Հայերեն   English   Русский  

ՄԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ


  
դիտումներ: 1190

1991 թ. դեկտեմբերի 10-ին Թոդանում զոհվեց ճարտարապետ Էդուարդ և գիտնական Էմմա Սարապյանների միակ որդին` Դավիթ Սարապյանը: Փետրվարի 4-ին լրացավ նրա ծննդյան 50-ամյակը:

Իր իշխանական տոհմի վերջին շառավիղն էր նա: Պահվածքն էլ` իշխանավայել: Ազնիվ, բարի, համեստ և անմնացորդ հայրենասեր: Նրա մուտքն Արցախ Շահումյանով սկսվեց: Սկզբում Լեոնիդ Ազգալդյանի «Անկախության բանակում» էր, որի հետ մտերիմ էին մինչ շարժումը, քանի որ մոր ասպիրանտն էր: Հետո «Տիգրան մեծ» ջոկատ տեղափոխվեց: Մասնակցել է Վարդենիսի, Տողի, Էրքեջի, Բուզլուխի, Մանաշիդի, Ղարաչինարի ինքնապաշտպանական մարտերին: Տող գյուղի ազատագրման ժանանակ պայթեցրել է պապենական տունը, որտեղ թշնամին էր տեղավորվել: Անշուշտ, այդ աշխարհագրությունը կընդարձակվեր, եթե այն չարաբաստիկ օրը չզոհվեր Թոդանի կրակակետը լռեցնելու ժամանակ:

Ու այդ օրվանից Դավիթի մոր` Էմմա մայրիկի արևը խավարեց, սգավոր դարձավ, բայց մնաց հպարտ ու անկոտրում, հայրենապաշտ: Պահվածք, որ ևս մեկ անգամ ապացուցում էր նաև նրա իշխանական ծագումը:

Հոր` Էդուարդ Սարապյանի արմատները Գանձայից էին ( ինքը Երևանի գլխավոր ճարտարապետն է եղել, նրա քեռին ճարտարապետ Կարո Հալաբյանն էր, պապի հայրը՝ Կարինի քաղաքագլուխը), իսկ մայրը իշխանական տոհմից էր, Մելիք Բայանդուրի,Դանիել Բեկ-Փիրումովի, գունավոր հեռուստատեսության գյուտարար Հովհաննես Ադամյանի, նկարիչ Հակոբ Գյուրջյանի գերդաստանից:

Դավիթ Սարապյան

Տիկին Էմման էլ իր հերթին է փառավոր անցյալ ունեցել: Եղել է Անդրանիկ Իոսիֆյանի ասպիրանտը, ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի նախագահության առաջին կին անդամը, կիբեռնետիկայի, հաշվողական էլեկտրոնիկայի լաբորատորիայի, այնուհետև, ինստիտուտի հիմնադիր տնօրենը: Բայց իր ստեղծածի ու թողածի մասին գրեթե չէր խոսում: Աշխարհի չափ սիրում, պաշտում էր իր Դավիթ որդուն, առանց որի կյանքն անիմաստ էր համարում: Որդին էլ այդ մասին լավ գիտեր, բայց հայրենիքն էլ շատ թանկ էր: Թեև ուշ-ուշ, բայց գալիս-գնում էր: Վերջին անգամ տուն էր եկել հոկտեմբերի 8-ին՝ մոր ծննդյան օրը, առանց սափրվելու, փոշոտ, դաշտային ծաղիկների մի փունջ ձեռքին: Գալիս ու ավանդույթի համաձայն դռան զանգը հնչեցնում է, մի կողմ քաշվում, որպեսզի մայրը հարցներ` ո՞վ է: Դավիթն էլ պատասխաներ՝ քո բարի դևը:

Ովքե՞ր դարձան այս փառավոր անցյալ ունեցող տան տերերը

Միանգամից ասեմ` Դավիթի մարտական ընկերները: Այն դեպքում, երբ մոր միակ երազանքն այն թանգարան դարձնելն էր: Երբ 1999-ին առաջին անգամ նրանց տուն գնացի, այն արդեն մի անսովոր թանգարան էր: Մայրն էլ ասես` էքսկուրսավարը: Երեքսենյականոց բնակարանի ամեն մի անկյուն Դավիթին էր հիշեցնում: Քիչ չէին նաև Լեոնիդ Ազգալդյանի լուսանկարները:

Տուն մտնելուն պես տիկին Էմման ուղեկցեց Դավիթի արևոտ, փոքրիկ սենյակ, որի պատշգամբը նայում էր Մասիսներին: Պատին` Արցախի և պատմական Հայաստանի քարտեզ, գրամեքենա, որով որդին մեքենագրել էր մի շարք ֆիլմերի սցենարներ, հոդվածներ: Մի գեղեցիկ աղջկա դիմանկար` գլխիվայր կախված: Թե ինչու էր այդպես կախել, մայրն էլ չգիտեր, միայն գիտեր, որ որպես պարգև էր ստացել Տող գյուղն ազատագրելուց հետո: Մորը պատվիրել էր` ձեռք չտաս, մինչև վերադառնամ: Դավիթի մահից հետո Ցվետանա Պասկալևան երկար ժամանակ ապրել է տիկին Էմմայի մոտ, կիսել նրա հոգսը: Տիկին Էմման էլ հաճախ նրան որպես աղջիկ էր ներկայացնում:

Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող Ցվետանա Պասկալևայի հեղինակային`«Նվիրյալները» հաղորդաշարի փետրվարի 4-ի հաղորդումը նվիրված էր Դավիթ Սարապյանին, որից էլ, ի վերջո, իմացա շուրջ 5 տարի ինձ տանջող հարցի պատասխանը` կապված Սարապյանների տունը վաճառելու առեղծվածային պատմության հետ: Հաղորդման մասնակիցները` Արկադի Տեր-Թադևոսյանը, Դավիթի մարտական ընկերները, առանց անուններ տալու, մեղադրեցին Դավիթի այն ընկերներին, որոնք վաճառել էին բնակարանը:

Երբ1996/2006՞ թ. ամռանը իմ «Նրանց փնտրեք ողջերի մեջ» գրքի հերոսների մասին նոր փաստեր հավաքելու ակնկալիքով հերթական անգամ եղա Արցախի գրեթե բոլոր վայրերում, իմ հերոսների մարտական հետքերով և երկարատև բացակայությունից հետո վերադարձա Երևան, անմիջապես զանգահարեցի տիկին Էմմային, որպեսզի որպիսությունն իմանամ և Դավիթի մի նոր, ավելի որակով լուսանկար խնդրեմ: Փոխարենը տիկին Էմմայի մահվան բոթն առա: Նաև ասացին, որ շաբաթ օրը յոթն է: Գնացի: Երբ ներս մտա, անկախ իմ կամքից Ցվետանային փնտրեցի: «Նա Հայաստանում չէ»,- եղավ պատասխանը: Հետո իմացա, որ այդ ընկերները տիկին Էմմային վիրահատության են տարել: Վիճակը վատացել է, օրեր շարունակ գամվել է անկողնուն: Նրան խնամել են ընկերների կանայք: Պարգև Սրբազանին են հրավիրել, որի աղոթքից հետո նոր միայն խաղաղվել է մոր անհանգիստ հոգին:

Երբ ընկերների կանանցից մեկը ներկայացրեց այդ հուզիչ պատմությունը, մեղքս ինչ թաքցնեմ, ներքին հարգանք տածեցի նրանց հանդեպ: Ինչ իմանայի, որ այդ տղաներն արդեն այդ օջախի նոր տերերն էին, քանի,որ դեռ 2004 թ. նրանց ձեռքին է եղել բնակարանի սեփականության նոր վկայականը:

Ինչևէ, խնդրեցի Դավիթի այս նկարը ու խոստացա շատ շուտ վերադարձնել: Մինչ օրս լուսանկարն ինձ մոտ է, բայց ոչ իմ մեղքով: Կարճ ժամանակ անց այն վերադարձնելու ակնկալիքով փորձեցի գտնել տղաներին, ապարդյուն: Գրեթե ամեն օր տուն էի զանգահարում, միայն 3-4 ամիս անց հետևյալ պատասխանը ստացա` այլևս չզանգահարեք, բնակարանն արդեն վաճառված է:

Ուրեմն, տիկին Էմմայի մտավախությունը ճիշտ էր: Այն, որ բնակարանը որպես թանգարան պիտի մնար, կասկած չկար, տիկին Էմման բազմիցս է այդ մասին խոսել: Անգամ Դավիթի՝ Մոսկվայում ապրող եղբոր մասին է պատմել, ասում էր, որ ուզում է բնակարանը նրան թողնել, որովհետև, ի վերջո, որդու արյունն է նրա երակներում, բայց մտավախություն ուներ, որ պարտքեր ունեցող մարդ է, կարող է օրերից մի օր վաճառել: Ու հիմա զարմանում եմ, եթե դեռ 2004-ից բնակարանը նոր տեր ուներ,ապա ինչո՞ւ էր տիկին Էմման Դավիթի եղբորը թողնելու մասին մտածում, խորհուրդ հարցնում:

Մի բան հաստատ է` ում էլ թողներ, պայմանը մեկն էր լինելու՝ այն որպես թանգարան պահպանել:

Թե ովքեր են մեր նորօրյա «առաքյալները», անկեղծ ասած, քիչ է հետաքրքրում, անունները կարևոր չեն, երևույթն է ահավոր, աղաղակող: Բայց հավատացած եմ, ոչ թե շարքային, խեղճուկրակ ազատամարտիկներ են, այլ մեծավորներ, որ կարողացել են կարճ ժամանակում այդպիսի ավար ձեռք բերել՝ ճանապարհին ոտի տակ տալով արժանավոր գերդաստանի սրբության սրբոցը:

Դավիթի նոր օջախը

Դավիթ Սարապյանն ավարտել է մայրաքաղաքի թիվ 20 դպրոցը, որն այսօր կրում է Ջոն Կիրակոսյանի անունը: Դեռ տիկին Էմմայի կենդանության տարիներին դպրոցը հերոսի անվան դասարան ուներ: Մայրն էլ դպրոցի պատվավոր հյուրն էր: Հերոսին այստեղ միշտ հիշում են, որովհետև ոգին միշտ այստեղ է: «Երբ ուսումնական տարին սկսում ենք, 2-րդ դասղեկական ժամը նվիրված է Դավիթ Սարապյանին: Բոլորը պարտադիր պիտի այդ հայրենասերի, այդ պայծառ շրջանավարտի ոգով դաստիարակվեն: Հերթափոխությամբ 5-9-րդ դասարանները կրում են նրա անունը»,- հպարտությամբ ասում է դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանը:

Հերոսի ծննդյան և մահվան օրերը երբեք աննկատ չեն անցնում, Եռաբլուր այցելով, միջոցառումներով են նշանավորվում, ծաղիկներ դնում տան հուշաքարին: Երեխաները շնչում են Դավիթով, փորձում նրան նմանվել, նման ընկեր ունենալ, որովհետև նրան այստեղ ոչ միայն որպես զինվոր են հիշում, այլև արձակագիր, ռեժիսոր:

Այցելելով դպրոց՝ հավատացած էի, որ գոնե այստեղ՝ նրա անունը կրող դասարանում մոռացությունից փրկված իրեր կգտնեմ, որտեղ նաև ռազմագիտության դասերն են անցկացվում: Բայց կար այն, ինչ տվել էին, գրամեքենան, մի քանի սցենար, պարգևները, պատմական Հայաստանի քարտեզը, լուսանկարներ: «Կարելի էր շատ բան ունենալ, բայց քանի որ տիկին Էմման երազում էր իր բնակարանը թանգարան դարձնել, այս է մեզ հասել, սրբորեն պահում ենք»,-ասում է տիկին Խոսրովյանը:

Երբ մի անգամ ընկերները դպրոց են այցելել, ուսուցչուհիներից մեկը Դավիթի սուրն է պահանջել՝ խոստանալով, որ դպրոցը սրբորեն կպահի: «Չէ, ես դա տվել եմ իմ տղային, ինչպե՞ս կարող եմ բերել»,- եղել է տղաներից մեկի պատասխանը: «Հասկանում եմ՝ իր մարտական ընկերն է, նրա հիշատակը, բայց եթե դպրոցը ստանձնել է Դավիթի անձնական իրերի պահպանումը, ինչպես թանգարանում, ապա ամենափոքրիկ իրն էլ պիտի դպրոցին հանձնեին»,- ասաց տիկին Խոսրովյանը:

Արդյոք այն տղան իրավունք ունի՞ գոնե մի օր սուր ճոճելով հպարտանալ, որ իր հայրը Դավիթի մարտական ընկերն է…

Իսկ ի՞նչ ճակատագրի արժանացավ տիկին Էմմայի հաստափոր օրագիրը՝ իր խորիմաստ գրառումներով: Թերթել եմ1990-1991 թթ. էջերը, որտեղ այդ ժամանակահատվածի և որդու մարտական օրերի տարեգրությունն էր: Մեկիկ-մեկիկ, օր առ օր, ժամ առ ժամ ներկայացված էին դեպքերն ու իրադարձությունները: Ընդամենը մեկ՝ 1992 թ. հուլիսի 24-ի գրառումը հիշատակեմ. «Աշոտ Ղուլյանի (Բեկոր) և Ցվետանայի հետ գնացինք Եռաբլուր: Վերադարձին մտանք Դուշմանենց տուն, սակայն տանը մարդ չկար, դուռը փակ էր: Ծաղիկներ դրեցինք Դուշմանի հուշաքարին»: Ճիշտ մեկ ամիս անց նույն օրը զոհվեց Աշոտ Ղուլյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: