Հայերեն   English   Русский  

Սերիալում ազնիվ նախագահի մարմնավորած դերասանը Ուկրաինայի նախագահ է ընտրվել


  
դիտումներ: 837

Ուկրաինան ունի նոր նախագահ․ շոումեն և դերասան Վլադիմիր Զելենսկին ապրիլի 21-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքներով հաղթող է ճանաչվել։ Ուկրաինայի գործող նախագահ Պյոտոր Պորոշենկոն ջախջախիչ պարտություն է կրել՝ ստանալով քվեների ընդամենը 24,52 տոկոսը։ Մինչդեռ Զելենսկին ստացել է քվեների 73,15 տոկոսը։

Պորոշենկոն արդեն իսկ ընդունել է իր պարտությունը՝ հայտարարելով, որ պատրաստ է իր խորհուրդներով օգնել նորընտիր նախագահին։

Վլադիմիր Զելենսկին նորեկ է քաղաքականությունում։ Նա ավելի վաղ «Ժողովրդի ծառան» սերիալում նախագահի դեր էր խաղացել։ Մասնագետների կարծիքով՝ նրա կերտած ազնիվ նախագահի կերպարը որոշակի դեր է ունեցել ընտրողների համակրանքը շահելու հարցում։ Սակայն որոշիչ գործոնն, ըստ մասնագետների, փոփոխության ցանկութունն է․ Ուկրաինայի քաղաքացիները կարծես հոգնել են գործող իշխանություններից, ավանդական քաղաքական ուժերից, ասպարեզում տարիներ շարունակ գործող քաղաքական գործիչներից, նրանք փոփոխություն են ուզում։ Իսկ ստեղծված պարագայում փոփոխության հույս է ներշնչել Զելենսկին։

Զելենսկիի հաղթանակի գաղտնիքը

Ըստ մասնագետների՝ Պորոշենկոն ու Տիմոշենկոն պարտվեցին, քանի որ նրանց վերաբերմունքը ընտրազանգվածի նկատմամբ այլևս հնացել էր․ նրանց համար ընտրազանգվածը մարդիկ էին, որոնց ավտոբուսներով բերում էին հանրահավաքին մասնակցելու։ Մինչդեռ Զելենսկին, որպես շոումեն, քաջ գիտակցում էր, որ պետք է կարողանաս շահել քո լսարանի, այս պարագայում ընտրազանգվածի սիրտը, կարողանաս նրան դուր գալ։ Եվ շնորհիվ ինտերնետի և սոցիալական ցանցերի, նա կարողացավ հասանելի լինել անգամ ամենահեռավոր գյուղերի բնակիչների համար։ Ինստագրամի արդյունավետ օգտագործման շնորհիվ, ըստ ԶԼՄ-ների տվյալների, բարձր է եղել ընտրություններին երիտասարդների մասնակցության ցուցանիշը։

Ուշագրավ է, որ անգամ երկրորդ փուլից առաջ Զելենսկին այդպես էլ չհստակեցրեց իր նախընտրական ծրագիրը։ Նա վիճահարույց, բոլորին հուզող որևէ թեմայի շուրջ հստակ դիրքորոշում չներկայացրեց, ծրագրային ելույթներ չունեցավ։ Նա խոստանում է փոփոխություններ՝ այդպես էլ մինչև վերջ փակագծեր չբացելով։ Քաղաքագետների կարծիքով՝ Զելենսկիին սատարող ընտրազանգվածը միատարր չէ և նրանք էլ իրենց պահանջը հստակ չեն ձևակերպում․ նրանք էլ փոփոխություններ են ցանկանում, բայց ամեն խավ կամ խումբ այդ բառի տակ տարբեր բաներ է հասկանում։ Այդ իսկ պատճառով՝ կանխատեսումներ կան, որ Զելենսկիի ընտրվելուց հետո նրա ընտրազանգվածը կպառակտվի՝ ակնկալիքների տարաբնույթ լինելու պատճառով։ Այսպես, անգամ սոցհարցումներ են հրապարակվել, ըստ որի՝ հարցվածների շուրջ 70 տոկոսը կարճ ժամանակահատվածում, այն է՝ մեկ տարվա ընթացքում, տնտեսական իրավիճակի և իրենց բարեկեցության բարելավման հարցում փոփոխություն է ակնկալում։ Մինչդեռ նման կարճ ժամանակահատվածում և նախագահի սահմանափակ լիազորություններով նման բան իրատեսական չէ։

Մեկ այլ հարց է, թե ինպես Պորոշենկոն նման ցածր ցուցանիշներ ստացավ։ Վերլուծաբանների կարծիքով՝ գործուն նշանակություն են ունեցել ոչ միայն ընտրական ծրագրում հնչեցված, բայց նախագահության տարիներին չիրագործված խոստումները, երկրի ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, այլ նաև ընտրարշավի ժամանակ ընտրված սխալ մոտեցումը։ Պորոշենկոյի թիմակիցները ընտրարշավը կազմակերպել էին «ով մեզ հետ չէ, Պուտինին է սատարում» տրամաբանությամբ։ Եթե ընտրությունների առաջին փուլում սա որոշակի միավորող ազդեցություն ունեցել է՝ Պորոշենկոյին ապահովելով քվեների 15 տոկոսը, ապա երկրորդ փուլում՝ ոչ․ այլ թեկնածուների սատարած և Պուտինին սատարելու մեջ մեղադրված քաղաքացիներն այլևս դժվար Պորոշենկոյի կողքին կանգնեին։

Նախագահ՝ առանց խորհրդարանի

Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինան կիսանախագահական, կիսախորհրդարանական երկիր է։ Այստեղ նախագահի ընտրությամբ կառավարությունը չի ցրվում և նորը չի ձևավորվում։ Նախագահն իրավասու է նշանակել կառավարության սահմանափակ թվով անդամների․ դրանք են պաշտպանության նախարարը, անվտանգության խորհրդի ղեկավարը, գլխավոր դատախազը։ Մյուսների թեկնածությունը Գերագույն ռադան է ներկայացնում, կառավարության վերջնական կազմը ևս հաստատում է Գերագույն ռադան։

Զելենսկին նորեկ է քաղաքականությունում, նրա նորաստեղծ «Ժողովրդի ծառա» կուսակցությունը խորհրդարանում ներկայացված չէ։ Ավելին, Խորհրդարանում մեծամասնություն են կազմում Պորոշենկոյի թիմակիցները։ Այս պայմաններում Զելենսկիին բարդ է լինելու փոփոխություններ նախաձեռնելը։ Իհարկե, նա կարող է բանակցությունների միջոցով ընդհանուր հայտարարի գալ խորհրդարանում ներկայացված մյուս քաղաքական ուժերի հետ՝ սատարում ունենալու համար, սակայն ուկրաինացի քաղաքագետները մտահոգություն ունեն, որ նման համաձայնությունն իր գինը կունենա՝ հնարավորություն տալով «կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչներին վերարտադրվել»։

Կա մեկ այլ խնդիր ևս․ Զելենսկին չունի ձևավորված քաղաքական թիմ և դեռևս հստակ չէ, թե ովքեր են լինելու կարևորագույն պաշտոնների հավակնորդները։ Մի կողմից, ըստ վերլուծաբանների, Զելենսկիի ընտրողների ցանկությունն է դա՝ տեսնել նոր մարդկանց, որոնք որևէ կերպ անվանարկված չեն ու առնչություն չեն ունեցել նախկին որևէ իշխանության հետ։ Մյուս կողմից էլ՝ մտահոգության տեղիք է տալիս այն, որ կարևորագույն պաշտոններում նշանակվելու են անփորձ և անհայտ մասնագետներ։

Արտահե՞րթ, թե՞ հերթական խորհրդարանական ընտրություններ

Ուկրաինայի կառավարման համակարգի պայմաններում նախագահն առաջին դեմքն է, եթե ունի իրեն սատարող մեծամասնություն խորհրդարանում։ Հակառակ պարագայում նա շատ հարցերում սահմանափակված է լինելու։

6 ամիս անց Ուկրաինայում նախատեսված են խորհրդարանական ընտրություններ։ Սակայն, ըստ մասնագետների, առաջիկա կես տարվա ընթացքում սահմանափակված լինելու պատճառով արդյունավետ գործել չկարողանալը կարող է հիասթափություն առաջացնել՝ հանգեցնելով նրան, որ արդեն խորհրդարանական ընտրություններում Զելենսկիի կուսակցությունը բավարար չափով մանդատներ չունենա խորհրդարանում։

Այսքանի հետ մեկտեղ նաև խնդիր է արտահերթ խորհրդարանական ընտրությունների իրականացումը՝ Գերագույն Ռադան հնարավոր է ցրել միայն 3 պարագայում։ Երեքի համար էլ ներկա պահին նախադրյալներ չկան։

Ուկրաինայի նորընտիր և անփորձ նախագահը երկակի իրավիճակում է հայտնվելու երդմնակալությունից հետո։ Թե ինչպես նա դուրս կգա այդ իրավիճակից, դրանից մեծապես կախված է նրա հետագա քաղաքական ճակատագիրը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: