Հայերեն   English   Русский  

«Ապրել ու ապրում եմ հաղթահարելով կյանքը». Սարգիս Ստեփանյան


  
դիտումներ: 447

Բազմակետերի փոխարեն ես տարբեր բառեր եմ գրում …Գրում ու ջնջում , որովհետև այդ բառերից և ոչ մեկը ի զորու չէ ամբողջովին նկարագրելու մայոր Սարգիս Ստեփանյանին,

ով ասում է՝ մարդու ուժը ձեռքերի ու ոտքերի մեջ չէ, այլ այստեղ…ու միակ ձեռքով ցույց է տալիս սիրտը։

Ռազմական ու սպորտային կարիերան կապիտանի անցած ուղու մեծ մասն են։

«2008-ին մասնակցեցի համախմբային մրցումներին ուժային եռամարտում։ Հաղթող ճանաչվեցի ամբողջ բանակում, կքանիստի ռեկորդ էլ սահմանեցի ՝ 230 կիլոգրամ, կարծեմ այդ ռեկորդը մինչև հիմա չեն գերազանցել» - ասում է Սարգիսը։

Սակայն ծառայության հետ մեկտեղ սպորտով լուրջ զբաղվել չի հաջողվել և թողել է երկրորդ պլանում։

2014թ-ին զինակցին փրկելու համար Սարգիսը մտել է ականապատ տարածք և պատահարի հետևանքով կորցրել երկու ոտքն ու մի ձեռքը։

-Այդ քայլին գնալուց առաջ չէիք մտածում ձեր ընտանիքի, որդիների մասին,- հարցնում եմ ես այլ խոսքեր չգտնելով.

-Զինվորականության ընկերությունն ուրիշ է, մենք հանուն զինակցի կարող ենք ցանկացած քայլի գնալ։ Երբ ականապատ տարածք մտա, վազելով դանակով ականազերծում էի տարածքը, դրանք վայրկյաններ են, չես կարող պատկերացնել այն զգացումը, երբ մահը ամեն վայրկյան աչքերիդ առաջ է, երբ տեսա այդ տղային գետնին ընկած`ինձանից մոտ 1.5մ հեռավորության վրա, մտածեցի թե հիմա ուսերիս կառնեմ, թե փրկել եմ, հենց այդ պահին էլ ականը պայթեց։ Միայն հիշում եմ, երբ ընկերներս եկան, խնդրեցի՝ ինձ այնտեղ չթողնեն։

Սարգիսը հիացմունքով է խոսում ընկերների մասին, ասում է, որ անգամ դեպքի օրը մինչ հոսպիտալ հասնելը ընկերները կատակել են, հիվանդանոցում էլ բուժման 3 ամիսների ընթացքում ամեն օր ու գիշեր 2 զինակից հերթապահել են հիվանդասենյակում։ Նույնչափ սիրով է խոսում ընտանիքի ու որդիների մասին, ծնող-երեխա կապը նրա համար անփոխարինելի է։

«3.5 լիտր արյուն կորցրի, շատ էի նիհարել, ֆիզիկապես հյուծվել, հայրս ասում էր Սաքո թող երեխեքը գան, տեսնեն քեզ, չէի ուզում տղաներս հորն այդպես տեսնեն, չգիտեի ոնց կարձագանքեն, բայց երբ եկան, իրենց հասուն մարդու նման պահեցին, փոքրս ասաց որ ինքն էլ է զինվորական դառնալու, հասկացա, որ թերագնահատել եմ նրանց»։

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից «Արիության» մեդալը դեպքից 4 ամիս անց կանգնած է ստացել, ինքն իրեն խոստացել էր, որ անվասալյակին նստած մեդալը չի ստանալու։ Նախարարն էլ արցունքոտվել է, գրկել։ Սարգիսն ապրում է այնպես, ինչպես առաջ է ապրել, ոչ մի բան չի սահմանափակում. հիմա հաշմանդամություն ունեցող անձանց մրցաշարում բազկամարտի աշխարհի չեմպիոն է, պարտադիր շաբաթական 3 օր մարզվում է ուժասպառ լինելու աստիճան, հարմարությունների բացակայության պատճառով ստիպված է լինում իջնել ու բարձրանալ մարզասրահի 30 աստիճանները, լեռնագնացությունն է սիրում՝ վստահեցնում է հաջորդ տարի ինքն անձամբ է սայլակներով տղաներին լեռներից իջեցնելու։

Սարգիսը հաճախ է այցելում հաշմանդամություն ունեցող տղաներին`հավատ ու հաղթելու կամք ներշնչում նրանց: Հաշմանդամություն ունեցող մարզիկների սպորտի ֆեդերացիա հիմնելով նպատակ ունի փոխել հարյուրավոր մադկանց ճակատագրերը, նրանց կյանք վերադարձնել:

«Իմ կյանքը մի հաղթանակից մյուսն ընկած ճանապարհ է, եթե չլինեն հաղթանակները, իմ ճանապարհը կընդհատվի. ապրել ու ապրում եմ հաղթահարելով կյանքը» - ասում է նա:

Աննա Բզնունի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: