Հայերեն   English   Русский  

Արսեն Հարությունյան. «Հաղթանակս ողջ հայ ժողովրդինն է»


  
դիտումներ: 810

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 6 տարվա ընդմիջումից հետո Հայաստանն ունեցավ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն։

61 կգ քաշային կարգում աշխարհամասի ուժեղագույն ըմբիշ ճանաչվեց 19-ամյա Արսեն Հարությունյանը: Եզրափակիչ գոտեմարտում հայ մարզիկը տպավորիչ հաղթանակ տարավ` 17։11 հաշվով առավելության հասնելով վրացի փորձառու ըմբիշ Բեկա Լոմտաձեի նկատմամբ:

Անկախի հետ զրույցում նորընծա չեմպիոնը կիսվում է տպավորություններով և խոսում հաջողության հասնելու իր գրավականի մասին:

-Շնորհավորում ենք Ձեզ Եվրոպայի առաջնությունում հաղթանակած ելույթների և չեմպիոնի կոչումը նվաճելու առիթով:

- Շնորհակալ եմ: Մեծ աշխատանք ենք կատարել մարզիչներիս հետ այս հաղթանակին հասնելու համար: Անպայման ցանկանում եմ նշել և շնորհակալություն հայտնել իմ բոլոր մարզիչներին` Արշակ Հայրապետյանին, Գևորգ Վարդանյանին, Արշակ Սանոյանին, Արթուր Մարտոյանին: Նրանց հետ սկսել եմ նախապատրաստվել Հայաստանի և մեծահասակների Եվրոպայի առաջնություններին: Հայաստանի առաջնությունը հաղթելուց հետո մասնակցել եմ հավաքների մեծահասակաների հետ, որտեղ արդեն իրենց խորհուրդներով ինձ ուղղորդել են ազգային հավաքականի մարզիչները: Նրանց նույնպես անչափ շնորհակալ եմ, որ այդ ընթացքում կողքիս են եղել, ճիշտ ցուցումներ են տվել և օգնել են, որ հաղթեմ:

Անձնական և հավաքականի մարզիչները մեծ ներդրում ունեն իմ հաղթանակում: Առանց նրանց հաստատ չէի կարող նման արդյունք գրանցել: Միասնական աշխատել ենք և շարժվել առաջաբանով, որ, թեև բոլորս տարբեր ենք, բայց նպատակը մեկն է, պետք է համախմբվենք, աշխատենք, որպեսզի բոլորիս նպատակներն իրագործենք:
Գոտեմարտերի ժամանակ միշտ զգում եմ, թե ինչ է կատարվում դահլիճում, լսում եմ թե՛ մարզիչներին, թե՛ ինձ աջակցող երկրպագուներին: Շատ շնորհակալ եմ նրանցից, քանի որ ավելի եմ ոգևորվում: Միայնակ մարդը ոչինչ չի կարող անել: Միասնական պետք է հաղթենք:

Արսեն Հարությունյան 2019

-Եզրափակիչ գոտեմարտի ընթացքում` անկոտրում կամք դրսևորեցիք, առաջ մղվեցիք ու փառահեղ հաղթանակ տոնեցիք: Ի՞նչ է տալիս հաղթանակը:

- Ես հավատում եմ Աստծուն: Գիտեմ, որ Աստված կողքիս է: Կարևորը հավատն է, որ ապրում է մարդու մեջ և օգնում հասկանալ, որ ամեն ինչի հնարավոր է հասնել և ամեն բան կիրականանա:
Այս հաղթանակը ողջ հայ ժողովրդինն է, հատկապես զիվորներինը` մեր քաջ ու արի տղաներինը: Մեծ պատիվ է ինձ համար ներկայացնել Հայաստանը միջազգային ասպարեզում և հաղթել: Հպարտ եմ, որ կարողացա Հայաստանի դրոշը բարձրացնել ու ցույց տալ, որ մենք ուժեղ ենք, ունենք լավ մարզիկներ, որոնք կարող են բարձունքներ նվաճել, չեմպիոններ դառնալ:

Ես համոզված եմ, որ իմ հաղթանակից հետո երեխաները կոգևորվեն, ավելի լավ կպարապեն` հաջողություններ գրանցելու և հաղթանակների հասնելու համար:
Հաղթանակը վստահություն է հաղորդում, որ կարողանամ տրամադրվել մրցումներինց առաջ, լարվածությունը դուրս է գալիս: Մարզիկը գորգ դուրս է գալիս որպես լիդեր, շատ մրցակիցներ սկսում են մտահոգվել և խուսափում են վիճակահանության ժամանակ նույն խմբում ընկնելուց: Կարծում եմ` իմ հաղթանակը կոգևորի բոլորին, իսկ օտարազգի մրցակիցներն էլ ավելի հաշվի կնստեն հայ մարզիկների հետ:

Արսեն Հարությունյան 2019

-Ձեր հաղթանակը ուրախություն պարգևեց մարզասեր հասարակությանը: Օդանավակայանում Ձեզ մեծ շուքով դիմավորեցին:

-Նման ընդունելություն իսկապես չէի սպասում: Շնորհակալ եմ բոլորին: Շատ տպավորիչ պահ էր: Առաջին անգամ էի մենակ հաղթանակած դուրս գալիս, մյուս դեպքերում միշտ ընկերներիս հետ ենք վերադառնում: Միաժամանակ տխուր էի, որ ընկերներս մեդալներ չնվաճեցին, բայց նրանք իմ հաղթանակով ուրախացան, և դա ինձ մեծապես ոգևորում է:

-Չնայած երիտասարդ տարիքին` սպորտում մեծ փորձ ունեք, հաղթանակներով կերտած ճանապարհ եք անցել: Ի՞նչ է հարկավոր սպորտում հաջողության հասնելու համար:

-Հարկավոր է քրտնաջան աշխատել, և ամենակարևորը, երբեք չթերանալ: Կարևորը ոչ թե շատ, այլ ճիշտ մարզվելն է: Պետք է հավատալ Աստծուն, մարզիչներին և ինքդ քեզ` մեծ նվաճումների հասնելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: