենք ունենք անկախությունից ի վեր իրար հաջորդ կրթության նախարարներ՝ մեկը մեկից ապաշնորհ, մեկը մեկից կապ չունեցող ազգային կրթության հետ: Ենիչերիներն էլ հայ ծնողների զավակներ էին, որ կրթվում էին թուրքական հաստատություններում, մեծանում թուրքական ոգով՝ հետագայում ամենաանողոքը լինելով իրենց իսկ ծնողների ու ազգակիցների նկատմամբ: Այսինքն՝ բավական է՝ մարդուն տալ այլ կրթություն, և նա ամեն ինչի ընդունակ կլինի: Մենք, օրինակ՝ խորհրդային վերջին տարիներին 40 տոկոս ենիչերիներ էինք արտադրում, որ մերժում, հեգնում էին ամեն ազգային երևույթ: Այդ ինքնամերժող, ինքնասպառող դպրոցի մետաստազները «վայելում» ենք մինչև այսօր:

-Ներկայիս իշխանությունները Ձեզ որևէ հույս ներշնչու՞մ են հուշարձանների պահպանման գործում որևէ դրական տեղաշարժ ապահովելու հարցում:

-Չկան նախկին և ներկա իշխանություններ. կա մի համընդհանուր ողբերգություն, երբ դարերի ընթացում օտարը հարազատի տեղ է մեզ ներարկվել՝ սկսած դավանանքից: Քաղաքամայր Երևանում տասնյակներով եկեղեցիներ կան, բայց դրանցից ոչ մեկ չի կրում Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անունը: Սա ապազգային նկարագրի չգոյության վիճակագարություն է: Այնտեղ, որտեղ դաշտն ազգային է, այդտեղ մենք բացակա ենք: Այսօր ուղղակի անհրաժեշտ է, որ իշխանությունը ազգային կեցվածք ունենա, ազգային երազանքներ, իդեալներ, նպատակամղված աշխատի, ինքնամոռաց, որովհետև մեր բացն աննկարագրելի է:

-Հնագիտական վայրերի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում ի՞նչ բացառիկ արժեքներ ունենք, որոնցով կարող ենք հպարտանալ:

-Մենք ունենք յուրօրինակ մշակույթ, որի հարգը չգիտենք, որի կրողը չենք, հետևաբար նաև չենք կարող ներկայացնել: Կան սքանչելի հուշարձաններ, բայց հայ ճարտարապետություն ասելով՝ վանք ու եկեղեցի ենք հասկանում և աշխարհին էլ դա ենք ցույց տալիս՝ ձևավորելով սխալ կարծրատիպ: Մինչդեռ մենք ունենք աղբյուրների տեսքով եզակի հուշարձաններ, որ ջրին նվիրված խորը արմատներ ունեցող ճարտարապետական կառույցներ են: Կամ մեր իշխանական ապարանքները, որ ճիշտ է, քիչ են, բայց շատ յուրօրինակ ու մանրազնին են մտածված: Լեռան գագաթին, որտեղ ջուր չկա, բերդի մեջ կա ջրամբար՝ մինչև հիմա ջրով լեցուն, այն դեպքում, երբ աղբյուրը գտնվում է մեկ այլ կիլոմետրերով հեռու լեռան լանջին: Մեկ դույլ ջուր եք վերցնում, վայրկյաններ անց ջուրը բարձրանում է նույն մակարդակին: Սա եզակի գիտություն է: Ես գոնե երեք նման բերդ եմ տեսել: Մեկը Հակառակաբերդն է, որ ցանկության դեպքում կարող է ամեն մեկը տեսնել Արցախի Մարտակերտի շրջանում՝ Չափար գյուղի մոտ գտնվող լեռան գագաթին: Մյուսը Փառիսոսի բերդի մեջ է, որ, ցավոք, Հյուսիսային Արցախում է: Երրորդն էլ գտնվում է Իրանի հայաստանյան գավառներից Ղարադաղում:

-Ի՞նչ գործունեություն է ծավալել 1998-ից Հայաստանում գործող Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը:

-Դեռ 1998-ից շատ տարիներ առաջ մենք նույն գործունեությունն ենք ծավալել: 1998-ին պարզապես պաշտոնականացել ենք, 2010-ին՝ դարձել հիմնադրամ: Փոփոխությունների նպատակը այդ ճանապարհով մեր աշխատանքի ծավալները մեծացնելուն նպաստող նյութական միջոցներ հայթայթելն էր: Մեր գործունեության ընթացքում մշտապես ներկայիս ՀՀ սահմաններից դուրս տարածքների ճանաչողությունն ենք կարևորել՝ մտածելով, որ ԽՄ տարիներին համապատասխան կառույցները շատ հանգիստ կարող էին այստեղ կատարել ուսումնասիրություններ: Ինչ-որ չափով, իհարկե, դրանք արվել են, բայց վերջին տարիներին գոնե ինձ համար պարզ դարձավ, որ, օրինակ՝ Արևմտյան Հայաստանի բազմաթիվ գավառներ շատ ավելի մանրամասն ու խորն են ուսումնասիրված, քան, ասենք, ՀՀ շատ շրջաններ: Սա աբսուրդի ժանրից է:

-Դուք հաճախ եք քննադատում մեր հարևան պետություններում հայկական հուշարձանների նկատմամբ դրսևորած վերաբերմունքը՝ մատնանշելով, որ Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի իշխանությունները նպատակաուղղված կերպով իրականացնում են հայկական հուշարձանների ոչնչացման քաղաքականություն: Ի՞նչ միջոցառումներ եք ձեռնարկել և ձեռնարկում այդ ամենի դեմն առնելու համար:

-Ինչ վերաբերում է Արևմտյան Հայաստանին, որպես երկրամասի, որ գտնվում է մի պետության տարածքում, որի հետ դիվանագիտական հարաբերություններ գոյություն չունեն, բնականաբար, այդ երկրի Մշակույթի նախարարության հետ, ասենք, առնչություններ չենք կարող ունենալ: Բայց մենք ունենք միջազգային դատական ատյաններում Թուրքիայի կամ նույն Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների նկատմամբ կատարվող ոտնձգությունների մասով հայցեր ներկայացնելու հնարավորություն՝ ըստ մեր ունեցած փաստերի, որոնք մեր օրերում շատ կարևոր են: Դրանք մենք մեծ պատրաստակամությամբ ցանկացած հուշարձանի վերաբերյալ կարող ենք տրամադրել այն պետական կառույցին, որը հանձն կառնի այդ դատապարտող աշխատանքները: Սակայն մինչև այսօր մեր կառավարությունը ոչինչ չի արել ու չի անում: Մինչև իսկ համաշխարհային ճանաչում ունեցող Ջուղայի գերեզմանոցի հետ կապված Հայաստանը քայլեր չձեռնարկեց:

Նույն Վրաստանը, ունենալով մեզ հետ դիվանագիտական հարաբերություններ, հետ չի մնում Ադրբեջանից կամ Թուրքիայից հայոց հետքը ոչնչացնելու իմաստով: Տասնամյակներ շարունակ մենք չենք պատժում հանցագործին և չպատժելով խրախուսում ենք: Հիմա Վրաստանում շատ քիչ բան է մնացել հայկական: Եվ գոնե այդ շատ քիչը կարելի է նույնիսկ այսքան հանցագործ ուշացումով փրկել, այնինչ Հայաստանի կառավարությունը նույն անդեմ կեցվածքն է որդեգրել վրացիների հետ խնդիրներ չունենալու պատճառաբանությամբ: Այսօր վրացի մի քանի տասնյակ հայագետներ ուղղակի հակագիտական գործունեություն են ծավալում՝ հետապնդելով մեր մշակույթը սեփականելու միտումներ: Դա այն դեպքում, երբ ես և մեր գրասենյակի մի շարք անդամներ այսօր Վրաստանի համար անցանկալի անձ ենք համարվում, քանի որ մերկացրել ենք հայկական հուշարձանների հանդեպ կատարվող վրացիների բացահայտ հանցագործությունները: Եվ հիմա արդյոք մեր Արտգործնախարարությունը համարժեք արժանապատիվ քայլով չէ՞ր կարող նրանց սրիկա կեցվածքի համար արգելել մի քանի տասնյակ վրացիների մուտքը Հայաստան, ինչպես վարվեցին մեզ հետ մեր արդար գործի համար: Այստեղ պետական նախաձեռնություն է պետք: Մենք ընդամենը հիմնադրամ ենք, ոչ թե պատկան կառույց:

-Որևէ՞ կերպ նշում եք Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը:

-1975-76 թթ մինչև այս վայրկյանը, երբ միասին զրուցում ենք, ապրածս կյանքի ցանկացած օր հուշարձաններին նվիրված օր է...

-Ի՞նչ մտորումներով կամփոփեք զրույցը:

-Իմ երազանքն է ունենալ ազգային դպրոց, որի գոյությամբ միայն կկարողանանք հաղթահարել երկրում առկա խնդիրները:

Արփի Խաչատրյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: