Հայերեն   English   Русский  

Քաղաքապետարան-«Սանիթեք» առճակատումը շարունակվում է, աղբահանության ճգնաժամը՝ խորանում


  
դիտումներ: 211

Մայրաքաղաքում աղբահանության խնդիրները օր օրի ավելանում են, սակայն տեսանելի քայլերի փոխարեն հայտարարություններով են հանդես գալիս՝ քաղաքապետարանը, որը մեղադրում է «Սանիթեք»-ին, «Սանիթեքը», որն իր հերթին զսպվածության կոչ է անում քաղաքապետարանին:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր Կառավարության նիստից առաջ հանդես եկավ հայտարարությամբ, որը վերաբերում էր գործադիրի այսօրվա օրակարգում ընդգրկված՝ քաղաքապետարանին վերաբերող հարցին: Դավիթ Խաժակյանը մեղադրում է քաղաքապետարանին մոտ 25 աղբատար մեքենաների գնման համար հակամրցակցային իրավիճակ ստեղծելու մեջ: Ըստ Խաժակյանի՝ քաղաքապետարանը գնման մրցույթի համար սահմանել է այնպիսի չափորոշիչներ, որոնց պարագայում միայն «Կամազ» և «Մազ» մեքենաներ ներկայացնող ընկերությունը կարող է հաղթել:

«Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից քաղաքապետարանը բանակցում է «Սանիթեքի» հետ քաղաքի աղբահանության վատթար վիճակը լավացնելու համար: Քաղաքապետարանի կողմից հայտարարվել էր, որ պետք է ձեռք բերել նոր մեքենաներ, որոնք կտրամադրվեն «Սանիթեք» ընկերությանը, որպեսզի հնարավոր լինի իրականացնել աղբահանություն: Մեր խմբակցության կողմից եղավ պնդում, որ հայտարարված գնումը չնայած անհարժեշտություն է, որովհետև ռեսուրսի սակավությունը շատ տեսանելի է մայրաքաղաքում աղբահանություն իրականացնելիս, բայց այդ գնումը ուղղված է կոնկրետ մի կազմակերպության, այսինքն գնման մրցույթում կկարողանա հաղթել մեկ կազմակերպություն, քանի որ քաղաքապետարանը հայատարարել է տեխնիկական չափորոշիչներով այնպիսի մրցույթ, որով կարող էր հաղթել միայն «Կամազ» մակնիշի մեքենան: Մենք ասում ենք, որ 900 միլիոն դրամանոց գնումը նման կերպ իրականացնելը ճիշտ չէ, և այն պետք է լինի բացարձակ օրինական»,-ասաց Խաժակյանը:

Ըստ վերջինիս՝ իրենք դիմել են քաղաքապետին՝ հորդորելով փոխել մրցույթի չափորոշիչները, բայց ամեն ինչ գնացել է այլ ուղղությամբ. կազմակերպությունները սահմանված չափորոշիչների պատճառով չեն կարողացել մասնակցել մրցույթին, և գնումների բողոքարկման խորհրդի ներակայացուցիչները բացասական գնահատական են տվել տեխնիկական պահանջներին, որից հետո գնման գործընթացը կասեցվել է, և քաղաքապետարանը պարտավորվել է այնպիսի տեխնիկական չափորոշիչներ սահմանել, որ մեկից ավելի մասնակիցներ կարողանան մասնակցել մրցույթին, հակառակ դեպքում գնումը համարվելու է անօրինական և հայտարարվելու է նոր մրցույթ:

Սակայն այս որոշումը վիճարկելու համար քաղաքապետարանը դիմել է դատարան, իսկ դատարանի վճիռը անորոշ ժամանակ հետո է պարզ լինելու: Դրանից հետո քաղաքապետարանը դիմել է Կառավարություն, և Կառավարությունը իր այսօրվա օրակարգում քննարկելու է այն հարցը, որ պետք է թույլ տալ քաղաքապետարանին կատարել մեքենաների գնման գործընթացը՝ աղբահանության ճգնաժամային իրավիճակին լուծում տալու համար:

«Իհարկե այսօր այնպիսի օրհասական իրավիճակ ստեղծեցին աղբահանության հետ կապված, որ մենք չենք կարող պնդել, որ գնում չկատարեն, կամ որ Կառավարությունը դեմ քվեարկի, սակայն բոլոր այն պաշտոնական անձիք, ովքեր ստեղծված իրավիճակի պատասխանատուներն են, նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասում է Դավիթ Խաժակյանը:

Խաժակյանը նաև նշեց, որ չնայած քաղաքապետարանը «Սանիթեքին» աշխատանքի համար 5.2 մլրդ դրամ է վճարում, նաև 25 մեքենա է գնում և տալիս ընկերությանը՝ լրացուցիչ ծախսեր անելով:

Հիշեցնենք, որ օրեր առաջ քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում ներողություն էր խնդրում քաղաքացիներից աղբահանության վիճակի համար և խոստանում էր առաջիկայում իրավիճակի լավացում: Ժամեր առաջ հայտարարությամբ է հանդես եկել նաև «Սանիթեք» ընկերությունը, որը քաղաքապետարանին կոչ է անում պահպանել կոռեկտության սահմանները և հանրությանը օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրել: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Հաշվի առնելով վերջին օրերին մամուլում աղբահանության և «Սանիթեք» ընկերության հետ կապված բազմաթիվ հրապարակումները, ինչպես նաև քաղաքապետարանի կողմից տարածված հայտարարությունն առ այն, որ ընկերության նկատմամբ կիրառվել է տուգանք` քաղաքապետարանին կոչ ենք անում լինել օբյեկտիվ և հրապարակել նաև այն նամակները և նախազգուշացումները, որոնք «Սանիթեք» ընկերությունը դեռևս նախորդ տարվանից սկսած ուղղել է քաղաքապետարանին` պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելով աղբահանության ծառայությունների մատուցմանը խոչընդոտող խնդիրների և հանգամանքների վրա: Ավելին, նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում կայացել են մի շարք հանդիպումներ ու բանակցություններ, և առկա են դրանց վերաբերյալ արձանագրություններ, որոնցում ամրագրված է, որ ընկերությունը բազմիցս տեղեկացրել է առկա խնդիրների մասին և զգուշացրել, որ անհապաղ լուծում չտալու դեպքում Երևան քաղաքը կկանգնի աղբահանության ճգնաժամի խնդրի առաջ, ինչին և այսօր ականատես ենք լինում։

Տեղեկացնում ենք նաև, որ ընկերության կողմից վերհանված խնդիրները մինչ օրս չեն ստացել պատշաճ լուծումներ, իսկ «Սանիթեք» ընկերությունը կրել ու շարունակում է կրել ահռելի վնասներ և կորուստներ որպես օտարերկրյա ներդրող, որոնք դուրս են ընկերության պատասխանատվության շրջանակներից: «Սանիթեք» ընկերությանը` որպես օտարերկրյա ներդրողի, Հայաստանում մշտապես պետք է տրամադրվի առավել բարենպաստ ռեժիմ և արդար ու հավասար պաշտպանություն:

Ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս «Սանիթեք» ընեկրության հիմնական խնդիրն է Երևանի և երևանցիների բարօրության ապահովումը. հենց դրան պետք է ուղղված լինեն մեր բոլորի ջանքերը: Աղբահանության գործընթացում առկա խնդիրների պատճառների մասին գիտեն բոլորը. խնդիրները, որոնց հետ իր գործունեության հենց սկբից բախվում է ընկերությունը, ինչպես նաև այն վնասները, որոնք կրել ու կրում է ընկերությունը, մանրամասն ներկայացվել են պատկան մարմիններին և ընդունվել ի գիտություն, որի արդյունքում փետրվար ամսին հայտարարվել էր աղբատար մեքենաների գնման գործընթաց (տենդեր), որի հետ կապված առկա էր նախնական պայմանավորվածություն այդ մեքենաները «Սանիթեք»-ին վարձակալության հանձնելու վերաբերյալ: Այս լուծման տարբերակն իրականություն չդարձավ, բայց կան բազում այլ լուծումներ, եթե կա ցանկություն դրանք լուծելու ու կողմերի միտումներն արդար են: Կողմերը պետք է հավասարապես պաշտպանված լինեն օրենքի տեսանկյունից և հնարավորություն ունենան բարձրաձայնելու այն խնդիրների մասին, որոնց բախվում են: Մեղադրանքը հարցի լուծում չէ, հարցի լուծումը` փոխադարձ համաձայանությունն է։

Ի հավելումն ամենին՝ ևս մեկ անգամ խնդրում ենք մեր գործընկերոջը պահպանել կոռեկտության սահմանները և հանրությանը ներկայացնել միմիայն օբյեկտիվ տեղեկատվություն, այլ ոչ միակողմանի ու ի շահ Երևանի քաղաքապետարանի։

«Սանիթեք» ընկերությունը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ ամբողջապես ապաքաղաքական ընկերություն է և ոչ մի քաղաքական վայրիվերումների չի ենթարկվում, այնպես որ խնդրում ենք մեր անունը չօգտագործել հավելյալ քաղաքական դիվիդենտներ ստանալու համար»,-նշված է հայտարարության մեջ:

Քաղաքապետարանը քիչ անց ևս հանդես կգա հայտարարությամբ՝ Երևանում աղբահանության կազմակերպման, աղբատար մեքենաների գնման գործընթացի վերաբերյալ, որի մասին կտեղեկացնենք քիչ ուշ:

Լիանա Եղիազարյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: