Հայերեն   English   Русский  

Շարունակվում է Ազգային ժողովի նստաշրջանը


  
դիտումներ: 209

Ազգային ժողովի նստաշրջանի օրակարգում այսօր «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ

և լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցն է: Հիմնական զեկուցողը Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն է:

«Առաջին ընթերցմամաբ ընդունվելուց հետո օրենքների նախագծերը լայն քննարկման են արժանացել, որի արդյունքում վերամշակվել են և նախագծում կատարվել են որոշակի խմբագրական ուղղումներ, ինչպես նաև նախագծից հանվել է օտարերկրյա պետություններում գրանցված կազմակերպությունների կողմից ՀՀ-ում հիմնադրված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի դուստր ընկերություններին հարկային արտոնությունների տրամադրման վերաբերյալ դրույթները»,-իր ելույթում ասաց Հակոբ Արշակյանը:

Վերջինս նշեց նաև, որ նախագծով սահմանվել է, որ բացի հավաստագրված ընկերությունների ցանկից այսուհետ հրապարակման է ենթակա նաև հավաստագիր ստանալու համար դիմած, սակայն մերժում ստացած ընկերությունների ցանկը:

Հարակից զեկուցող Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Պապոյանը նշեց, որ թե´ ընդդիմադիր ուժի՝ «Լուսավոր Հայաստանի», թե´ «Իմ քայլի» ներկայացրած առաջարկությունները ընդունվել են և որոշակի փոփոխություններ են կատարվել օրենքի նախագծերում:

Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ողջունեց այն հանգամանքը, որ Կառավարությունը լսել է իրենց առաջարկները և կատարել է փոփոխություններ նախագծում, ինչի արդյունքում իրենք կողմ կքվեարկեն օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ ընդունվելուն:

Բացի այս հարցերից այսօր ԱԺ-ի օրակարգում է նաև Տնտնեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը, ինչպես նաև «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը և այլ օրենքի նախագծեր: Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տնտնեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել էր Գեղամ Գևորգյանի թեկնածությունը, ով այս պահին զբաղեցնում է գյուղնախարարի պարտականությունների կատարողի պաշտոնը:

Լիանա Եղիազարյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: