Հայերեն   English   Русский  

​Հայալեզու վիքիպաշարները համալրվում են, բայց դեռ շատ անելիք կա


  
դիտումներ: 988

Հայերեն վիքիպեդիան արդեն 145 600 հոդված ունի: Շուրջ 35 հազար հայեր գրանցված են որպես ազատ հանրագիտարանի համար բովանդակություն ստեղծողներ, նրանցից մշտապես ակտիվ են շուրջ հազարը:

Վիքիպեդիան հայատառ բովանդակությամբ հարստացնելու գործընթացին ամեն կերպ աջակցում է «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը: ՀԿ-ի նախագահ , տեխնիկական գիտությունների թեկնածու Սուսաննա Մկրտչյանը պատմում է, որ դեռ 2010-ին նկատեց, թե ինչ աղքատիկ է հայալեզու ազատ հանրագիտարանը: «Նկատեցի, որ համացանցում ինչ էլ փնտրես` վիքիպեդիայից հոդված անպայման բերում է, մինչդեռ հայերեն վիքիպեդիան շատ աղքատիկ էր, ուներ ընդամենը 10 հազար հոդված»,- ասում է Մկրտչյանը: Նա ԶԼՄ-ներով նյութ է հրապարակում` կոչ անելով ձեռնամուխ լինել համացանցում հայատառ պաշարների ավելացմանը: Ինքն էլ հետևողականորեն իրականացնում է իր կոչը: Մշակում և «Վիքիմեդիա» հիմնադրամին է ներկայացնում հայալեզու վիքիպեդիայի զարգացման ծրագրի փաթեթը: Այն հավանության է արժանանում, ու 2013-ին հիմնադրամը թույլ է տալիս օգտագործել «Վիքիմեդիա» անվանումը` դառնալով «Վիքիմեդիա» տարածքային կազմակերպություն:

Մկրտչյանն ասում է, որ շատ այլ երկրներում էլ վիքինախագծերի իրականացմանն աջակցող կազմակերպություններ կան, Հայաստանը միակը չէ: Բացի այդ, զարգացած երկրների դպրոցներում և բուհերում ևս գիտակցում են իրենց լեզվով կրթական պաշարների ստեղծումը` աշակերտներին և ուսանողներին հանձնարարելով վիքիպեդիայում կոնկրետ թեմաներով հոդվածներ ստեղծել:

«Եթե վիքիպեդիան չլիներ, համոզված եղեք, որ համացանցում հայերենը կհայտնվեր մեռնող լեզուների շարքում: Իսկ մեր օրերում բոլորը համացանցից են օգտվում»,- ասում է Մկրտչյանը` հավելելով, որ իրենք սովորեցնում են մերօրյա երիտասարդներին գործել ու ինչ-որ կերպ օգտակար լինել սեփական լեզվին ու ժողովրդին:

ՀԿ-ն պարբերաբար դասընթացներ է կազմակերպում ցանկացողների համար` նրանց ներկայացնելով վիքիխմբագիր դառնալու մանրամասները, գրելու հմտություններ հաղորդելով, ուղղորդելով թեմաների ընտրության հարցում:

Մկրտչյանն ասում է, որ վիքինախագծերում հիմնականում ընդգրկված են պատանիներ ու երիտասարդներ, բայց հայալեզու ազատ հանրագիտարանը նաև փորձառու մասնագետների կարիք ունի: Նա հատկապես առանձնացնում է գիտահանրամատչելի կրթական պաշարների պակասը: Ասում է, որ հանդիպումներ են ունեցել համալսարանականների և ԳԱԱ ներկայացուցիչների հետ: Բոլորն էլ կարևորել են ՀԿ-ի գործունեությունը, սակայն բովանդակություն ստեղծելու առումով ակտիվություն չեն ցուցաբերել: Մկրտչյանը, սակայն, կարծում է, որ ամեն ինչ դեռ առջևում է: Նա որպես օրինակ մատնանշում է Չինաստանը, որտեղ թոշակի անցած գիտնականները որոշակի դասընթաց են անցնում համակարգչային հմտություններ ձեռք բերելու համար և դառնում են վիքիխմբագիրներ` ստեղծելով գիտական բովանդակություն ազատ հանրագիտարանի համար:

Հարցին, թե ով և ինչպես կարող է վիքիխմբագիր դառնալ, Մկրտչյանը պատասխանում է` ամեն ոք: Դրա համար ընդամենը պետք է այցելել վիքիպեդիայի կայքէջ, սեղմել կայքի վերևի աջ անկյունում «Ստեղծել մասնակցի հաշիվ» գրության վրա և հետևել հրահանգներին: Իսկ բովանդակություն ստեղծելու համար հարկավոր է նախ թեման որոշել, ապա որոնել` համոզվելու, որ այդ թեմայով նյութ չկա հանրագիտարանում: Ցանկալի է որոնել նաև ռուսերենով և անգլերենով` վերջնականապես համոզվելու, որ թեմայի հայերեն տարբերակը չկա (լինելու դեպքում այլալեզու էջից դեպի նույն թեմայով հայերեն հրապարակումը հղում կլինի): Այնուհետև, կարող եք անցնել տեքստը շարադրելուն` հիշելով, որ հանրագիտարանում նյութերը փաստերի վրա պետք է հիմնված լինեն, ոչ թե կարծիքի: Իսկ նյութերի հավաստիությունն ապահովելու համար պահանջվում է նշել նյութի աղբյուրները:

Նորեկներին Մկրտչյանը կոչ է անում չվախենալ սխալ անելուց և ինչ-որ բան փչացնելուց: «Այստեղ բոլորը միմյանց օգնում են, համագործակցային միջավայր է»,- ասում է նա:

«Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ-ն նաև այլ վիքինախագծեր է իրականացնում, որոնցից են Վիքիդարանը և Վիքիբառարանը:

Վիքիդարանը օն-լայն գրքերի շտեմարան է, որտեղ ներկայացված են հայ և օտարերկրյա հեղինակների ստեղծագործությունները: Արդեն 6200-ից ավելի նյութ է տեղադրվել այստեղ:

Մկրտչյանն ասում է, որ մի փոքր դժվար է այն առումով, որ հեղինակային իրավունքի հետ գործ ունեն, որը խախտել չեն կարող. համացանցում կարող են տեղադրվել միայն այն գործերը, որոնց օգտագործումն ազատ է, այսինքն՝ հեղինակի մահից անցել է 70 տարի:

Իսկ վիքիբառարանը բացատրական և հոմանիշների բառարանի օն-լայն մեկտեղում է: Այստեղ արդեն ներկայացված է շուրջ 34 հազար բառի բացատրություն: Վիքիբառարանի համալրման գործում ՀԿ-ն ներգրավել է դպրոցահասակ երեխաներին: Վանաձորի Արևածագ գյուղում վիքիակումբ է ստեղծվել, որտեղ մոտ 30 աշակերտներ համալրում են օն-լայն բառարանը: Մկրտչյանն ասում է, որ վիքի-ակումբներ են ստեղծվել նաև Ապարանում, Եղվարդում, Աշտարակում, որտեղ ամեն ոք, որ ուզում է իր լուման ունենալ հայերեն վիքիպաշարների զարգացման գործում, կարող է աջակցություն և խորհրդատվություն ստանալ: Սակայն, նման ակումբներ ունենալը որոշակի ծախսեր է պահանջում, որ կարելի է իրականացնել հովանավորների օգնությամբ:

«Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության նախագահն ասում է, որ մի քանի տարի առաջվա համեմատ՝ աննախադեպ է հանրության ակտիվությունը վիքիպաշարները համալրելու գործում: Դրան շատ է նպաստել հատկապես «Մեկ հայ, մեկ հոդված» նախաձեռնությունը: Սակայն արդյունավետության համար հարկավոր է առնվազն 2-3 հազար ակտիվ խմբագիր, ինչը նշանակում է, որ Հայաստանում դեռ այդ ուղղությամբ անելիք շատ կա:

Այնպես որ, եթե դեռ չեք ստեղծել գոնե մեկ հոդված ազատ հանրագիտարանի համար, սկսեք մտածել այդ մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: