Հայերեն   English   Русский  

​Կառավարությունը թույլատրեց քաղաքապետարանին ձեռք բերել աղբատար մեքենաներ


  
դիտումներ: 215

Այսօր Երևանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հայտարարությունից հետո մամուլի ասուլիսով հանդես եկավ նաև քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Ըստ նրա՝ աղբահանության լիարժեք աշխատանքը իրականացնելու համար ձեռք բերվող մեքենաների և դրանց հետ կապված այլ հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը միշտ բաց է եղել, և բոլորը, այդ թվում նաև ընդդիմադիր քաղաքական ուժերը, հնարավորություն են ունեցել ծանոթանալու դրան:

«Պետք է խոստովանել, որ աղբահանության հետ կապված քաղաքապետարանը այսօր նեղն է ընկել և, այդ իսկ պատճառով, պետք է հրատապ գործողությունների դիմել, որոնցից է մեքենաների ձեռք բերումը, բայց դա անում ենք բաց ու թափանցիկ եղանակով»,-ասել է Հակոբ Կարապետյանը:

Աղբահանության օրհասական վիճակի մասին պարզաբանումներ տալու համար Կառավարության այսօրվա նիստին հրավիրվել էր քաղաքապետ Հայկ Մարությանը: Ըստ վարչապետ Փաշինյանի՝ Մարությանը պաշտոնը զբաղեցնելուց հետո աղբահանության խնդրի հետ կապված անընդհատ հայտնվում է ճգնաժամային իրավիճակներում:

Հայկ Մարությանը Կառավարությանը ներկայացրեց իրավիճակը և իրենց առաջարկած լուծումները: Ըստ Մարությանի «Սանիթեք» ընկերության մեքենաների վատ վիճակն է պատճառը, որ բավարար չափով աշխատանքներ չեն կատարվում, և դրա համար իրենք ընկերությանը ոչ միայն տուգանել են 13 միլիոն դրամով, այլև զգուշացրել են, որ անսարք մեքենաների նման աշխատանքը այլևս չի կարող շարունակվել: Սակայն «Սանիթեքից» պատասխանել են, որ ֆինանսական վատ վիճակի պատճառով իրենք հնարավորություն չունեն նոր մեքենաներ ձեռք բերել, կամ մեքենաների վերանորոգման համար գումար հատկացնել:

Մարությանը նշեց, որ հիմա Երևանում, չնայած աղբահանության վիճակը վատ է, բայց այն կրիտիկական սահմանին դեռ չի հասել և այդ սահմանին չհասնելու համար պետք է արագ գործել:

«Մենք դատարանում բողոքրկել ենք գնումների բողոքարկման խորհրդի կայացրած որոշումը, քանի որ այն արդարացի չի եղել, և չնայած դեռ երկար գործը կքննվի դատարանում, բայց մեզ թույլատրվել է իրավիճակից ելնելով շրջանցել Գնումների բողոքարկման խորհրդի որոշումը և շարունակել աշխատել մեքենաների ձեռք բերման ուղղությամբ»,-ասաց Մարությանը:

Կառավարությունը միաձայն որոշեց թույլատրել քաղաքապետարանին ձեռք բերել 15 աղբատար մեքենա, մինչև կկայացվի դատարանի որոշումը և ձեռք կբերվեն նաև մնացած անհրաժեշտ մեքենաները:

Լիանա Եղիազարյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: