Հայերեն   English   Русский  

Անվճար կրթությունը սկզբունք է․ արվեստի այլընտրանքային դպրոցը հանրային աջակցության կարիք ունի


  
դիտումներ: 1551

Ժամանակակից արվեստի պատմություն, լուսանկարի ընթերցում, ձայնային արվեստ, ստեղծագործական գրություն, մոնտաժի պատմություն և տեսություն, օպերատորական հմտություններ, գրաֆիկական ձևավորում. սրանք մի մասն են այն առարկաների, որ ուսումնասիրում են «Մեդիալաբ» ժամանակակից արվեստի այլընտրանքային դպրոցի սաներն ուսման 6 ամիսների ընթացքում։

Դասընթացն իրականացնող «Ֆոկուս» արվեստի ՀԿ-ի համահիմնադիր և «Մեդիալաբի» համակարգող Նորա Գալֆայանի խոսքով՝ դպրոցի շրջանավարտները գործող արվեստագետներ են, որոնք մեծամասամբ իրենց գտնում են ժամանակակից արվեստի ոլորտում կամ էլ հաջողությամբ կապում են ժամանակակից արվեստն ու իրենց հիմնական մասնագիտությունը՝ ստեղծելով միջդիսցիպլինար համագործակցություն։

«Մենք երիտասարդ արվեստագետներին տալիս ենք այն գործիքները և մտածելակերպը, որով կարող են ժամանակակից արվեստի ոլորտում գործունեություն ծավալել»,- ասում է Նորան՝ հավելելով, որ դպրոցը բաց է 18-25 տարեկան երիտասարդ արվեստագետների և բոլոր այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրված են ժամանակակից արվեստով։

Խոսելով այլընտրանքային դպրոցի առաքելության մասին՝ Նորան ասում է, որ արդեն տասը տարի իրենց առաքելությունը չի փոխվել, բայց աստիճանաբար փոխվել են դրա իրականացման մոտեցումները։

«Ի սկզբանե «Մեդիալաբի» խնդիրն էր նորագույն տեխնոլոգիաները արվեստում կիրառելու հնարավորություն ստեղծելը, բայց նաև, որ առավել կարևոր է, այդ տեխնոլոգիաների հանդեպ քննադատական կեցվածք ձևավորելը: Չափազանց կարևոր է որպեսզի արվեստագետը, այսօր կիրառելով այդ տեխնոլոգիաները, դա անի գիտակցված և պատասխանատու, չտրվելով միայն դրանց գայթակղությանը և հմայքին: Իսկ դա հնարավոր է անել, եթե դրանց կիրառմանը զուգահեռ ձևավորվեն համապատասխան քննադատական և մտածողության գործիքներ: Այս իմաստով առաքելությունն այսօր էլ նույնն է»,- ասում է Նորան և հավելում, որ իրենց գործունեության տասը տարիների ընթացքում ձևավորել են տեխնիկապես հագեցած լաբորատորիա, ստեղծել են հայերեն լեզվով կրթական բովանդակություն, պատկերացնում են դաշտը և զգայուն են դաշտի և արվեստագետների կարիքների նկատմամբ՝ արձագանքելով դրանց։

Հիմնավորելով այլընտրանքային դպրոցի անհրաժեշտությունը՝ Նորան ասում է, որ իրենք առաջարկում են ավանդական կրթական մեթոդներից տարբերվող, այլընտրանքային մեթոդաբանություն։ «Դա քննադատական մտածողություն խթանող մոտեցումն է, ինչը հատուկ է ժամանակակից արվեստին։ «Մեդիալաբը» կարևոր է, որպես յուրօրինակ փորձարարական միջավայր, որպես լաբորատորիա, որտեղ ոչ միայն նոր կրթական և արվեստային պրակտիկաներ են փորձարկվում և ձևավորվում այլ նաև նոր օրակարգեր` արվեստի, հասարակության համար»,- ասում է նա։

Մեդիալաբ

Նորայի խոսքով՝ ավանդական ակադեմիական հաստատություններում չեն սովորեցնում այն, ինչ Մեդիալաբն է տալիս․

«Մենք ավելի ճկուն ու դինամիկ ենք, մոտեցումն էլ է տարբեր։ Մենք կրթում ենք արվեստագետներ, որոնք կտրված չեն կոնտեքստից, որում ստեղծագործում են, բայց որոնք հաճախ պատրաստ են զանցել, հարցադրել եղած սահմաններն ու կաղապարները, նորը գտնելու նպատակով: Նրանք ներգրավված են հասարակության մեջ, որպես լիարժեք անդամներ և արվեստին հատուկ գործիքներով հաճախ փորձում են հասարակությունում առկա խնդիրները գտնել, բարձրաձայնել և լուծումներ տալ»:

Խոսելով 6-ամսյա կրթական ծրագրի առանձնահատկությունների մասին՝ Նորան ասում է․ «Մեր խնդիրը խորացված գիտելիք տրամադրելը չէ։ Մեր ուսանողները հավասարապես ծանոթանում են բոլոր գործիքներին։ Խնդիրն է, որ արվեստագետները պատկերացում կազմեն, ժամանակակից արվեստի գործիքակազմից և տեսություններից հետագայում, գործիքի ընտրությունը ավելի գիտակցված կատարելու համար։ Մենք խրախուսում ենք նաև ինքնակրթությունը և համապատասխան միջավայր տրամադրում դրա համար»։

Տասը տարվա պատմություն ունեցող ժամանակակից արվեստի այլընտրանքային դպրոցը ներկայում հանրային աջակցության կարիք ունի։ Գործունեության ընթացքում 100-ից ավել շրջանավարտներ թողարկած դպրոցի գործունեությունը հարցականի տակ է՝ տարածք չունենալը հիմնական պատճառն է, որ հանրային ֆինանսավորման արշավ են նախաձեռնել։ Արշավից հասույթը նաև կուղղվի ծրագրային այլ ծախսերի այդ թվում հայերեն լեզվով Կինոյի պատմության և տեսության ձեռնարկ ստեղծելուն:

«Մեդիալաբ» նախաձեռնությունը մեկնարկել է «Ուտոպիանա» մշակութային ՀԿ շրջանակներոմ դեռ 2009-ին։ 2016-ին, երբ «Ֆոկուս» մշակութային ՀԿ-ն առանձնացավ «Ուտոպիանայից», ի թիվս այլ ծրագրերի, ժառանգեց նաև «Մեդիալաբը», որը մինչ օրս հաջողությամբ իրագործվել է։

«Ծրագիրն ի սկզբանե առանց բյուջեի է գոյատևել։ Մեզ համար սկզբունք է, որ մեր կիսամյա դասընթացներն անվճար լինեն,- ասում է Նորա Գալֆայանը։ Նրա խոսքով՝ ֆինանսավորման բացակայության պատճառներից մեկն այն է, որ «ժամանակակից արվեստի կրթությունը կամ այլընտրանքային կրթությունը բոլոր օրակարգերից դուրս է՝ թե պետական, թե դրամաշնորհային»։

«Տարիներ շարունակ, որքան էլ փորձել ենք, գումարներ չենք կարողացել հայթայթել ծրագրի համար»,- ասում է Նորան՝ հավելելով, որ նախկինում մեկ անգամ էլ են հանրային աջակցության դիմել՝ տարածքի վարձակալության գումար հայթայթելու համար։ Նա նշում է, որ «Մեդիալաբը» կարողացել է գոյատևել կազմակերպիչների ու դասավանդողների անշահախնդիր ու նվիրված աշխատանքի շնորհիվ։ «Տարիներ շարունակ ոլորտի առաջատար երիտասարդ մասնագետները դասավանդում են անվճար, իսկ դպրոցի համար տարածք է ապահովվել կազմակերպության այլ ծրագրերի միջոցով»,- ասում է Նորան։

Նորա Գալֆայան

Սակայն ներկայում այնպես է ստացվել, որ կրկին տարածք չունեն, որտեղ կարող են գործունեություն ծավալել։

«Մտածում էինք մեկ տարի դադար տալ։ Բայց պարզվեց, որ պահանջարկը դասընթացի նկատմամբ շատ մեծ է։ Անընդհատ նամակներ ենք ստանում, որոնցում մարդիկ հետաքրքրվում են սպասվող ընդունելության մեկնարկի մասին,- ասում է Նորան։- Մարդիկ սպասում են մայիսին, երբ պետք է մեկնարկի հայտերի ընդունելությունը»։

Նրա խոսքով՝ ժամանակակից արվեստով հետաքրքրվողների շրջանում թե նախաձեռնությունը, թե մեկնարկած հանրային արշավը մեծ աջակցություն ունի՝ ով ինչով կարողանում, օգնում է։ Հետևաբար խնդիրը նեղ շրջանակից դուրս գալն է և հանրության առավել լայն շրջանակի համար հասնելի և կարևոր դառնալը:

Ասում է, որ այս տարի առաջին անգամ դիմել են պետական աջակցության։ «Նախկինում պետական աջակցության երբևէ չենք դիմել, քանի որ շատ տարբեր էր մեր մտածելակերպը, նախկինում պետական աջակցությունը ժամանակակից արվեստի ոլորտի համար անհասանելի էր, քանի որ չէին ընկալում ոլորտը։ Այս տարի դիմել ենք, բայց անգամ եթե հաստատվի դրամաշնորհը, դա բավարար չէ դպրոց պահելու համար։ Անհրաժեշտ է, որ ստեղծվի համայնք, որը կարևոր է համարում դպրոցի գոյությունը և իր ներդրումն է ունենում դպրոցի գոյության մեջ»,- ասում է Նորան։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: