Հայերեն   English   Русский  

​Լատինատառ հայերեն. մարտահրավեր ազգային ինքնագիտակցությանը


  
դիտումներ: 4840

«Evropakan jarangutyan orer Hayastanum. Tsragri manramasnery -mincult.am»: Սա մշակույթի նախարարության հաղորդագրություններից է:

Կարելի է մտածել, թե մշակույթի նախարարությունն այնքան է տենչում պահպանել եվրոպական մշակույթը, որ հանուն դրա պատրաստ է զոհաբերել մեսրոպյան գրերը: Սակայն լատինատառ հաղորդագրություններ բջջային հեռախոսակապի բաժանորդներին ուղարկում են գրեթե բոլոր նախարարությունները, այդ թվում` գյուղատնտեսության, արտակարգ իրավիճակների և այլն:

«Տրանսլիտ» կոչված երևույթը հայկական իրականություն ներխուժեց համացանցի հետ, երբ տեխնիկական միջոցները հայատառ գրելու հնարավորություն չէին տալիս: Աստիճանաբար, ներմուծվեցին նոր տեխնիկական միջոցներ և ծրագրեր, որոնք հնարավորություն տվեցին համացանցում գրելու հայերեն, սակայն լատինատառ գրառումները ոչ միայն չեն վերանում, այլև ծաղկում են ապրում: Հայաստանում ամենատարածված որոնման համակարգի՝ «Գուգլի» (Google) միջոցով նույն բառը լատինատառ հայերենով մոտ 10 անգամ ավելի շատ է փնտրվում, քան մեսրոպատառով: Այս միտումը հատկապես տարածված է սոցիալական ցանցերում:

Օդնոկլասնիկի, Ֆեյսբուք, Թվիթեր, Վկոնտակտե կայքերում հայ օգտատերերը հիմնականում գրում են լատինական տառերով կամ կիրիլիցայով, ընդ որում մեծահասակները գրում են կիրիլիցայով, իսկ ավելի երիտասարդները՝ լատինական տառերով:

Ըստ տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի` պատճառը տեխնիկական միջոցների բացակայությունը չէ: Կան ծրագրեր, որոնց օգնությամբ բջջային հեռախոսներում և պլանշետներում կարելի է գրել հայերեն: Ֆեյսբուքում ներկայումս 76 հազար հայ օգտատերեր կան, որոնց 50%-ը ցանց է մտնում սմարթֆոնների միջոցով, ինչը նշանակում է, որ նրանք հայերեն գրելու հնարավորություն ունեն:

Շատերը խոստովանում են, որ լատինատառ են գրում, որովհետև այդպես կարող են թաքցնել իրենց անգրագետ հայերենը:

«Այստեղ ուրիշ է հարցը. անգամ պատերի վրա այլ լեզուներով են գրում: Սիրո խոստովանությունները, հայհոյանքներն անգլերեն են գրվում: Ուրեմն հոգեբանական խնդիրն էլ իր մասնաբաժինը ունի: Նախ` այդ խնդիրը պետք է լուծել»,- ասում է Սամվել Մարտիրոսյանը:

Լատինական տառերը համահունչ չեն հայերենին Նման գրառումների մեծ մասը վերծանման կարիք ունի: Օրինակ՝ ինչպե՞ս գրել «տուրք» բառը լատինական տառերով. Turq: Այդ դեպքում ինչպե՞ս գրել «թուրք» բառը: Նման բառերն անհամար են:

Սոցցանցերում հայատառ գրելու շարժման ակտիվ մասնակից Զոհրապ Եգանյանը կարծում է, որ կրթական համակարգը մեծ անելիք ունի այս հարցում. «Տեղեկատվական տեխնոլոգիաներն արդեն դպրոց են մտնում, և հնարավոր է, որ մյուս տարի երեխաներին պլանշետներ բաժանվեն, անթույլատրելի է, որ լատինատառ գրառումները գերիշխող լինեն»:

Թերևս լատինատառ գրողների մեծ մասը չի ըմբռնում այս խնդրի վտանգի աստիճանը: Սա մեծ սպառնալիք է լեզվին: Այսօր շատ լուրջ ուսումնասիրություններ կան, որոնք վկայում են, որ լեզուներն անհետանում են սոցցանցերի պատճառով: «Եթե երկարաժամկետ համատեքստում դիտարկենք այս հարցը, ասենք՝ 10-30 տարվա կտրվածքով, ապա հասկանալի կլինի, որ եթե մենք «տրանսլիտը» համարենք մեր հիմնական գրելու միջոց, ապա տառերը գործածությունից իսպառ դուրս կմղվեն»,- ասում է Սամվել Մարտիրոսյանը:

Գուցե ինչ-որ առումով կարելի է հասկանալ շարքային քաղաքացուն, որը գրում է լատինատառ, սակայն նույնը չի կարելի ասել պետական գերատեսչությունների մասին: Մշակույթի նախարարությունը ավելի լավ է ընդհանրապես հաղորդագրություններ չգրի, քան գրի լատինատառ:

«Սուտ է այն լուսավորությունը, որ պիտի լինի օտարի լեզվով»,- ասում էր Միքայել Նալբանդյանը: 3.5 միլիոնանոց ազգի և 24-ամյա հանրապետության համար 1600-ամյա տառերը հպարտության մեծ աղբյուր են: Մատների վրա կարելի է հաշվել այն պետությունները, որոնք սեփական այբուբեն ունեն: Ոչ ոք չի կարող հերքել, որ մեսրոպյան գրերը և՛ գեղեցիկ են, և՛ կարող են մեկ տառով թղթին հանձնել գրեթե բոլոր հնչյունները: Գրել լատինատառ նույնն է, թե թողնել շքեղ առանձնատունը և ապրել խրճիթում, որը զրկված է էլեկտրականությունից և գազամատակարարումից:

Մեսրոպյան տառերը ազգային ինքնագիտակցության առաջին պայմանն են: Հետևաբար ամեն անգամ լատինատառ գրառում կատարելով՝ մենք մարտահրավեր ենք նետում մեր արմատներին:






Մեկնաբանություններ - 2

Արփի     14.07.2018 Facebook-ում մի կին տալոջ նկարը մեկնաբանել էր "mer anteri horqur@"

Արփի     14.07.2018 Facebook-ում մի կին տալոջը նկարը մեկնաբանել էր "mer anteri horqur@"
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: