Հայերեն   English   Русский  

Սամվել Բաբայանը վստահ է, որ Ռոբերտ Քոչարյանը չի եղել այն մարդը, որը մարտի 1-ին ցուցարարների վրա հարձակման հրաման է տվել


  
դիտումներ: 420

ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանը այսօր Երևանում տված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է մի շարք թեմաների՝

2020 թվականին Լեռնային Ղարաբաղում նախագահական ընտրություններին իր մասնակցությունից մինչև մարտի մեկի գործով քննությանը:

«Նախագահի թեկնածու առաջադրվելու հիմնական պատճառն այն է, որ ես գիտեմ երկրում տիրող իրավիճակը, զարգացումները, և այն ճանապարհով, որ գնում է երկիրը, ես կարող եմ օգուտ տալ»,-ասում է Սամվել Բաբայանը նշելով, որ մասնակցելու է ընտրություններին, եթե Սահմանադրական խոչընդոտներ չստեղծվեն: Այդ խոչընդոտները կարող են կապված լինել 10 տարի շարունակ Ղարաբաղում մշտական բնակություն հաստատելու հետ, իսկ Բաբայանը վերջին 10 տարվա ընթացքում չի ունեցել մշտական բնակություն:

«Երբ ես Հայաստանում մասնակցել եմ ընտրությունների, այն ժամանակ էլ Հայաստանում 5 տարվա կացություն չեմ ունեցել, ուրեմն Հայաստանն էլ պետք է արգելեր: Մենք մի երկիր ենք և հիմա այդ մարդկանց փորձում ենք հասկացնել, որ ընտրական իրավունքը բոլորի համար հավասար պահեն: Ղարաբաղի այսօրվա գործող ղեկավար Բակո Սահակյանը 1999 թվականին եկել է Մոսկվայից, ո՞նց է 2007 թվականին դարձել Ղարաբաղի նախագահ, երբ 10 տարվա կացություն չի ունեցել: Ժամանակ առ ժամանակ եկել-գնացել է: Ես էլ ժամանակ առ ժամանակ գնացել-եկել եմ Ղարաբաղ: Խոչընդոտում են իմ մասնակցությանը, քանի որ հանձինս ինձ լուրջ մրցակցի են տեսնում»:

Անդրադառնալով Հայաստանում 2008 թվականի մարտի մեկի դեպքերով գործի քննությանը Բաբայանը ասաց, որ ինքը համոզված է, որ Քոչարյանը ուժայիններին ցուցարարների վրա հարձակվելու ոչ մի հրաման չի տվել: Կոչ արեց նախ պարզել, թե ովքեր են եղել հրաման տվողները, կատարողները, քանի որ հիմա ժողովրդին հենց դա է հետաքրքրում:

Արցախյան հարցի մասին խոսելիս՝ Բաբայանը նշեց, որ ինքը ինչպես նախկինում հիմա էլ առաջարկում է մանդատային քաղաքականությունը որպես այլընտրանքային եղանակ, և գուցե Արցախի ինտեգրումը Հայաստանի կազմի մեջ կլռեցնի խոսակցությունները հայաստանցի-ղարաբաղցի թեմաներով:

Լիանա Եղիազարյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: