Հայերեն   English   Русский  

​Անցնող շաբաթը. Աշխարհում


  
դիտումներ: 688

Անցնող շաբաթը ցավալիորեն կարելի է ողբերգական որակել, քանի որ սկսվեց և ավարտվեց հոգևոր-մշակութային և մարդկանց մեծ կորուստներով:

Մինչ քրիստոնյա հանրությունըպասում էր տարվա իր ամենալուսավոր օրերից մեկին՝ Քրիստոսի հարության տոնին, հենց երկուշաբթի օրը, հենց Մշակույթի միջազգային օրը, բոլորի աչքի առաջ սկսեց այրվել աշխարհի նվիրական տաճարներից մեկը՝ Փարիզի Աստվածամոր տաճարը: Սա ծնկի բերեց բոլորին, անկախ ազգությունից, ու ստիպեց աղոթել ու համախմբվել:Հետագա օրերը, որոնք բավական դրական լիցքեր էին բերում՝տարբեր երկրների ներկայացուցիչների աջակցության կոչերով և բավական խոշոր նվիրատվություններով ի նպաստ Նոտր Դամի վերականգնման, կարծես կարճ տևեցին:

Ֆրանսիայի իշխանությունները, ըստ ամենայնի, սպասում էին, որ իր ժողովրդին վրա հասած այս պատուհասը որոշ ժամանակով կսառեցնի արդեն ամիսներ շարունակ երկիրը հյուծող «Դեղին ժիլետների»շարժումը, առաջիկա շաբաթ օրը նրանք կրկին դուրս չեն գա փողոցներ իրենց պահանջներով: Բայց նրանքդուրս եկան 23-րդ անգամ ավելի մեծ վճռականությամբ ու ավելի մեծ ագրեսիվությամբ: «Ինչպես երևում է, ընդվզումների մասնակիցներին չի հուզել այն, ինչ պատահեց Նոտր Դամին»,- արձանագրեց երկրի ներքին գործերի նախարար Քրիստոֆեր Կաստաները: Նորից բախումներ, նորից ջարդեր ու ավերածություններ, նորից հարյուրավոր ձերբակալություններ ու տուժածներ:

Իրենք՝ շարժման մասնակիցները, խոստովանեցին, որ Նոտր Դամի հետ կատարվածի տխրությունը շատ արագ վերածվեց վրդովմունքի, այնուհետև՝ ցասումի: Նրանք զայրացած են, քանի որ հաշված ժամերի ընթացքում տաճարի վերականգնման համար ահռելի գումարներ հավաքվեցին, մինչդեռ աղքատների և բնակչության սոցիալապես անպաշտպան շերտերի պահանջները արդեն կես տարի է, ինչ մնում են անկատար: Շարժման մասնակիցներից շատերն անկեղծ համոզմունք են հայտնել, որ տաճարի համար հավաքված դրամը կարելի էր ծախսել բնակչության կեցությունը բարելավելու համար:

Եվ Փարիզում հերթական ավերածությունների հետքերը դեռ չմաքրած՝ աշխարհի լրահոսները պայթեցին մի նոր ողբերգության ցնցումից:

ահաբեկչություն Շրի Լանկայում

Երեկ աշխարհի մի այլ անկյունում՝ Շրի Լանկայում, երբ քրիստոնյաները պատրաստվում էին տոնելու Սուրբ Զատիկը, եկեղեցիներում ու հյուրանոցներում ութ պայթյուն որոտաց, որոնց հետևանքով ավելի քան 290 մարդ զոհվեց, ավելի քան 450 մարդ ծանր վիրավորվեց:

Միջանկյալ օրերին, իհարկե, աշխարհը շարունակում էր ապրել իր սովորական ռիթմով, Վենեսուելայում շարունակվում էր գերտերությունների մրցակցությունը, Լիբիայում՝ ներքաղաքական զինված պայքարը, Սուդանում՝ պաշտոնանկությունների և ձերբակալությունների երկար շղթան հեղաշրջման հետևանքով իշխանության եկած զինվորականների ձեռքով,Միացյալ Նահանգներում՝ տխրահռչակ Մյուլլերի զեկույցի ընթերցումները, որոնք այդպես էլ վերջակետ չդրեցին վերջին նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության վերաբերյալ կասկածներին:

Ֆինլանդիայում՝ աշխարհի ամենաերջանիկ երկրներից մեկում, նոր խորհրդարան ընտրվեց, հաղթեց ընդդիմությունը, ընդ որում, որևէ կուսակցություն 20 տոկոսից ավելի ձայն չստացավ, Ուկրաինայում էլ վերջապես ավարտվեցին նախագահական ընտրությունները, Պորոշենկոն պարտվեց, ուկրաինացիներն ընտրեցին դերասան Վլադիմիր Զելենսկուն: Թուրքիայում՝ Ստամբուլում, քաղաքապետ դարձավ ընդդիմադիր թեկնածուն, նույնիսկ Անկարայի դատարանը վերացրեց գեյ-շքերթների արգելքը:

Իսկ Անգլիայում բռնկված բնապահպանների շարժումը կարծես ժամանակավորապես մոռացության մատնեց բրեքսիտի հետ կապված քաղաքական լարվածությունը: Բավական է ասել, որ անցնող շաբաթվա ընթացքում Լոնդոնում ձերբակալվել է 831 ցուցարար, մեղադրանք է ներկայացվել 42 մարդու: Լոնդոնի ոստիկանության ղեկավար Քրեսիդա Դիքը խոստովանել է, որ իրավապահ մարմիններում իր աշխատած 36 տարիների ընթացքում չի հիշում որևէ այլ ոստիկանական գործողություն, որի ընթացքում այսքան մեծ թվով մարդկանց ձերբակալած լինեն:

Այսպես թե այնպես, Անգլիայում շաբաթն ավարտվեց նշանավոր-տոնական իրադարձությամբ. լրացավ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի 93 տարին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: