Հայերեն   English   Русский  

Ստեփանակերտում տեղի է ունեցել Մաղավուզի հանքանյութից ստացված նավթամթերքի շնորհանդեսը (տեսանյութ)


  
դիտումներ: 1194

Այսօր` ապրիլի 23-ին, ԱՀ կառավարությունում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կողմից կազմակերպվել է Արցախի Մաղավուզի հանքանյութից ստացված նավթամթերքի շնորհանդես:

«Արցախպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Հանրապետության Նախագահի ներկայությամբ տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ գիտական ուսումնասիրությունների ծրագրի ղեկավար, ՀԱՊՀ քիմիա-կենսա և բնապահպանական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Գագիկ Թորոսյանը նշել է, որ Մաղավուզի հանքի հարստացված քարածուխից լաբորատոր պայմաններում հաջողվել է ստանալ նավթամթերք:

«Ստացված ծավալները համապատասխանում են գիտական առումով սահմանված ստանդարտներին: Մասնավորապես մշակված զանգվածից, որը կազմել է մոտ 12 տոկոս, թորելով 50 %-ը, ստացել ենք դիզելային վառելիք, 30 %-ը՝ բենզին, իսկ 20 %-ը՝ բիտում: Արդյունքները ներկայացվել են նաև միջազգային գիտաժողովում և արժանացել են բարձր գնահատականի, քանի որ ի տարբերություն ընդունված պրակտիկայի, քարածխից նավթ ստանալու համար մենք նոր տեխնոլոգիա ենք կիրառել՝ ջրի փոխարեն օգտագործելով օդի ճնշման մեթոդը: Մենք հեռանկարում կարող ենք դիտարկել նաև մեկ այլ տարբերակ, այսինքն՝ կարող ենք գազաֆիկացնել ածուխը: Այսօր ամբողջ աշխարհում այն ընդունված մեթոդ է, որը պահանջում է հետազոտական որոշակի աշխատանք»,- նշել է Գ. Թորոսյանը:

Գիտական խմբի ղեկավարի համոզմամբ՝ հանքավայրում երկրորդ փուլի հետազոտական աշխատանքների իրականացման պարագայում, որը կտևի 3-4 ամիս, հնարավոր կլինի հստակ պարզել Մաղավուզի հանքանյութի պաշարները, քանի որ հավանականություն կա, որ այն ավելին է, քան խորհրդային շրջանում կատարված ուսումնասիրությունների արդյունքները, ըստ որի` այն կազմում է 4 մլն տոննա:

Նախագահ Սահակյանը կարևորել է կատարված ուսումնասիրություններն՝ ընդգծելով հատկապես դրանց արդյունքները: Նա նշել է, որ անհապաղ պետք է սկսել երկրորդ փուլի աշխատանքները և պետական նախարարին հանձնարարել է բուհի հետ կնքել պայմանագիր, որպեսզի կարճ ժամանակամիջոցում գործնականում ստեղծվեն բոլոր պայմանները նավթամթերք ստանալու համար:

Շնորհանդեսին ներկա էին նաև Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: