Հայերեն   English   Русский  

Զարթոնքի բնակիչները պահանջում են պատասխանատվության ենթարկել նախկին գյուղապետին


  
դիտումներ: 239

Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում դեռ մարտ ամսից սկսվել էր բողոքի ակցիա՝ գյուղի 23 տարվա գյուղապետի դեմ:

Կրակոցներով, ձերբակալություններով, փոխադարձ վիրավորանքներով շարունակվող իրավիճակի հանգուցալուծումը իրեն սպասեցնել չտվեց՝ Զարթոնքի գյուղապետը ի վերջո հրաժարական տվեց: Սակայն դրանից հետո կրքերը չհանդարտվեցին: Գյուղացիները սկսեցին պահանջել նաև դպրոցի տնօրենի հրաժարականը, ով գյուղապետի դուստրն է: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Զարթոնքի բնակիչները, ակտիվիստները և իրավաբանները ներկայացրին, թե ինչու է մինչև օրս լարված վիճակում գտնվում գյուղը, և թե ինչ են ուզում իրենք՝ ցուցարարները:

Սուրեն Պողոսյանը, ով Զարթոնքի բնակիչների կողմից առաջադրվել է որպես համայնքապետի թեկնածու, ասաց, որ տարիներ շարունակ գյուղում կատարվել են գաղտնի և ապօրինի աճուրդներ, համայնքին տրված օգնությունները յուրացվել են ղեկավարության կողմից, համայնքի բյուջեն օգտագործվել է նրանց շահերի համար: Եվ եթե Զարթոնքը ժամանակին եղել է Արմավիրի առաջատար համայնքներից, ապա այժմ ամենահետամնացն է մարզում:

Զարթոնք գյուղի բնակիչ Գարիկ Կարապետյանը, ով առաջին իսկ օրերից ներգրավված է բողոքի ակցիաներում, ասաց, որ գյուղապետը պետք է հրաժարական տար, քանի որ դա համայնքի մեծամասնության արդարացի պահանջն էր:

«Համայնքապետը հրաժարական տվեց, բայց հարց է, թե ինչ իրավիճակում եղավ այդ հրաժարականը: Մենք ակնկալում էինք, որ գյուղապետը հաշվի կառներ բնակիչների խոսքը, հաշվի կառներ, որ 23 տարվա ղեկավար լինելով չէր լուծել համայնքի առաջ ծառացած խնդիրները, բայց ապրիլի 13-ը լուսացավ մեզ համար ոչ սպասելի ձևով: Համայնքապետը մի խումբ մարդկանց հետ ներխուժել էր ակտիվիստներից մեկի բնակարանը, ով ազատամարտիկ է, ու դաժան ծեծի ենթարկելով նրան՝ փորձել էր լռեցնել մարդկանց, բայց դա նրան չհաջողվեց, քանի որ մենք բոլորս ունեինք արդարացի պահանջ»,-ասաց Գարիկ Կարապետյանը:

Զարթոնքի բնակիչները այժմ պահանջում են, որ նախկին գյուղապետը պատասխանատվության ենթարկվի ազատամարտիկին ծեծի ենթարկելու համար, իսկ ազատամարտիկի որդին, ով հասել էր հորը օգնության և այժմ ձերբակալված է կրակոցներ արձակելու պատճառով, ազատ արձակվի:

Փաստաբան Հայկազ Մակարյանը անդրադառնալով ստեղծված իրավիճակի իրավական կողմին՝ նշում է, որ հարուցված քրեական գործի շրջանակներում հաշվի չեն առնվել վկաների հայտարարությունները, ոչ իրավաչափորեն համադրելի փաստեր են առաջ բերվել, որոնք որևէ իրավական հիմք չունեն, և տուժածի որդին՝ Հրայր Պողոսյանը անհապաղ պետք է ազատ արձակվի, քանի որ կրակոցները նրա կողմից ինքնապաշտպանական բնույթ են կրել:

Զարթոնքի բնակիչները արդեն դիմել են Արմավիրի մազպետին՝ նրան ներկայացնելով իրենց կողմից արդեն իսկ հավանության արժանացած թեկնածուին՝ Սուրեն Պողոսյանին:

Լիանա Եղիազարյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: