Հայերեն   English   Русский  

​Ազգային ժողովում բուռն էր նաև այսօր


  
դիտումներ: 346

Այսօր տեղի ունեցավ Ազգային Ժողովի քառօրյայի հերթական լիագումար նիստը, որի օրակարգում կրկին քննարկվում էր Կառավարության կառուցվածքի փոփոխության հարցը:

Այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պահանջով քվեարկության էր դրվել նաև Ատոմ Ջանջուղազյանի պաշտոնավարումը ֆինանսների նախարարի պաշտոնում վերանայելու հարցը, որը սակայն չանցավ։ Այս նախագիծը առաջարկելիս Էդմոն Մարուքյանը պնդում էր, որ նախարարն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել ԱԺ-ի հանդեպ:

«Ես կուզենայի, որ հստակ և մեկընդմիշտ այս հարցը որոշակիացվի: Հարգանքը ինստիտուտի նկատմամբ չունի այլընտրանք, թե որպես ամբողջական ԱԺ, թե խմբակցություն, թե որպես առանձին վերցրած պատգամավոր, որովհետև նրանցից յուրաքանչյուրը ինստիտուտ է: Այս ամենը այլ կերպ ընկալել, քան շահարկման փորձ, դժվար է»,-իր հերթին ասել է Ջանջուղազյանը:

Ինչպես նախորդ օրերին, այսօր ևս քննարկումները ժամանակ առ ժամանակ վերածվեցին բանավեճերի: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը մեղադրեց ընդիմադիր պատգամավորներին նորաստեղծ Կառավարության անդամներին անընդհատ անտեղյակության մեջ կասկածելու համար:

«Անընդհատ փորձ է արվում Կառավարության նոր աշխատողներին պիտակավորել: Պետք է հիշողություն ունենալ ու հիշել, որ սեփական խմբակցության ղեկավարը, լինելով 16 տարվա պատգամավոր, այս ամբիոնից առաջին անգամ ելույթ է ունեցել այս տարվա հունվարին, իսկ խմբակցությունից միշտ 5-6 հոգի են ելույթ ունենում»,-իր ելույթի ժամանակ ասաց Վահագն Հովակիմյանը:

Ի պատասխան՝ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը կոչ արեց տեսնել, թե «Իմ քայլի» 88 պատգամավորներից քանիսն են մշտական ելույթ ունենում:

«Պարոն Հովակիմյան ինչպե՞ս եք Ձեզ թույլ տալիս մարդուն անվանարկել՝ առաջին անգամ ելույթ ունեցավ, երկրորդ անգամ ելույթ ունեցավ: Ձեր չափը ճանաչեք: Մենք չենք եկել այստեղ թատրոն ցույց տալու և մարդկանց անվանարկելու համար»,-ասաց ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Անդրադառնալով Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագծին՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրենց ներկայացրած 8 առաջարկները մերժվել են և իրենք դեմ են քվեարկելու նախագծին:

ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը նշեց, որ Կառավարության թե´ կառուցվածքի փոփոխությունը, թե´ ներկայացված ծրագրի թերությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ տնտեսական հեղափոխությունն անհնար է իրականցնել, և այդ իսկ պատճառով «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ևս դեմ է քվեարկելու առաջարկած նախագծին:

Չնայած ընդդիմադիր երկու խմբակցությունների դեմ քվեներին՝ առաջին ընթերցմամաբ 71 կողմ 40 դեմ ձայներով ընդունվեց Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Լիանա Եղիազարյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: