Հայերեն   English   Русский  

Ֆրանսահայ աշակերտները շրջել են կառավարության շենքում


  
դիտումներ: 267

Սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանի ուղեկցությամբ ապրիլի 23-ին Ֆրանսիայի «Համազգային» (ք. Մարսել),

«Դպրոցասեր տիկնանց» (Ռենսի/Փարիզ) և «Սուրբ Մեսրոպ-Արապեան» (ք. Ալֆորվիլ) հայկական ամենօրյա վարժարանների աշակերտները և ուսուցիչները շրջայց կատարեցին Հայաստանի Հանրապետության կառավարության շենքում: Ինչպես հայտնեցին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցը շատ խորհրդանշական էր աշակերտների համար, նրանք ոգևորվածությամբ շրջեցին Կառավարական տան դահլիճներում, հանդիպումների սրահներում եղան, ծանոթացան գործադիրի աշխատանքին, կառավարության նիստերի դահլիճում հարցեր ուղղեցին նախարարի պաշտոնակատար Բաբկեն Տեր Գրիգորյանին:

Դպրոցի սաներին հատկապես հետաքրքրում էին հեղափոխության բերած փոփոխությունները, այս մեկ տարվա ընթացքում գրանցած հաջողությունները: Նրանցից մեկն անկեղծորեն հարցրեց. «Արդյո՞ք այսօր մարդիկ նույնքան ուրախ են, որքան մեկ տարի առաջ հեղափոխության օրերին էին»: Բաբկեն Տեր Գրիգորյանը հեղափոխության կարևորագույն ձեռքբերումը համարեց ժողովրդավարության հաստատումն ու ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացումը, կոռուպցիայի դեմ դրսևորվող զրո անհանդուրժողականությունը:

Աշակերտներին հետաքրքրվեցին նաև՝ հեղափոխությունը նպաստե՞լ է Հայաստանի և մյուս երկրների հարաբերությունների լավացմանը: Ըստ Բաբկեն Տեր Գրիգորյանի՝ Հայաստանում ժողովրդավարության հաստատումը խոսուն ազդակ է միջազգային հանրության համար, և մեր երկիրն այլևս վստահելի գործընկեր է մարդու իրավունքների, օրենքի գերակայության տեսանկյունից:

Սփյուռքահայ պատանիներն անդրադարձան նաև սփյուռքի նախարարության վերակազմավորմանը, Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման հետագա ընթացքին: Սփյուռքի նախարարի պաշտոնակատարը նշեց, որ վարչապետի աշխատակազմում գործելու է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, այսպիսով՝ Հայաստան-սփյուռք կապերը դրվում են ավելի բարձր մակարդակում, քանի որ նախարարության ձևաչափում չէին արդարացվում այն ակնկալիքները, որոնք առկա էին:

Գրասենյակը ունենալու է համակարգման լայն գործառույթ, հանձնակատարի պաշտոնը լինելու է եզակի պաշտոն՝ սրանով մեկ անգամ ևս արձանագրելով սփյուռքի հետ աշխատանքի կարևորությունը: «Գրասենյակը հիմնականում աշխատելու է 4 ուղղությամբ՝ հայրենադարձություն և ինտեգրում, հայապահպանություն և համայնքներին աջակցություն, համահայկական օրակարգի ձևավորում և սփյուռքի ներուժի նպատակային օգտագործում Հայաստանի զարգացման գործում: Հայրենադարձությունը լինելու է մեր քաղաքականության հիմքում: Հայաստանը պիտի բոլոր հայերի հայրենիքը լինի: Ինքս էլ հայրենադարձ եմ, ծնվել եմ Փարիզում, մեծացել Լոս Անջելեսում, 7 տարի առաջ էլ որոշեցի հայրենադարձվել, սակայն ամեն ինչ սկսվել է ահա այսպիսի մի այցից դեռևս 20 տարի առաջ: Վստահ եմ՝ ձեզ մեջ կան մարդիկ, որոնք տարիներ անց կլինեն Հայաստանի կառավարության կազմում»,-ընգծեց Բաբկեն Տեր Գրիգորյանը՝ շեշտելով նաև սփյուռքի ներուժի կարևորությունը ոչ միայն ֆինանսական, այլև առավելապես մարդկային, մասնագիտական, ցանցային առումներով:

Հարցեր հնչեցին նաև արևմտահայերենի պահպանման և տարածման վերաբերյալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: