Հայերեն   English   Русский  

​Հանդիպում Ալլա Սերոբյանի հետ, տիկնիկային ներկայացում և էլեկտրոնային ծանոթացում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում


  
դիտումներ: 1062

Ապրիլի 19-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ հանդիպում մանկագիր, ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալլա Սերոբյանի հետ:

Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոցի սաները հանդիպեցին Ալլա Սերոբյանին՝ խոսելու նրա «Վասիլ» և «Օճառիկի պայմանները» գրքերի մասին: Հանդիպմանը ներկա էր նաև Մշակույթի նախարարի տեղակալ Վահե Բուդումյանը:

Ալլա Սերոբյանի խոսքով, «Վասիլ» պատմվածքը մի պատմություն է, որն իր մեջ ներառում է մարդկային այնպիսի արժեքներ, ինչպիսիք են բարությունը, ընկերասիրությունն ու նվիրվածությունը:

«Համոզված եմ, որ յուրաքանչյուրդ ձեր մեջ կրում եք այդ կարևոր արժեքները: Համոզված եմ, որ այդ արժեքներն արտահայտված են նաև կենդանիների նկատմամբ ձեր վերաբերմունքով», - ասաց նա:

Երեխաները նաև խնդրեցին Ալլա Սերոբյանին հետագայում այլ ստեղծագործություններ հեղինակել, որոնք նվիրված կլինեն Երևանին, կենդանիներին, ճամփորդություններին ու բանակին:

Ապրիլի 19-ին գրադարանի օտարալեզու բաժնում Ազգային գրադարանային շաբաթի և Ֆրանկոֆոնիայի շրջանակներում տեղի ունեցավ «Ֆրանսիական մանկական պոեզիայի էջերից» խորագիրը կրող ցերեկույթ: Երևանի Ստեփան

Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի սաները ֆրանսերեն արտասանեցին մանկական բանաստեղծություններ:

Նույն օրը հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում գրադարանի հեքիաթի սրահում ներկայացվեց «Բարեկենդանը» հեքիաթի տիկնիկային ներկայացումը: Իսկ գրադարանի ընթերցասրահում իրականացվեց էլեկտրոնային ծանոթացում, որի ընթացքում պարզ դարձավ, թե ինչպես են գրքերն ու մամուլը թվայնացվում և հնարավոր դարձնում համակարգչով գրքեր ընթերցելը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: