Հայերեն   English   Русский  

Սելը չի ճռում, մի բան էլ սելվո՞րն է ճռում. Հրաչ Բերբերյան


  
դիտումներ: 1120

Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ապրիլի 18-ին առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ-ում:

Ըստ դրա՝ 17 նախարարություններից օպտիմալացման արդյունքում աշխատելու են միայն 12-ը։ Գյուղատնտեսության նախարարությունը միավորվելու է էկոնոմիկայի նախարարության հետ։

Գյուղոլորտում աշխատողների համար պարզապես անտրամաբանական է նման միացումը, քանի որ, ըստ իրենց, ոչ թե պետք է կրճատել նախարարությունը, այլ հետևել, որ այն արդյունավետ աշխատի ու կատարի իր առաջ դրված խնդիրները։ Ագրոգյուղացիական միության ղեկավար Հրաչ Բերբերյանը փաստում է, որ առանց այն էլ այսօր գյուղատնտեսությունը վատ վիճակում է և պետք չէ ևս մեկ անգամ վիճակը վատացնել։

« Նախարարությունն ու նախարարության աշխատակիցները տարբեր բաներ են: Եթե ոլորտից անտեղյակ մեկին նշանակում են նախարար, իհարկե նա չի կարող արդյունավետ աշխատել: Սակայն դա չի նշանակում, որ պետք է կազմալուծել նախարարությունը: Վերջինս իր ֆունկցիան ու դերն ունի: Սելը չի ճռում մի բան էլ սելվո՞րն է ճռում: Փոխարենը բանիմաց մարդկանց նշանակեն նախարարություններում, բռնում փակում են դրանք: Պետությունը խաղալիք չի, որ տան ամեն մեկի ձեռքը՝ խաղա դրա հետ: Եթե մարդիկ ժամանակավոր եկել են և որոշ ժամանակ հետո հեռանալու են, ու պարզապես ներկայացնում են բարի ցանկությունների փաթեթներ, ապա մեր երկիրը ժամանակավոր չէ, և պետք է անել ամեն ինչ այն զարգացնելու համար, այդ թվում պետք է գյուղատնտեսությանը բավարար ռեսուրսներ հատկացնել ու դարձնել տնտեսության առաջատար ճյուղերից»,-ասում է Հրաչ Բերբերյանը:

Ըստ նրա՝ այն, ինչ հայտարարում են Կառավարության կամ Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները, իրականությանը չի համապատասխանում:

«Գյուղատնտեսությամբ զբաղվողների շրջանում մասսայական դժգոհություններ կան վարկերը ստանալու հետ կապված: Առջևում գյուղատնտեսական աշխատանքների ակտիվ շրջանն է սկսվում, իսկ գյուղացին չունի բավարար չափով սերմնացան ու պարարտանյութ: Խնդիրներ կան նաև բույսերի պաշտպանության հետ կապված: Պետք է սկսել պայքարել որմազգիների ցեցի, միջատների, կրծողների դեմ, որոնք լուրջ վնասներ են հասցնում գյուղատնտեսությանը: Անասնապահության ոլորտում ևս խնդիրներ ունենք՝ կապված անասնագլխաքանակի նվազման հետ: Կառավարությունը հայտարարում է, որ ուզում են անասնագլխաքանակը ավելացնելու համար ներկրումներ անել, սակայն դա անարդյունավետ քայլ կլինի: Այս դաշտում խնդիրները սկսեցին առաջանալ նախորդ մի քանի տարվա երաշտի հետևանքով, քանի որ բավարար չափով անասնակեր չկուտակվեց, բացի այդ նաև շուկայի վերահսկողության թուլացումը բերեց այլ երկրներից էժան և կասկածելի մսի ներկրման»,-նշում է Ագրոգյուղացիական միության ղեկավարը:

Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ նախագիծը ԱԺ բերած Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշում է, որ քաղաքականությունը, որն իրականացվել է գյուղատնտեսության ոլորտում, շարունակվելու է իրականացվել Էկոնոմիկայի նախարարության միջոցով և գյուղատնտեսության ոլորտում լինելու են պատասխանատու տեղակալներ, ովքեր մշակելու են նախագծեր և ներկայացնելու են նախարարին: Ըստ նրա ոչ մի ոլորտ չի տուժելու, քանի որ յուրաքանչյուր ոլորտի համար նախ պատասխանատու է հենց Կառավարությունը:

Լիանա Եղիազարյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: