Հայերեն   English   Русский  

​Բարի տնակ. միասին ստեղծենք բարին


  
դիտումներ: 1245

« Բարի մաման» ստեղծվեց մի օր, երբ Ֆեյսբուքում գրառում կարդացինք այն մասին, որ առանց թաթիկների մի փոքրիկի լքել են, թողել են հիվանդանոցում։

Փոքրիկը խնամքի կարիք ուներ. նա ոչ կաթ ուներ, ոչ հագուստ, ոչ էլ տակդիր։ Մի քանի մամաներով իրարից անկախ գնացինք հիվանդանոց՝ այդ բալիկին աջակցելու։ Հետո իմացանք, որ նման երեխաներ շատ կան և այս ոլորտը դատարկ է, և այստեղ մենք անելիք ունենք։ Եվ սկսեցինք զբաղվել նման նորածիններով։ Այնուհետև հասկացանք, որ կարող ենք ավելին անել. վերադարձնել նրանց ընտանիք»,- այսպես սկսեց զրույցը Անկախի հետ «Բարի մամա» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Ադուլյանը:

«Չորս տարի անընդմեջ աշխատել ենք կամավոր հիմունքներով։ Ես ԵՊՀ դասախոս եմ, մեր մյուս հիմնադիրը Բրիտանական խորհրդի ծրագրերի ղեկավարն է։ Բոլորս կայացած մարդիկ ենք և ուզում ենք ինչ -որ բան փոխել այս հասարակության մեջ»,- ավելացրեց Ադուլյանը:

Ապրիլի 25-ին, ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Առողջապահության նախարարությունները եւ «Բարի մամա» հասարակական կազմակերպությունն ստորագրել են համագործակցության եռակողմ հուշագիր, որն ուղղված է մանկատներ երեխաների մուտքը կանխելուն եւ ընտանիքում ապրելու նրանց իրավունքի ապահովմանը:

Հուշագրի նպատակը Հայաստանում առողջական խնդիրներ ունեցող երեխաների մուտքը մանկատուն կանխարգելելը և նրանց ընտանիքում ապրելու իրավունքը ապահովելն է:

«Հուշագիրը չի ենթադրում որևէ ֆինանսական աջակցություն, սակայն այն թույլ կտա այս ճանապարհին չհանդիպել խոչընդոտների, գործել պրոֆեսիոնալ մարդկանց աջակցությամբ, ովքեր սոցիալական և առողջապահական ոլորտներում կայացած են»,- շեշտեց Մարինա Ադուլյանը:

Ինչպես նշում է «Բարի մամա»-ի հիմնադիր Մարինա Ադուլյանը, կազմակերպությունը մի քանի նպատակի շուրջ է աշխատում՝ աջակցում են մանկատան հաշմանդամություն ունեցող սաներին, կանխարգելում հաշմանդամության պատճառով նորածիններին լքելու գործընթացը՝ նպատակ ունենալով երեխաների եւ իրենց կենսաբանական ընտանիքների վերամիավորումը:

« Անցյալ տարի մենք հասկացանք, որ չենք կարող գործել առանց կենտրոնի և դրամահավաք կազմակերպեցին։ Եվ կառուցվեց մեր "Բարի տնակը "՝ եռահարկ մի շինություն, որ գտնվում է Գառնի Գեղարդ տանող ճանապարհին։ Թանկյանների աջակցությամբ շենքի կողքին կառուցվում է սրճարան ու ևս մեկ շինություն, որի առաջին հարկում լինելու է արտադրամաս։ Այստեղ աշխատելու են մանկատնից դուրս եկած հաշմանդամություն ունեցող սաները, մայրիկներ, ովքեր ունեն հաշմանդամ երեխաներ»,- կարևորեց Մարինա Ադուլյանը:

Մարինան փաստում է, որ «Բարի մամա»-ի գոյության ամբողջ ընթացքում՝ մեկ տարի որպես կամավորների խումբ եւ 4 տարի՝ որպես ՀԿ, հանդիպել են բազմաթիվ դեպքերի, երբ մայրերը ստիպված են հաշմանդամություն ունեցող երեխաներին հանձնել մանկատուն, քանի որ չունեն ապաստան:

Ցավալի իրականություն է այն, որ հաշմանդամությամբ ծնված երեխաների մեծ մասը հայտնվում են մանկատներում, նույնիսկ ծնողները երբեմն նրանց պատահական վայրերում են թողնում և պարզապես փախչում: Նման անմարդկային արարքների պատճառը լինում է նաև հասարակության և նույնիսկ ընտանիքի անդամների ճնշումը:

«Բարի մամա» հասարակական կազմակերպության հիմնադիր Մարինա Ադուլյանը հանդիպել է շատ մայրիկների, որոնք հրաժարվել են իրենց երեխայից սկեսուրի ճնշման ներքո: Ըստ նրանց տրամաբանության` հաշմանդամ երեխա ունեցող ընտանիքը չի կարող լինել երջանիկ:

Երբ ընտանիքում ծնվում է հաշմանդամություն ունեցող երեխա, ծնողները հաճախ պատկերացում չեն ունենում խնդրի, խնամքի ու հեռանկարի վերաբերյալ: Նաեւ անհրաժեշտ է հոգեբանական աջակցություն, որն էլ կազմակերպվում է «Բարի մամա»-ի հոգեբանների եւ կամավորների ջանքերով:

«Երկու ամիս առաջ մեզ մոտ բացվել է նաև վերականգնողական կենտրոն `թերապիաների մի հարկ, որտեղ մասնագետները անվճար թերապիաներ են իրագործում»,- ոգևորությամբ ասաց Ադուլյանը:

Հարցին, թե հիմնականում ինչ հիմնավորմամբ են ծնողները լքում երեխաներին՝ նա ասաց, որ երբ երեխան ծնվում է հաշմանդամությամբ, ծնողներն առաջին հերթին բախվում են այն խնդրին, որ իրենց չեն տալիս իրենց երազած երեխային. «Սրան էլ ավելանում են կողքից խորհուրդները, որ թողեք երեխային ձեզ ավելի լավ կլինի, մենտալիտետն ու սոցիալական խնդիրները, ծնողները չեն կարողանում հաղթահարել այս փորձությունը և արդյունքում երեխան հայտնվում է հաստատությունում»։

Մինչև փոխըմբռնման եռակողմ հուշագրի ստորագրման արարողությունը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կարևորելով երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքը, հայտնեց, այսօր 600-ից ավելի երեխա ապրում է մանկատներում, որոնցից 450 առողջական խնդիրներ կամ հաշմանդամություն ունեն։

«Այս հուշագրի ստորագրումը վերահաստատում է մեր եւ մեր գործընկերների պատրաստակամությունը՝ համատեղ ջանքերով նպաստել առողջական խնդիրներ ունեցող երեխաների մուտքը հաստատություններ կանխարգելելուն եւ երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմանը: Կանխարգելումը չափազանց կարեւոր է, որովհետեւ մանկատանը հայտնվելուց հետո երեխայի վերադարձն ընտանիք կրկնակի բարդանում է»,- ասաց Զարուհի Բաթոյանը:

Նախարարը նշել է, որ այս հարցում համագործակցությունը շատ կարեւոր է, քանի որ պետությունը եւ հասարակության գերակշիռ մասը կարեւորում են երեխայի՝ ընտանիքում, համայնքում ապրելու իրավունքը, ինչը, սակայն, շատ դեպքերում խոչընդոտվում է մի շարք դժվարություններով, որոնց հաղթահարումը հնարավոր կլինի միայն համատեղ ջանքերով՝ վերապատրաստումների, կարողությունների զարգացման, համայնքային ծառայությունների որակի բարելավման միջոցով.

«Այս հուշագրի ստորագրմամբ մենք սկսում ենք բարդ ու դժվարին գործընթաց: Մենք հանդիպելու ենք բազմաթիվ խոչընդոտների, բայց ես համոզված եմ՝ համատեղ ջանքերով մենք կկարողանանք հասնել շատ ավելի լուրջ, հիմնավոր արդյունքների, քան մեզանից յուրաքանչյուրը՝ առանձին-առանձին: Մեր կողմից ուզում եմ նշել, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն աստիճանաբար ավելացնելու է ընտանիքներին տրամադրվող աջակցության ծավալները, տրամադրվող ծառայությունների տեսակները, որպեսզի ընտանիքն իրեն միայնակ չզգա՝ իր խնդրի հետ առերեսվելիս»,- ասել է նախարարը:

Նա նաեւ նշել է, որ այս գործընթացում կարեւոր է հասարակական կազմակերպությունների եւ անհատների կուտակած փորձը, որի կարող է դառնալ պետական քաղաքականության հիմք:

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ քաղաքակիրթ աշխարհը ձգտում է ձերբազատվել հատուկ տիպի խնամքի հաստատություններից՝ հատկապես մանկատներից.

«Ես կարծում եմ, որ մեր պետական քաղաքականությունը եւս պետք է ուղղված լինի այն հեռանկարին, որ մեր երկրում չպետք է լինեն երեխաներ, ովքեր զրկված կլինեն ծնողական խնամքից: Այս հուշագրի շրջանակներում մենք փորձելու ենք սկիզբ դնել մի գործընթացի, որ երկար տարիներ թերացել է: Խոսքը ծննդատներում երեխաներից հրաժարվելու դեպքում ընտանիքներին աջակցության տրամադրումն է՝ հոգեբանական, սոցիալական եւ առողջապահական, որպեսզի նրանք վստահ լինեն, որ բավարար ուժեղ են՝ իրենց երեխային չլքելու համար: Հուշագրի շրջանակներում, «Բարի մամա» ՀԿ-ի աջակցությամբ վերապատրաստելու ենք բուժաշխատողներին, որպեսզի նրանք, ծնողների հետ ուղիղ աշխատանքի միջոցով, կարողանան օգնություն ցուցաբերել՝ որոշում կայացնելու գործընթացում: Բացի այդ, փորձելու ենք լուծել ժամանակավոր կացարանի հարցը, որպեսզի այն ծնողները, ովքեր այս կամ այն պատճառով չեն կարողանա վերադառնալ ընտանիք, կացարան ունենան»:

«Բարի մամա» հասարակական կազմակերպությունը վերջին հինգ տարիներին կարողացել է կանխել 107 երեխաների մուտքը մանկատուն: Կազմակերպության ջանքերով ստեղծված «Բարի տնակում» այսօր ապրում է 4 կին՝ 6 երեխաների հետ: Նախարարներ Բաթոյանի եւ Թորոսյանի կարծիքով, այս թիվը չափազանց տպավորիչ է, իսկ կազմակերպության նման փորձը կարող է դառնալ պետական քաղաքականության լավ հիմք.

«Վերջին 5 տարիներին մեր կազմակերպությունը զբաղվել է երեխաների մուտքը մանկատներ կանխարգելելու, ընտանիքներին եւ երեխաներին աջակցելու գործով, սակայն այդ ամենն արվել է բացառապես կամավորական հիմունքներով: Այսօր՝ այս հուշագրի ստորագրմամբ, մենք թղթին ենք հանձնում բազմաթիվ կյանքեր, որ արդեն փոխվել են, եւ շատ երեխաների պատմություններ, ովքեր կարող են եւ պետք է ապրեն ընտանիքներում: Սա նշանակում է, որ մենք այլեւս միայնակ չենք՝ այս ճանապարհին: Սա նաեւ նշանակում է, որ երեխաներն ու ընտանիքները կարող են հույս դնել պետության աջակցության վրա»,- ասել է «Բարի մամա» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Ադուլյանը:

«Բարի տնակը» մի ընտանիք է, որտեղ բոլորը ապրում են միասին, մեկը գիտի մյուսի խնդիրները, և իրար աջակցելով փորձում են հաղթահարել դրանք։

Թամարա Թորոսյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: