Հայերեն   English   Русский  

​«Արմենիկում»․ ո՞վ կշարունակի պայքարը


  
դիտումներ: 1361

Երեկ հողին հանձնեցին «Արմենիկում» ծրագրի ղեկավար Լևոն Գևորգյանին։ Նրա մահվան լուրը հրապարակվեց որոշ լրատվամիջոցներում, պաշտոնական ցավակցություններ չհնչեցին, բացառությամբ Հանրային խորհրդի, որն իր ցավակցական հեռագրում հույս հայտնեց, որ Լևոն Գևորգյանի սկսած գործը կիսատ չի մնա, իսկ Հանրային խորհուրդն այդ հարցում իր ջանքերը կներդնի։

Ի վերջո, ի՞նչ էր «Արմենիկումը», մի՞ֆ, թե՞ իսկապես հանճարեղ բացահայտում, որը կարող էր հեղափոխություն կատարել դեղագործական ինդուստրիայում և դառնալ Հայաստանի այցեքարտերից մեկը։ Այս հարցի պատասխանն այսօր դժվար է տալ, բայց վստահաբար կարելի է ասել, որ «Արմենիկումն» իր արժանի տեղը գրավելու է եթե ոչ Հայաստանում, ապա մեր երկրի սահմաններից դուրս։

1998 թվականին Արմենիկումի մուտքը հայկական դեղագործական շուկա ազդարարվեց մեծ շուքով ու չափազանցված խոստումներով, և հենց այդտեղ էլ դրվեց դեղամիջոցի ապագան խորտակելու հիմքը։

Դեղամիջոցի փիար ակցիան ի սկզբանե սխալ ուղղությամբ գնաց՝ արհեստականորեն ուռճացվելով, հիմնվելով համաշխարհային սենսացիա ստեղծելու և միջազգային հանրության ուշադրությունը սևեռելու կարճաժամկետ էֆեկտիվության վրա։ Խոստումները, որ Արմենիկումը բուժում է դարի հիվանդությունը՝ սպիդը, չարդարացան, իսկ հետևանքը եղավ այն, որ բացառիկ հատկություններով օժտված դեղամիջոցը մղվեց երկրորդ պլան, և դրա նկատմամբ հետաքրքրությունը մարեց։ Մինչդեռ պետք էր նախևառաջ դեղամիջոցը փորձարկել առանց ավելորդ աղմուկի, անգամ զգույշ ու գաղտնի՝ լրջորեն ուսումնասիրելով, հասկանալով ողջ էությունն ու հեռանկարները, որից հետո միայն բարձրաձայնել դրա անփոխարինելիության մասին։ Իսկ որ այն բազմաթիվ հիվանդությունների դեպքում իսկապես անփոխարինելի է և ունի չբացահայտված հսկայական պոտենցիալ, հաստատ է։

Արմենիկումը եզակի պրեպարատ է՝ օժտված իմունամոդուլացնող, հակաբորբոքային, հակավիրուսային և հակաբակտերային եզակի հատկություններով, և եթե նույնիսկ այն 100 տոկոսով չի բուժում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, ապա երկարացնում ու թեթևացնում է հիվանդների կյանքը՝ բուժելով նման հիվանդության դեպքում առաջացող բազմաթիվ հարակից հիվանդությունները, որոնք չբուժելու դեպքում արագ մահն անխուսափելի է։

Դեղամիջոցն արդյունավետ ազդեցություն է գործում իմունային անբավարարությամբ ուղեկցվող մի շարք այլ հիվանդությունների դեպքում՝ համակարգային կարմիր գայլախտ, վիրուսային հեպատիտ «C», հետճառագայթային այրվածքներից առաջացած վերքեր, պառկելախոցեր, օնկոլոգիական վիրահատություններից հետևանքով առաջացած բորբոքումներ,մաշկային ախտահարմամբ մի շարք հիվանդություններ և այլն։

Արմենիկումը պաշտոնապես գրանցված է նաև Ռուսաստանում։ Վերջին փորձարկումները Ռուսաստանի որոշ կլինիկաներում փաստել են, որ Արմենիկում քսուքը դրական ազդեցություն է թողնում արգանդի վզիկի նախաքաղցկեղային ախտանիշների ժամանակ՝ կանխելով քաղցկեղի առաջացումը:

Կան փաստեր, որ դեղամիջոցի շնորհիվ հնարավոր է եղել փրկել Н1N1 (խոզի գրիպ) վիրուսով վարակված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների կյանքը: Կան օրինակներ շաքարային դիաբետ հիվանդության ժամանակ քսուկի միջոցով վերջույթների անդամահատումը կանխելու դեպքերի վերաբերյալ, և այս շարքը կարելի է երկար թվարկել։

Վարկածներից մեկը, թե Արմենիկումի ձախողմանը նպաստել է հրեական դեղագործական մաֆիան, որը խոչընդոտել է դեղամիջոցի մուտքը միջազգային շուկա, նույնպես բացառված չէ։ Համենայնդեպս, «Արմենիկում» ծրագրի գիտական ղեկավար, դեղաբան, ակադեմիկոս ԷմիլԳաբրիելյանն այս առումով լուրջ մտահոգություններ է ունեցել, միաժամանակ նա ասել է․ «Եթե այս գիտակիրառական ծրագիրը համբերություն ունենան մինչև վերջ տանելու և զարգացնելու, այն վերջում կրկին նույն բումն է առաջացնելու»:

Այո, Արմենիկումը զուտ դեղմիջոց չէր, այն գիտակիրառական ծրագիր էր, նոր խոսք դեղագործության պատմության մեջ։ Լուսահոգի ակադեմիկոսը, որը հավատում էր Արմենիկումի ապագային, 2010 թվականից մեզ հետ չէ։ Ցավոք, այլևս մեզ հետ չէ նաև Արմենիկումի ղեկավար Լևոն Գևորգյանը, որն իր ողջ կյանքը ներդրել էր այս գործում և վերջին տարիներին նրան մի հարց էր հուզում՝ Արմենիկումը մեր պետությանը պե՞տք է, թե՞ոչ:

Դատելով նախորդ իշխանությունների վերաբերմունքից՝ ոչ։ Համենայնդեպս, մեկ տարի առաջ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն առաջ քաշեց «Արմենիկում» կլինիկական կենտրոնի ֆինանսավորումը դադարեցնելու և բուժհաստատությունը փակելու հարցը։ Հանրային խորհրդում ոլորտի ազդեցիկ ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած բուռն քննարկումներից հետո միայն որոշվեց մեկ տարով երկարաձգել կլինիկական կենտրոնի ֆինանսավորումը և նախարարությունում ստեղծել հանձնաժողով՝ ուսումնասիրելու «Արմենիկումի» զարգացման հեռանկարները։

Պե՞տք է արդյոք «Արմենիկումը» այսօրվա իշխանություններին, դեռևս հայտնի չէ։ Հայտնի չէ նաև՝ հասցրե՞ց Արմենիկումի ղեկավարը հանդիպել առողջապահության հերթական նախարարի հետ և հերթական անգամ բացատրել դեղամիջոցի զարգացման կարևորությունը։

2017 թվականի սեպտեմբերին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս ընդդիմադիր պատգամավոր էր, Ազգային ժողովում «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հարց ուղղեց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանին․ «Ի վերջո, «Արմենիկումը» ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը բուժո՞ւմ է, թե՞ չի բուժում»:

Փոխնախարարը պատասխանեց, որ Արմենիկումը հզոր իմունոստիմուլյատոր պրեպարատ է, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բուժման համար օգտագործում են իմունոստիմուլյատորներ, ուստի «Արմենիկումը»՝ որպես ոչ հիմնական պրեպարատ, հիվանդության բուժման ժամանակ օգտագործվում է. «Այո, Հայաստանում բուժվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը»,-հայտարարեց փոխնախարարը՝ հավելելով, որ Արմենիկումը՝ որպես իմունոստիմուլյատոր պրեպարատ, գրանցված է 7 երկրներում, բայց որպես հակաՄԻԱՎ/ՁԻԱՀ պրեպարատ գրանցված չէ, որովհետև ժամանակին նախակլինիկական, կլինիկական փորձարկումները համաշխարհային առողջապահության կազմակերպության գործընթացներին համապատասխան չեն ընթացել։

«Բա էս 20 տարի ինչո՞ւ չենք համապատասխան փորձաքննություններն անցկացնում, ո՞ւմ ենք սպասում»,- զարմացավ Փաշինյանը․․․

Հ․Գ․

Միգուցե սպասում են Ձեզ, պարո՛ն Փաշինյան։ Միգուցե հենց Դո՞ւք սկսեք Արմենիկումի հաղթարշավը․․․






Մեկնաբանություններ - 1

Ռոբերտ Նազարյան     20.04.2019 Հայաստանի այցեքարտ լինելու իմ գաղափարը
====================
ՀՀ ԿԳ Նախարար Արայիկ Հարությունյանին,

Դիմում - Առաջարկ
(Լուսավորենք Աշխարհը Հայկական Հարաբերականության Տեսությամբ)

Ես տեսաբան ֆիզիկոս եմ և ունեմ հրատարակված աշխատություններ՝ հոդվածների ու գրքերի տեսքով և իմ այդ գիտական ու քաղաքական հոդվածների մեծ մասի հետ կարող եք ծանոթանալ (հոդվածները ներբեռնելու համար օգտագործեք ՖԲ-ի կապը)։

Վերջին տաս տարվա ընթացքում, հատկապես 2013 թվականից սկսած, ես բազում անգամ դիմել եմ Հայաստանի նախորդ իշխանություններին և հորդորել նրանց ուշադրություն դարձնել տեսական ֆիզիկայի ասպարեզում մեր ստացած արդյունքներին, որովհետև դրանք ունեն շատ լուրջ գործնական հետևանքներ՝ հատկապես այն որ հնարավոր է դատարկ տարածությունից կորզել անսպառ ձրի էներգիա։ Մենք պարզապես տեսականորեն հիմնավորել ենք այդպիսի էներգիա ստանալու հնարավորությունը և անգամ ստացել համապատասխան բանաձևեր։ Նախորդ կառավարությունից մեր հարցապնդումներին ուշադրություն դարձրեց միայն նախկին վարչապետի առաջին խորհրդական Պր. Գագիկ Մարտիրոսյանը, ում հետ անձնական հանդիպման ժամանակ ներկայացրինք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ Հավանաբար նախորդ կառավարության առաջնահերթությունները շատ արագ փոխվեցին և իմ գիտական հայցը ընթացք չստացավ, նույնիսկ մնաց անպատասխան։

Դժբախտաբար մեր այժմյան նոր կառավարության մեջ նույնպես չկան մաթեմատիկոսներ կամ ֆիզիկոսներ, որոնք կարող էին ավելի առարկայականորեն քննարկել մեր առաջադրությունները, բայց համենայն դեպս ի դեմս Ձեզ, ես նորից ստիպված եմ Հայաստանի կառավարության ուշադրությունը հրավիրել այս իրողության վրա, այլապես ես չեմ ների ինձ անհամարձակության համար։

Մեր նպատակն է եղել կառուցել աքսիոմատիկ ֆիզիկա, ինչպես Եվկլիդեսը իր 13 հատորների մեջ կառուցեց աքիոմատիկ երկրաչափություն և այդ ասպարեզում տիրեց կատարյալ խաղաղություն։ Նույն վիճակն է տիրում այժմ տեսական ֆիզիկայում և մենք գրանցել ենք տեսական հաջողություններ այդ ասպարեզում և կարող ենք հաստատել կատարյալ խաղաղություն տեսական ֆիզիկայի մեջ։

Մենք կարողացել ենք առայժմ հրատարակել միայն երկու հատոր (Հայերեն և Անգլերեն), որոնք կարող եք վերցնել համացանցից.

Միջազգային ֆրանկոֆոնիայի շեմին և համաժողովի ընթացքում պատվով դուրս գալու համար, մեր ազգային վերածննդի այցեքարտը պետք է լինի մեր ստեղծած տեսության նոր բանաձևերը, որոնց Աշխարհը տեսնում է առաջին անգամ։
Ֆրանկոֆոնյային այցելող հյուրերին, Զվարթնոցից դեպի Երևան ճանապարհին, նրանց ոչ թե պետք է ողջունեն տարբեր ուտեստների կամ այլ անկապ բաների գովազդային վահանակները, այլ նոր ստեղծված գիտական բանաձևերի պաստառները... Հյուրերին կարելի է նվիրել այդ երկու հատորները որպես մեր նոր անկախ Հայաստանի գիտական սխրանք և այլն...

Չեմ ցանկանում այս նամակս ծանրաբեռնել շարադրելով բազում ուրիշ գաղափարներ, բայց եթե իմ այս դիմում-առաջարկը ինչ որ կայծ կառաջացնի Ձեր հոգում, ապա կարող ենք հանդիպել և ավելի հանգամանորեն քննարկել նմանատիպ այլ գաղափարներ և հարցեր...

Շնորհակալ եմ իմ նամակ կարդալու համար։

Ռոբերտ Նազարյան
22 Մայիսի 2018թ., Ք. Երևան
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: