Հայերեն   English   Русский  

Հանրային խորհուրդը ԿԳ նախարարի հետ քննարկելու է ոլորտի խնդիրները


  
դիտումներ: 2392

Հանրային խորհուրդը պատրաստվում է հանդիպել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ՝ քննարկելու գիտության, կրթության և մշակույթին վերաբերող հարցեր։

Այդ նպատակով այսօր՝ ապրիլի 26-ին, տեղի է ունեցել Հանրային խորհրդի գիտության, կրթության հարցերի հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ Աիդա Թոփուզյանը։

Հանձնաժողովի անդամները քննարկել են այն հարցերը, որոնք նպատակահարմար կլինի ներկայացնել նախարարին։

ՀԽ գիտության, կրթության հանձնաժողով

Բարձրացվել են գիտության ոլորտին առնչվող հարցեր, մասնավորապես գիտական աստիճանաշնորհման խնդիրների վերաբերյալ, հանրակրթության ոլորտին առնչվող հարցեր՝ հանրակրթության նոր չափորոշիչների ընդունման անհրաժեշտության, դասագրքերի բովանդակության, ուսումնական ծրագրերի ու պլանների վերանայման, ավագ դպրոցի կառուցվածքի և բովանդակության արժևորման, միջին մասնագիտական կրթության ոլորտի աշխատողներին որպես մանկավարժական աշխատողներ դիտարկելու և նրանց հատկացվող արտոնություններն այդ ոլորտի աշխատակիցների վրա տարածելու, ուսուցիչների վերապատրաստման գործը ժամանակակից մակարդակով կազմակերպելու և այլ խնդիրների հետ կապված։

Հատուկ քննարկման նյութ են դարձել երկրում դպրոցի և ուսուցչի հեղինակությունն ու վարկը բարձրացնելու, ազգային գաղափարախոսության հենքի վրա դաստիարակության հայեցակարգ մշակելու, ապագա քաղաքացու դաստիարակության, հասարակություն-դպրոց, ընտանիք-դպրոց փոխհարաբերությունների բնույթին, դպրոցի ապաքաղաքականացմանը, «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծին վերաբերող խնդիրները:

Ամփոփելով նիստը՝ հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ բարձրացված հարցերն ի մի կբերվեն և հանձնաժողովի կողմից կներկայացվեն նախարարին։

Հանձնաժողովը հաստատել է նաև այն հարցերի ցանկը, որոնք պետք է քննարկվեն 2019 թվականի ընթացքում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: