Հայերեն   English   Русский  

Անցնող շաբաթը.​Հայաստանում


  
դիտումներ: 181

Մեզանում շաբաթը սկսվեց կարևոր իրադարձությամբ, որը թերևս ամենից քիչ ուշադրություն սևեռեց իր վրա:

Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այնուհետև հանդիպումը շարունակվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ: Եռակողմ հանդիպումից առաջ տեղի ունեցավ Մնացականյան-Լավրով երկկողմ հանդիպում։

Ի՞նչ տվեց այդ հանդիպումը՝ բացի գործող անձանց ժպտացող լուսանկարներից: Նրանք իհարկե հանդես եկան հերթական հայտարարությամբ քաղաքական-դիվանագիտական միջոցներով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը շարունակելու, գյուղատնտեսական աշխատանքների ժամանակաշրջանում կայունություն ապահովելու, փոխադարձության հիման վրա կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը թույլատրելու, ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցելություններ կազմակերպելու վերաբերյալ: Ոչ ավելին:

Հանդիպումից հետո Մամեդյարովը հայտարարեց, որ քննարկում է եղել 2016 թ. Ռուսաստանի կողմից ներկայացված ծրագրի հիման վրա, բացի այդ, հայտնեց առաջիկայում Վաշինգտոնում հանդիպում անցկացնելու ամերիկյան կողմի առաջարկի մասին: Իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը հերքեց այդ հայտարարությունները՝ պնդելով, որ ներկայումս որևէ ծրագրի հիման վրա բանակցություններ չեն ընթանում:

Հետևաբար հանրության ուշադրությունը առավելապես սևեռված էր ներքաղաքական զարգացումների, քրեական գործերի հին ու նոր շարքերի, ԱԺ և և կառավարության հերթական նիստերի ու որոշումների վրա:

Բողոքի ակցիա Արարատի ցեմենտի գործարանի դիմաց

Նախորդ շաբաթ սկսված իրադարձությունները՝ կապված Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններ ներխուժումների և «Արարատցեմենտ» գործարանում սկսված ճգնաժամի հետ, ցույց տվեցին, որ «Քաղաքացիական պայմանագիր» և ԲՀԿ խմբակցությունների հետագա հարաբերություններն այլևս այլ հունով են ընթանալու, և թեպետ Ծառուկյանը հայտարարեց, որ «քամին քարից ոչինչ չի կարող պոկել», ապրիլի 18-ին նրա առանձին հանդիպումը վարչապետի հետ և դրանից հետո մեկնաբանություններից խուսափելը ցույց տվեցին, կարելի է սպասել հետագա անակնկալների:

Լուրջ հակամարտություն արձանագրվեց հենց իշխող կուսակցության ներսում: Քրեական գործ հարուցվեց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի դեմ, և իշխող կուսակցությունում այժմ ակնհայտորեն ներքին սև և սպիտակ ՔՊ-ների պառակտում է սկսվում: Նշենք, սակայն, որ այս դեպքում բավարարվեցին Սանասարյանի պաշտոնավարումը ժամանակավորպես դադարեցնելով և չկալանավորելով, ինչպես սովորաբար վարվում են կոռուպցիայի հետ կապված գործերի դեպքում: Համարվեց հավանաբար, որ Դավիթ Սանասարյանը չի խոչընդոտի գործի քննությանը, ինչպես, օրինակ՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և մյուսները:

Շաբաթվա սկզբում հայտարարվեց ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին կալանավորելու որոշման մասին, շաբաթվա վերջում՝ արդեն ձերբակալության:

Արձանագրենք, որ բնակչության շրջանում ամենից շատ քննության առարկա դարձավ կառավարության որոշումը առաջիկա «Քաղաքացու օրվա» համար 124 մլն դրամ և կառավարության ինչ-որ ստորաբաժանման վերանորոգման համար 63 մլն դրամ հատկացնելու մասին որոշումը: Թերևս, ոչ անհարկի:

Ի՞նչ ուղերձներ թողեց մեզ անցնող շաբաթը

Նախ՝ ինչպես հայտարարեց ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավարը, մեր վարչապետը շարունակելու է մնալ սուպերվարչապետ սոսկ այն պատճառով, որ չի ցանկանում քաղաքականացնել ոստիկանությունն ու ԱԱԾ-ն, հետևաբար պահում է իր հովանու տակ: Ստացվեց, որ ինքը՝ վարչապետը, նույնպես քաղաքականացված չէ, և մի հարց մնաց՝ իսկ պաշտպանության նախարարությո՞ւնը, չէ՞ որ դա հենց ամենաապաքաղաքական կառույցն է:

ՀՀ նոր կառավարության կառուցվածքի հետ շփոթն էլ ավելի խտացավ ԱԺ նիստում, երբ պարզվեց, որ նոր կառուցվածքը որոշվել է ոչ թե ուսումնասիրությունների, հաշվարկների ու տեսլականի հիման վրա, այլ ինտուիցիայի ու համոզմունքի: Այդ ինտուիցիայով ու համոզմունքով էլ հավանաբար քվեարկություն կատարվեց. նախագահի առաջարկած Սահմանադրական դատարանի թեկնածուն մերժվեց, իսկ կառավարության կառուցվածքը հաստատվեց:

Մի հերթական ուղերձ էլ թողեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով տարբեր համայնքներում ծագած բնակչություն-համայնքապետ հակամարտություններին. «Որևէ մեկը չփորձի Հայաստանում դանակ, զենք գործածել: Կներեք, բայց պետք է կրկնեմ՝ ոչ միայն ասֆալտին կփռենք, այլ նաև պատերով կտանք»:

Անահիտ Հարությունյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: