Հայերեն   English   Русский  

​Մնջոյանի անվան ինստիտուտի աշխատակիցների բարձրացրած խնդիրները չեն ստանում անհրաժեշտ լուծումներ


  
դիտումներ: 3129

ՀՀ Կառավարության 2019 թվականի մարտի 29-ի թիվ 334-ա որոշումը սկզբում զարմացրել, ապա ոտքի է հանել Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի լաբորատորիայի աշխատակիցներին։

Մնջոյանի անվան ինստիտուտ

Ըստ Կառավարության կայացրած որոշման լաբորատորիայի մասնաշենքը 25 տարով վարձակալության է տրվում «ԱԶԱԴ Ֆարմասյութիքլզ» շվեցարական մասնավոր ընկերությանը։ Ինստիտուտի աշխատակիցները բողոքով անցած շաբաթ հասել էին Կառավարության շենքի մոտ, սակայն անցկացված բողոքի ակցիային մինչ օրս ոչ ոք չի արձագանքել պատկան մարմիններից։

Ինստիտուտի տնօրեն Վիգեն Թոփուզյանն ասում է, որ մասնաշենքի երրորդ հարկը արդեն մի քանի տարի է, ինչ զբաղեցված է «ԱԶԱԴ»-ի կողմից, իսկ այս որոշմամբ նրան են անցնում նաև առաջին և երկրորդ հարկաբաժինները։

«Առանց այն էլ արդեն 30 տարի է պետությունից ոչ մի կոպեկ չենք ստացել մասնաշենքը վերանորոգելու համար։ Մենք ենք միջազգային պայմանագրեր կնքում, գումար հայթայթում, վերանորոգման աշխատանքներ ենք անում, իսկ հիմա մեզ ասում են դուրս եկեք ձեր զբաղեցրած տարածքից։ Կառույցը անհատույց տրված է ինստիտուտին: Իիհարկե այն պետությանն է պատկանում, բայց դա չի նշանակում, որ մեզ հետ կարող են ցանկացած պահի անել այն, ինչ ուզում են»,-ասում է Թոփուզյանը։

Ինստիտուտի աշխատակիցները դեմ չեն, որ «ԱԶԱԴ» շվեցարական կազմակերպությունը գործունեություն ծավալի Հայաստանում, բայց ըստ նրանց էթիկապես ճիշտ չէ արդեն իսկ այդ տարածքում աշխատողներին ասել դուրս եկեք հիմա մենք ենք այստեղ աշխատելու։ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուի աշխատակիցները նշում են, որ հիմա բազմաշերտ գործունեություն են ծավալում՝ դեղորայքների արտադրություն, գրքերի հրատարակություն։ Ինստիտուի կողմից այժմ 5 անուն դեղ է արտադրվում, որոնք ոչ միայն մեր երկրում են սպառվում, այլև արտահանվում են մի շարք երկրներ։ Բացի այդ ինստիտուտը մի քանի միջազգային պայմանագրեր ունի կնքած, որոնց ժամկետը դեռ չի ավարտվել։

«Մենք, որպես պետական կազմակերպություն, ամեն ինչ անում ենք, որ պահպանենք ունեցածը ու հնարավորության դեպքում առաջ գնանք: Բայց մեր թե´ այսօրվա, թե´ նախկին բոլոր Կառավարությունների կողմից ոչ միայն չի գիտակցվում գիտության անհրաժեշտությունը, ոչ մի պետական պատվեր, ֆինանսավորում չի տրվում, պատշաճ ուշադրություն չի հատկացվում, այլև անընդմեջ խոչընդոտում են մեր բնականոն աշխատանքը: Մեզ ծանուցվել է, որ երկու ամիս ժամանակ ունենք մասնաշենքը ազատելու համար, սակայն ծանուցողները չգիտեն, թե քիմիական լաբորատորիայի տեղափոխումը ինչքան ծանր ու բարդ գործընթաց է, այդքան քիմիական նյութերի տեղափոխումը լուրջ աշխատանքներ է պահանջում, որպեսզի չփչացնենք տարիներ շարունակ սինթեզված նյութերը»,-ասում է Վիգեն Թոփուզյանը:

Ըստ Աշխատողների իրավունքների պաշտպանության գրասենյակի փաստաբան Սուրեն Պարսյանի՝ որոշումը իրավական տեսանկյունից մի շարք բացեր ունի: Նախ հաշվի չեն առնվել ինստիտուտի աշխատակիցների շահերը, և հետո ամիսներ առաջ այս հարցը քննարկելու համար կազմվել է հանձնաժողով, որի կազմի մեջ եղել են ներկայացուցիչներ Կրթության և գիտության նախարարությունից, Գույքի կառավարման վարչությունից, Մնջոյանի անվան ինստիտուից, նաև «ԱԶԱԴ» ընկերությունից, և այդ հանձնաժողովը չի կայացրել իր վերջնական որոշումը, որով պետք է մասնաշենքը տրվի մասնավորին: Փաստաբանը նաև խախտումներ է տեսնում մասնաշենքի վարձակալության գումարների հետ կապված:

«2014թ.-ին առաջին հարկը տրամադրվել է ամսական 790 հազար դրամ վարձավճարով, հիմա, այս կառավարության որոշումով, երեք հարկերը տրամադրվելու են 1 միլիոն 200 հազար դրամով: Այստեղ կան կոռուպցիոն ռիսկեր, քանի որ կառավարությունը ուղղակի ամբողջ մասնաշենքը հանձնել է «ԱԶԱԴ» շվեյցարական դեղագործական ընկերությանը: Եվ եթե նախկինում վարձավճարները տրամադրվում էին ինստիտուտին, ապա այս որոշումով դրանք գնալու են պետական բյուջե»,- մանրամասնում է Սուրեն Պարսյանը:

«Արդեն 6 ամիս է մեր գլխի տակ փափուկ բարձ էին դնում: Ամիսներ առաջ, երբ հարցը սկսվեց քննարկվել, մենք նամակ ուղարկեցինք նախագահին, վարչապետին, որպեսզի մեզ չհանեն մասնաշենքից: Դրանից հետո պատասխան նամակ ստացանք Գույքի կառավարման վարչությունից, որ «ԱԶԱԴ» ընկերությանը առաջարկվել է այլ տարածք, որի շուրջ բանակցում են: Բայց հիմա մենք կանգնել ենք նման խնդրի առաջ, և եթե այս քաղաքականությունը շարունակվի նույն տեմպերով, ապա մոտ ապագայում ամբողջ ինստիտուտը կանցնի մասնավորին»,-նշում են Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցները:

Կառավարությունը իր այս որոշումը բացատրում է նրանով, որ «ԱԶԱԴ» ընկերությունը պարտավորվել է 300 միլիոն դրամի ներդրումներ անել, վերանորոգել մասնաշենքերը: Իսկ հենց «ԱԶԱԴ» ընկերության ներկայացուցիչները ասում են, որ իրենք ոչ մեկի հետ հակամարտության մեջ չեն ցանկանում մտնել, պարզապես իրենց աշխատանքի համար տեղ է հարկավոր, որն էլ Կառավարությունը հատկացրել է:

Մնջոյանի ինստիտուտը այժմ լուրջ խնդրի առաջ է կանգնած: Եթե դուրս գան մասնաշենքից և չկարողանան ավարտին հասցնել միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, ապա մեծ գումար ստիպված կլինեն վճարել պայմանագրերի մյուս կողմերին:

«Այժմ մենք շարունակում ենք նոր համագործակցությունների առաջարկներ ստանալ, բայց վախենում ենք ստորագրել նոր պայմանագրեր, քանի որ անորոշության մեջ ենք գտնվում: Մենք չգիտենք, թե վաղը մեզ կհանեն ու քոչվորի նման ուր կուղարկեն»,-նշում է Վիգեն Թոփուզյանը:

Լիանա Եղիազարյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: