Հայերեն   English   Русский  

​Հայ խոհարարները ազգային ուտեստներով զարմացրել են արտասահմանյան ժյուրիին


  
դիտումներ: 205

Հայ խոհարարները փորձում են տարբեր երկրներում անցկացվող մրցույթների ընթացքում իրենց խոհարարական դիվանագիտությամբ հասնել ազգային ուտեստների ճանաչմանն ու մեր հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների արմատավորմանը:

Վերջին նման մրցույթից, որն անցկացվել է Դաղստանում, մեր խոհարարները վերադարձել են մեդալային մեծ ավարով՝ 1 ոսկի, 1 արծաթ և 2 բրոնզ: Մրցույթին ավելի քան 24 երկրի ներկայացուցիչներ են մասնակցել: Հայաստանը ներկայացրել են Յուրի Սարգսյանը, Էդիկ Սիմոնյանը, Արմեն Քեֆիլյանը և Գարիկ Ղազարյանը: Բողկից, նուշից ու մեղրից պատրաստված Անիի քաղցրավենիքը զարմացրել է մրցույթի ժյուրիին, իսկ հայ մասնակիցներին պարգևել է առաջին հորիզոնականը: «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը, որը Դաղստանում անցկացված մրցույթում եղել է ժյուրիի անդամ, նշում է, որ նման մրցույթների մասնակցությունը ոչ միայն ճանաչելիություն է բերում թե´ երկրին, և թե´ ազգային կերակրատեսակներին, այլև օգնում է լավացնել հարաբերությունները հարևան պետությունների հետ:

«Մրցույթից հետո ինձ մոտեցավ Ադրբեջանի ներկայացուցիչը ու շնորհակալություն հայտնեց, որ իրենց ուտեստին ցածր գնահատական չեմ տվել: Ես զարմացած հարցրի՝ եթե իրենք լինեին իմ փոխարեն ցա՞ծր կգնահատեին: Ընդհանրապես խոհարարական միջավայրը բավականին հաշտ է, եթե չլինեն որոշ մարդիկ, ովքեր քաղաքականացնում են նույնիսկ խոհանոցը: Այդ դեպքում նրանց մոտ միայն ստացվում են քաղաքականահոտ և քաղաքականահամ ուտեստներ»,-ասում է Մամուլյանը:

Բացի այս մրցույթից վերջերս հայ խոհարարները մասնակցել են նաև Եգիպտոսում կայացած Culinary Taste of Culture միջազգային էքսպոյին: «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի տնօրեն Արբի Կարխանին, ով խոհարար Արայիկ Ամզայանի հետ ներկայացրել է Հայաստանը, նշում է, որ մրցույթը ունեցել է իր բարդությունները, քանի որ առաջին փուլում մնացած 18 երկրի ներկայացուցիչների հետ մի վայրում ուտեստներ են պատրաստել 800 հոգու համար, իսկ արդեն երկրորդ հատվածում մեր մասնակիցներին հաջողություն են բերել ազգային կերակրատեսակները՝ գաթա, Անիի քաղցրավենիք, արցախյան հագանի, Վանի քաշովի, և իհարկե Հայաստանից տարված լավաշ:

Սեդրակ Մամուլյանը նշում է, որ առաջիկայում լուրջ աշխատանքներ են տանելու ազգային խոհանոցը ներկայացնելու համար:

«Երբ ուսումնասիրում ենք մեր տարածաշրջանը, հասկանում ենք, որ ոչ մի երկիր չունի այն ռեսուրսը, որը ունի մեր ազգային խոհանոցը: Առաջիկայում ցանկանում ենք ազգային խոհանոց ապրանքանիշ ստեղծել, որի մեջ կմտնեն մեր բոլոր ուտեստները: Պետք է փորձենք խորովածաքյաբաբային միջավայրից դուրս գալ և ներկայացնել հայկական խոհանոցի հարստությունները»,-հավելեց Մամուլյանը:

Լիանա Եղիազարյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: