Հայերեն   English   Русский  

Ստեփանակերտում կազմակերպվել է ջահերթ. մասնակիցները պահանջում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում (լուսանկարներ)


  
դիտումներ: 554

Հայ հեղափոխական դաշնակցության Արցախի կառույցի երիտասարդական և ուսանողական միությունների նախաձեռնությամբ Ստեփանակերտում այսօր կազմակերպվել է ջահերթ:

Միջոցառման մեկնարկը տրվել է մայրաքաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցուց, որտեղ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մինաս քահանա Մովսիսյանը կատարել է ոգեկոչման արարողություն:

ջահերթ

Այնուհետև ջահերթի մասնակիցները եկեղեցու բակից շարժվել են դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող կառուցված Զանգակատուն-հուշակոթող:

ջահերթ

ջահերթ

Ջահերթի մասնակիցները մայրաքաղաքի կենտրոնական հատվածում հայկական ազգային երաժշտության ներքո վառել են Թուրքիայի և Ադրբեջանի պետական դրոշները:

ջահերթ

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Զանգակատուն-հուշակոթողի մոտ միջոցառմանը Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, դիմելով մասնակիցներին, ասել է, որ ոգեկոչման նպատակն է, որպեսզի ճշմարտությունն ի վերջո հաստատվի այս անտարբեր աշխարհում:

ջահերթ

«Մենք այսօր այստեղ ենք, որպես հայ դատի պահանջատեր՝ կանխելու հետագա ցեղասպանությունները: Այսօր մենք՝ մանավանդ արցախցիներս, չպիտի մոռանանք, որ տակավին թուրքի յաթաղանը կախված է մեր գլխից: Մենք Արցախում, Ադրբեջանում տեսանք նոր ցեղասպանությունների փորձ՝ ի դեմս Գանձակի, Սումգայիթի, Մինգիչավուրի, բայց բարեբախտաբար, մեր ազգը համախմբվեց, պաշտպանեց իր իրավունքները: Ցեղասպաններին չհաջողվեց համատարած ոճրագործություններ տարածել հայոց աշխարհի վրա: Մենք այսօր այստեղ ենք՝ ոչ ասելու աշխարհի ցեղասպանություններին և ոչ միայն մեր խոնարհումը բերելու, այլև ուխտելու, որ այս հողի պաշտպանն ենք»,-մասնավորապես ասել է Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

ջահերթ

ԱՀ Ազգային ժողովի փոխնախագահ, «Դաշնակցություն» խմբակցության Վահրամ Բալայանը մեզ հետ զրույցում ասել է, որ ամեն տարի ջահերթի մասնակիցների թիվն ավելանում է, և հայ երիտասարդը, զինվոր դարձած, պահում է իր հող հայրենին:

«Այս ջահերթը տարեցտարի նոր որակ է ստանում, որովհետև այսօրվա երիտասարդները գիտակցում են, որ միայն իրենց ուժի վրա հենվելով կարող են հասնել իր վերջնական նպատակին: Դա ապացուցվեց մեր անցած 30 տարիների ընթացքում, և այդ պայքարի արդյունքում մենք տեսանք Հայաստանի և Արցախի հանրապետություններ, արժանապատիվ հայորդիներ, ովքեր կարողացան պայքարել չարի ու բռնության դեմ ու հասնել հաղթանակի: Այսօրվա երիտասարդները կլինեն մեր արժանի հերթափոխները՝ հանուն միացյալ, ազատ Հայաստանի»,-ավելացրել է Վ. Բալայանը:

ջահերթ

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ արդեն 20 տարի է, ինչ ՀՅԴ Արցախի կառույցի երիտասարդական և ուսանողական միությունների նախաձեռնությամբ իրականացվում է ջահերթ:

Ըստ Լ. Հովհաննիսյանի՝ միջոցառման խորհուրդը հայ ժողովուրդի ոգեկոչման, հատուցման ու պատմական իրավունքների վերականգնման պայքարն է:

«Աշխարհի բոլոր ծայրերում, որտեղ կան հայեր ամեն տարի կազմակերպվում է ջահերթ՝ ցույց տալով, որ մենք դեմ ենք պատմական այն բոլոր անարդարություններին, որ կատարվել են հայ ժողովրդի նկատմամբ: Մենք պահանջում ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, որը վերջին տարիներին նոր թափ է ստացել»,- նշել է նախարարը:

ՀՅԴ Արցախի երիտասարդական միության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Բենո Միրզոյանն իր խոսքում նշել է, որ ջահերթի հիմնական նպատակն է միջազգային հանրությանը ևս մեկ անգամ ներկայացնել հայ ժողովրդի արդար կոչն ու պահանջը,

որի արդյունքում կլինի Հայոց ցեղասպանության ճանաչումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: