Հայերեն   English   Русский  

Մանսուրյանի նոր ստեղծագործությունը` հատուկ «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համար


  
դիտումներ: 922

Տիգրան Մանսուրյանի «Երևան» նոր ստեղծագործությունը գրված է հատուկ «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համար:

Հենց այս սենյակում են հնչել երաժշտության առաջին նոտարներն ու գարնանային երեկոները լուսավորել մանսուրյանական ներշնչանքով:

«Ինձնից շատ ժամանակ չի պահանջվել, որպեսզի գոյանա այս երգը: Մտքում անվերջ ունեի երեխաների զրնգուն ձայները, և հատկապես՝ բնության մեջ, կանաչ տարածքում. վերևից թռչուններն են երգում, ներքևում՝ երեխաները: Այդպիսով մի երգ՝ նվիրված Երևանին»,- ընդգծում է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

Պատանեկան սիմֆոնիկ նվագախումբ ունենալու գաղափարը մաեստրոն համարում է մշակութային կարևոր քայլ և յուրօրինակ մկրտություն, որ ստանձնել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչությունը:

«Իմ պարտքը համարեցի միանալ քաղաքի նոր իրադրությանը և լինել երիտասարդների կողքին»,-ասում է Տիգրան Մանսուրյանը:

Վերջին շտկումներ, մակագրում և ժամանակն է շարժվելու: Առջևում մաեստրոյի, նվագախմբի ու «Երևան» ստեղծագործության առաջին հանդիպումն է:

Անհանգիստ են նաև երեխաները: Մաեստրոն արդեն դահլիճում է, տեղավորվում է ետևի շարքերում: Բայց սա՝ միայն առաջին րոպեներին:

Նվագախմբի կազմում Երևանի երաժշտական և արվեստի 25 դպրոցների 8-16 տարեկան 120 սաներ են: Մեծ է նաև երգչախումբը. շուրջ 300 հոգանոց մանկապատենական ստեղծագործական կոլեկտիվի երկացանկում կհնչեն բացառապես հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ, այդ թվում՝ Կոմիտասի Պատարագից «Սուրբ, Սուրբ» հատվածը, «Հայաստանը», էդգար Հովհաննիսյանի «էրեբունի -Երևանը», նաև Միրզոյանի «Շուշանիկը», Անուշավան Տեր Ղևոնդյանի «Ախթամարն» ու Մանսուրյանի կինոմեղեդիները:

«Ցանկացած ստեղծագործողի, առավել ևս պատանիների համար երևի թե երազանքի նման է, երբ իր փորձին ներկա է լինում անձամբ Մանսուրյանը: Կարծում եմ՝ այս օրը դեռ երկար կմնա նրանց հիշողությունում»,- նկատում է Տիգրան Վիրաբյանը:

Պատանեկան նվագախումբ ունենալու փորձեր քաղաքապետարանն արել է: Սակայն այս ծրագրի շնորհիվ Երևանը կունենա մշտական նվագախումբ, որի ծախսերը կհոգա համայնքը:

«Որդեգրել ենք մի քաղաքականություն. զատել լավագույններին և նրանց համար նոր հնարավորություններ ստեղծել: Այս առումով ծրագիրը նաև ուսուցողական բնույթ ունի, որպեսզի սերնդափոխության ժամանակ կրտսերները ձգտեն լինել լավագույն և ընդգրկվեն այս կոլեկտիվի կազմում»,- նշում է Տիգրան Վիրաբյանը:

Հնչում է երկար սպասված «Երևանը» ստեղծագործությունը: Խոսքերի հեղինակը Կարեն Անտաշյանն է:

«Մանսուրյանի նորստեղծագործությունը, որը նվիրել է մեզ, մեծ պատիվ է: Մաեստրոն սիրում է եթերային գույներ, և շատ համապատասխանում է այս գործիքավորումը. միայն լարայիններ, ֆլեյտաներ և կլառնետ: Զգում ես, որ մարդն ապրել է այս ստեղծագործությունը և մի տեսակ ոչ երկրային բան կա»,- նշում է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, նաև պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Հարություն Արզումանյանը:

«Երեխաները պրոֆեսիոնալներ են ու գիտեն իրենց աշխատանքի ամբողջ էությունը: Պետք է աշխատենք, կատարելագործենք, գեղարվեստական մարմին տանք: Երբ լսում էի, գիտեի ու զգում էի, որ ճիշտ է, այսպես պետք է հնչի երգը՝ առանց ավելորդ հուզականության, մաքուր ապրում»,- ընդգծում է Տիգրան Մանսուրյանը:

Նվագախմբի առաջին համերգը կկայանա հուլիսին՝ նվիրված Կոմիտասի 150 և Մանսուրյանի ծննդյան 80-ամյակներին: Երևանյան բեմելից հետո նվագախումբը համերգներով հանդես կգա նաև Հայաստանի մարզերում և Արցախում:

«Գիտեք, որ քաղաքապետ Հայկ Մարությանը Մանսուրյանի ծննդյան օրը խոստացավ, որ տարին լինելու է մանսուրյանական, և մենք հիմա խոստման հետքերով փորձում ենք ամեն ինչ անել: Այս համերգային ծրագիրը ընդամենը մի մասն է այն մեծամասշտաբ ծրագրերի, որ մենք իրականացնելու ենք Մանսուրյանի 80-ամյակի միջոցառումների շրջանակում»,- նշում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:

Այս հանդիպումը պատանիները դեռ երկար կհիշեն որպես իրենց կյանքի պատմական ու գուցե նաև բեկումնային օր:

Մաեստրոն երեխաներին հրաժեշտ չտվեց. մինչ նոր հանդիպում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: