Հայերեն   English   Русский  

Ի՞նչ է պատասխանել Նիկոլ Փաշինյանը Կարինե Դանիելյանի բարձրացրած հարցին


  
դիտումներ: 634

Ապրիլի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպան ժամանակ Հանրային խորհրդի անդամները բարձրացրել են ամենատարբեր ոլորտներին վերաբերող հարցեր։

Հանրային խորհրդի բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀԽ անդամ Կարինե Դանիելյանը վարչապետի ուշադրությունը հրավիրել է այն հարցի վրա, որ ժամանակին կառավարությանն առընթեր գործում էին բազմաթիվ միջգերատեսչական ոլորտային հանձնաժողովներ, որտեղ նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն էին ներգրավված, և հիմա այդ հանձնաժողովները չեն գործում։

«Ասացի, որ ճիշտ է, այդ հանձնաժողովներում 100 տոկոսով բոլոր հարցերը չէին լուծվում, բայց դրանք բավականին օգտակար էին։ Որպես օրինակ՝ նշեցի Սևանի հիմնախնդրով հանձնաժողովը և խորհուրդ տվեցի, որ հենց վարչապետն էլ այդ հանձնաժողովը ղեկավարի,-Անկախ-ի հետ զրույցում ասաց տիկին Դանիելյանը,- խոսեցի նաև Կայուն զարգացման ազգային խորհրդի մասին՝ նշելով, որ դա նույնպես բավականին օգտակար էր, հատկապես, որ մենք պարտավորություն ունենք միջազգային հանրության և ՄԱԿ-ի առջև»։

Կարինե Դանիելյանն ասել է, որ սոցիալական, տնտեսական, էկոլոգիական հակասությունները՝ կայուն զարգացման գաղափարախոսության ներքո, լուծվում էին այդ խորհրդում, ինչը որպես խիստ դրական քայլ էր երկայացվում եվրոպական կառույցների կողմից և նույնիսկ առաջարկվել է այլ երկրներին օգտագործել Հայաստանի փորձը։

«Ես շնորհակալություն հայտնեցի վարչապետին, որ երկրի զարգացման առաջնահերթությունների եռյակից վերջապես հանվել է հանքարդյունաբերությունը, հատկապես այն տեսքով, որ օգտագործվում են մետաղային հանքերը, որն ուղղակի ոչնչացնում է շրջակա միջավայրն ու բնակչության առողջությունը, և պատահական չէ, որ Հայաստանը քաղցկեղից մահացության ցուցանիշով առաջին տեղերում է»։

Կարինե Դանիելյանը հույս է հայտնել, որ Հայաստանը կօգտագործի կայուն զարգացման ոլորտում ամենաառաջավոր երկրների՝ սկանդինավյան երկրների փորձը։

Անդրադառնալով Կարինե Դանիելյանի՝ միջգերատեսչական հանձնաժողովների աշխատանքները վերսկելու վերաբերյալ առաջարկին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ գալով իշխանության՝ զարմացել է նմանատիպ հանձնաժողովների թվից։ Վարչապետն առաջարկել է, որ այդ հանձնաժողովների դերն իր վրա վերցնի Հանրայի խորհուրդը։

Տիկին Դանիելյանն ասում է, որ դա դժվար իրագործելի խնդիր է, քանի որ որոշ հարցեր գտնվում են մի քանի գերատեսչությունների գործունեության ոլորտում, և դժվար կլինի Հանրային խորհրդի մի հանձնաժողովում այդ բոլորին մեկտեղել ու հարցը քննարկել։

«Օրինակ՝ վերցնենք Սևանի հարցը։ Սևանի հարցով միջգերատեսչական հանձնաժողովում ներգրավված էին գրեթե բոլոր նախարարությունների ներկայացուցիչները, քանի որ հարցն առնչվում էր գրեթե բոլորին։ Եվ ի դեպ, հատկապես Վլադիմիր Մովսիսյանի ղեկավարության ժամանակ այդ հանձնաժողովը շատ արդյունավետ աշխատում էր։ Հիմա, եթե ես Սևանի հետ կապված հարցերը որոշեմ մեր հանձնաժողովում քննարկել, կկարողանա՞մ արդյոք այդ բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչների մասակցությունն ապահովել։ Չեմ կարող ասել»։

Այնուամենայնիվ, ըստ Կարինե Դանիելյանի, պետք է աշխատանքի այս նոր ձևաչափը քննարկել կառավարության հետ և գտնել լուծման արդյունավետ մեխանիզմներ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: