Հայերեն   English   Русский  

Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը


  
դիտումներ: 534

1914 թվականին սկսված Առաջին համաշխարհային պատերազմը լավ առիթ հանդիսացավ Օսմանյան Թուրքիայում իշխանության գլուխ կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցության համար՝

իրենց իշխանության ներքո գտնվող հայերին ոչնչացնելու, և ի վերջո կոկորդում խրված փուշը արմատախիլ անելու համար: Չնայած բնաջնջման ծրագիրը մինչև վերջ չկարողացան իրականացնել, սակայն 1915 թվականից մինչև 1923 թվականը երիտթուրքերի կողմից զանգվածային տեղահանության ենթարկվեց և բնաջնջվեց Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը: Եղեռնին զոհ գնաց ավելի քան մեկուկես միլիոն մարդ, իսկ ողջ մնացածները կամ տեղափոխվեցին այլ երկրներ, կամ դավանափոխ եղան:

Ոճրից անցել է 104 տարի, սակայն Թուրքիան շարունակում է վարել պետական ժխտողական քաղաքականություն, որի դեմ այսօր պայքարում են ոչ միայն հայերը, այլև օտարերկրացիները, այդ թվում՝ թուրք շատ գործիչներ: Պայքարը ուղղված է Թուրքիայի և այլ երկների կողմից Ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը:

Այս գործընթացը սկսվել է դեռևս 1915 թվականի մայիսի 24-ից, երբ դաշնակից երկրներ՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսական կայսրությունը հայերի զանգվածային սպանությունները որակեցին իբրև «հանցագործություն մարդկության հանդեպ»: Դաշնակիցները քննադատեցին Բարձր դռան քայլերը և զգուշացրին, որ հանցագործությունների համար Օսմանյան կառավարության բոլոր անդամները պատասխանատվության են ենթարկվելու: Բայց նույնիսկ այս նախազգուշացումները չկանգնեցրին երտթուրքերին:

Մինչ այսօր աշխարհի տարբեր երկրներ ու միջազգային կազմակերպություններ ցեղասպանությունը քրեականացնող և դատապարտող օրինագծեր ու բանաձևեր են ընդունում:

1915 թվականի մայիսի 24-ից հետո գործնականում Ցեղասպանության ճանաչման գործընթացը վերսկսվեց 1965 թվականին, երբ Ուրուգվայը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Այսօր ավելի քան 35 պետություն, այդ թվում՝ Օսմանյան Թուրքիան, ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը: Օսմանյան կայսրությունը 1919 թվականին դարձավ իր իսկ կատարած ոճրի առաջին ճանաչողը, սակայն նրան հաջորդած Թուրքիան՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գլխավորությամբ որդեգրեց հրաժարման և ժխտման քաղաքականությունը:

ԱՄՆ-ի գրեթե բոլոր նահանգները արդեն իսկ ընդունել են ոճրագործությունը քրեականացնող օրինագծեր: Արաբական մի շարք պետություններ սկսել են քայլեր ձեռնարկել ճանաչման գործընթացում ներգրավվելու համար: Ֆրանսիան, որ դեռ 2006 թվականին էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, 2019 թվականին հանդես եկավ մեկ այլ նախաձեռնությամբ: Ապրիլի 10-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրեց ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին հրամանագիրը:

Պետություններից բացի Հայոց ցեղասպանությունը ընդունել են մի շարք կազմակերպություններ՝ Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ը և այլն:

Վերջին երկիրը, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Իտալիան է: 2019 թվականի ապրիլի 10-ին Իտալիայի խորհրդարանը 382 կողմ ձայնով հաստատեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:

Ապրիլի 24-ը ամեն տարի հերթական առիթն է դառնում՝ տարբեր երկրներում կատարված անմարդկային արարքների մասին բարձրաձայնելու ու դրանց համար հատուցում պահանջելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: