Հայերեն   English   Русский  

Բախումներ Պանկիսի կիրճում


  
դիտումներ: 153

Երեկ՝ ապրիլի 21-ին բախումներ են տեղի ունեցել ռուս-վրացական սահմանին գտնվող Պանկիսի կիրճում:

Տեղի չեչեն բնակչության ու Վրաստանի ոստիկանության հատուկ ստորաբաժանման միջև տեղի ունեցած բախումների հետևանքով ավելի քան 40 մարդ վնասվածքներ է ստացել:

Պանկիսի կիրճի բնակչության բողոքի հիմնական պատճառը այստեղ կառուցվող հիդրոէլեկտրակայանն է: Այստեղ բնակչության թվով մեծամասնություն կազմող չեչենները կոչ են անում կառավարությանը վերանայել կայացրած որոշումը և մեկ անգամ ևս ծանոթանալ փորձագետնների եզրակացություններին՝ կիրճում ՀԷԿ կառուցելու վերաբերյալ, որի հետևանքով տեղի բնակչությունը կարող է զրկվել խմելու ջրի պաշարներից: Իշխանություններն էլ իրենց հերթին շարունակում են պնդել, որ ամեն ինչ արվում է օրենքի սահմաններում, և այն ընկերությունը, որը պատրաստվում է կառուցել էլեկտրակայանը ունի բոլոր թույլտվությունները:

Այնտեղ, որտեղ պետք է կառուցվի հիդրոէլեկտրակայան, չեչենները սկսել են իրենց բողոքի ակցիան, որի ժամանակ քարեր, պայթուցիկներով լցված շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ, ոստիկաններն էլ կիրառել են ռետինե փափուշտներ, արցունքաբեր գազ: Իրավիճակը քիչ թե շատ կարգավորվել է, երբ բախումների վայր է ժամանել Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան: Չնայած կրքերը հանգստացել են, բայց բնակիչները շարունակել են պնդել, որ պատրաստ են զոհվել, բայց թույլ չեն տա, որ ՀԷԿ-ը կառուցվի:

Լիանա Եղիազարյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: