Հայերեն   English   Русский  

Նիկոլ Փաշինյանը Հանրային խորհրդին առաջարկել է քննարկել Արցախյան հարցը և ձևակերպել համազգային դիրքորոշում


  
դիտումներ: 1004

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ խոսել է Արցախյան հիմնահարցի մասին։

Անկախ-ի տեղեկություններով՝ նա ասել է, որ ամենակարևոր քննարկումներից մեկը, որ պետք է տեղի ունենա Հանրային խորհրդում, Արցախյան հիմնահարցն է, հատկապես այն պարագայում, երբ Հանրային խորհրդում են մարդիկ, որոնք անմիջական կապ ունեն այդ հարցի հետ՝ Վազգեն Մանուկյան, Արկադի Տեր-Թադևոսյան, Լարիսա Ալավերդյան և ուրիշներ։

Ըստ նրա՝ կա երկու մոտեցում․ մեկն այն է, որ Ադրբեջանի հետ ունենում ենք խաղաղության մասին փաստաթուղթ, մյուսը՝ որ պահպանում ենք այսօրվա ստատուս քվոն։

Փաշինյանը համաձայն չէ այն մտքին, թե Արցախյան հիմնահարցի լուծման լիազորությունն ու պատասխանատվությունը իշխանությանն է։ Նա նշել է, որ սա այն հարցն է, որտեղ պետք է համազգային պատասխաններ ձևակերպել, և հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է կրի պատասխանատվություն իր առաջարկած լուծման համար։

Վարչապետը նաև ասել է, որ անգամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հարց է ուղղել վերջինիս՝ իսկապե՞ս Ադրբեջանի նախագահը կարծում է, թե այստեղ նստած կարելի է Ղարաբաղի հարցը որևէ տարբերակով լուծել։ Փաշինյանն էլ պատասխանել է իր հարցին՝ եթե այո, ապա դա անլուրջ մոտեցում է, Ղարաբաղի հարցի լուծողը ժողովուրդներն են։

Իսկ արդյո՞ք մեր հասարակությունն ունի հանրային կոնսենսուս հիմնախնդրի կարգավորման հարցում։ Այս հարցի պատասխանն իմանալու համար էլ նա առաջարկել է, որպեսզի Հանրային խորհուրդը սկսի հանրային քննարկումներ, և արդյունքում ձևակերպվի համազգային դիրքորոշում, ինչը Հանրային խորհրդի նախագահը սիրով ընդունել է։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: