Հայերեն   English   Русский  

Ռուբեն Ալեքսանյան. «2 տարվա դադարից հետո այս մեդալն անչափ սպասված էր»


  
դիտումներ: 1801

Վրաստանում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում գերծանր քաշային կարգում (+109 կգ)Ռուբեն Ալեքսանյանը երկամարտի 440 կգ (195+245) արդյունքով դարձավ աշխարհամասի բրոնզե մեդալակիր:

Անկախի հետ զրույցում Ռուբենը կիսվում է տպավորություններով, միևնույն ժամանակ,արժևորելով յուրաքանչյուր մեդալ, խոսում է դժվարություններից չընկճվելու, միշտ առաջ գնալու և սպորտում հաջողության հասնելու մասին:

-Շնորհավորում ենք Ձեզ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր դառնալու կապակցությամբ:

-Շնորհակալ եմ: Եվրոպայի առաջնությանը պատրաստվել սկսել եմ դեռևս նախորդ տարվա աշխարհի առաջնությունից հետո: Վնասվածք ունեի, ապաքինումից հետո սկսվեցին նախապատրաստական աշխատանքները:

Տարեսկզբին մասնակցեցի Հայաստանի առաջնությանը, որին հաջորդեց Եվրոպայի առաջնությունը: Գնացել էի մրցավայր միայն ու միայն մեդալ նվաճելու համար: 2 տարվա դադարից հետո այս մեդալն անչափ սպասված էր:

Չեմ կարող ասել, որ արեցի այն, ինչ-որ կարող էի. ավելի լավ արդյունք գրանցելու հնարավորություն ունեի: Սակայն կարևորն այն է, որ ունենք երկամարտի արդյունք և բրոնզե մեդալ: Արդեն վերսկսել եմ մարզումներս: Մայիսի կեսերից կլինեն ուսումնամարզական հավաքներ և ինտենսիվորեն կպատրաստվենք սեպտեմբերին Թաիլանդում կայանալիք աշխարհի առաջնությանը: Հարկավոր է շարժվել առաջ` ավելի լավ արդյունքներ գրանցելու համար:

-Ուրախալի է, որ հավաքականը բավական հաջող հանդես եկավ, տղաները մեդալներ և կարևոր միավորներ վաստակեցին թիմի համար: Մարզաձևը թեև անհատական է, սակայն նկատելի է, որ հավաքականի տղաներով մշտապես աջակցում և ոգևորում եք միմյանց:

-Ասածս կարող է զարմանալի թվալ, բայց մեր թիմում մրցակցությւոն չկա. բոլորի մրցակիցը միմիայն

Ռուբեն Ալեքսանյան 2019

ծանրաձողն է: Ես և Գոռ Մինասյանը նույն քաշային կարգում ենք հանդես գալիս: Մենք ոչ միայն սպորտում, այլև սպորտից դուրս ենք ընկերներ: Սա շատ կարևոր է. կան մարզիկներ, որոնք ընկերներ են միայն մարզադահլիճում, իսկ դահլիճից դուրս ամեն մեկն իր ճանապարհն ունի:

Մեր հավաքականը ամուր է, միասնական, ընկերական: Մեկս մյուսի հաղթանակով ուրախանում ենք, մեկս մյուսի անհաջողությունից հավասարապես տխրում ենք և մշտապես փորձում ենք այնպես անել, որ բոլորիս մոտ ամեն ինչ լավ լինի: Բարի ու ջերմ մթնոլորտն է առկա մեր թիմում, ինչն անչափ ուրախալի է:

Նշեմ, որ մեր ձեռքբերումներում ու հաղթանակներում մեծ ներդրում ունեն մարզիչներն ու բժշկական կոլեկտիվը, որոնցից անաչափ շնորհակալ եմ: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին. նա մեծ գործ է կատարում, միշտ մեր կողքին ամուր կանգնած է և ցանակցած հարցի պատրաստ է լուծում տալ: Մարզիկի կյանքում ցանկացած պահի կարող են խնդիրներ առաջանալ: Մենք ունենք այնպիսի ղեկավարություն, որն ամեն կերպ աջակցում է մեզ և լուծում բոլոր խնդիրները:

-Բաթումում Ձեզաջակցում էին մեր հայրենակիցները: Ի՞նչ եք զգում, երբ ներկայացնում եք հայոց եռագույնը միջազգային ասպարեզում:

-Ե՛վ հաճելի էր, և՛ պարտավորեցնող և՛ մեծ պատասխանատվություն կար: Երբ զգում ես հարազատներիդ ներկայությունն անմիջապես դահլիճում, լրացուցիչ էներգիա ես ստանում:

Ծանրամարտը, ըմբշամարտը, բռնցքամարտը ամենից զարգացած մարզաձևերն են Հայաստանում: Այդ առումով մեզնից միշտ մեդալներ ու բարձր արդյունքներ են ակնկալում: Այս ամենն, իհարկե, պարտավորեցնում է: Մենք ել փորձում ենք այնպես անել, որ հայոց եռագույնն ու հիմնը միջազգային հարթակներում մշտապես տեսանելի և լսելի լինեն:

Երբ հաղթում ես, մեդալ նվաճում ու կանգնում ես պատվո հարթակին ու վեր է խոյանում դրոշը, զգացողություններն աննկարագրելի են ու անբացատրելի: Մի քանի վայրկյանների ընթացքում վերհիշում ես ողջ անցած ճանապարհը և, միևնույն ժամանակ, վայելում ես հաղթանակի բերկրանքը:

-Ռուբեն, կարիերայի ընթացքում բազմաթիվ վնասվածքներ եք ստացել, մի շարք դժվարություններ եք հաղթահարել, սակայն եբեք չեք ընկճվել` դրսևորելով անկոտրում կամք ու նպատակասլացություն: Ի՞նչ է հարկավոր սպորտում հաջողության հասնելու համար:

-2010 թվականին` 20 տարեկան հասակում, ուսի շատ լուրջ վնասվածք ստացա, որն ինձ մինչ 2013թվականը մեծապես խանգարեց: Եղան բացթողումներ, երկարատև դադարներ, մրցումներում զրո արդյունքներ 2013 թվականին մեկնեցի Գերմանիա բուժման, որից հետո `2014-ին, մասնակցեցի Եվրոպայի առաջնությանը: Այդքան դադարից հետո լավ արդյունք ցույց տվեցի` արծաթե մեդալակիր դառնալով: 2015 թվականի աշխարհի առաջնությանը շատ մոտ էի մեդալին: 2-րդ մոտեցման ժամանակ կրկին վնասվածք ստացա: Ամեն մի վնասվածք որոշ ժամանակ հետ է թողում մարզիկին, և կրկին ժամանակ է պահանջվում նորից վերականգնվելու համար: Այն մրցումներում, որտեղ հաջող հանդես չեմ եկել, վնասվածքներն են խանգարել: Նշեմ, որ ես միշտ նայել եմ առաջ, չեմ ընկճվել ու կանգ չեմ առել` հուսալով որ ամեն ինչ լավ կլինի: Հարկավոր է աշխատասեր լինել, երբեք չընկճվել, ոչնչից կանգ չառնել և ունենալ ձգտում` նպատակին հասնելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: