Հայերեն   English   Русский  

Գագիկ Եգանյանը երկու հետաքրքիր առաջարկ է ներկայացրել վարչապետին


  
դիտումներ: 1675

Հանրային խորհրդի ժողովրդագրական և գեներային հարցերի հանձնաժողովի նախագահ, Միգրացիոն ծառայության նախկին ղեկավար Գագիկ Եգանյանը վարչապետի հետ խորհրդի անդամների հանդիպման ժամանակ երկու հետաքրքիր առաջարկով է հանդես եկել։

Առաջինը վերաբերում է ֆիլիպինցիների և Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատող այլ ազգերի ներկայացուցիչների մուտքը Հայաստան վիզային ռեժիմից ազատելուն։

Բանն այն է, որ Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատող ֆիլիպինցիները և այլ երկրների քաղաքացիները, ըստ Էմիրությունների միգրացիոն քաղաքականության, չեն կարող որոշակի ժամանակահատվածից ավել մնալ Էմիրություններում և պետք է կարճ ժամանակահատվածով դուրս գան ԱՄԷ-ից ու կրկին վերադառնան։

«Այդ կարճ ուղևորությունը կատարելիս նրանք նախընտրում են մեր հարևան Վրաստանը՝ Հայաստանի փոխարեն,-վարչապետին ասել է Եգանյանը,-Դուբայից շաբաթական 28 չվերթ կա դեպի Թբիլիսի, դեպի Հայաստան՝ միայն 11։ Դոհայից Թբիլիսի կա շաբաթական 21 չվերթ, դեպի Երևան՝ 7։ Ավելացնենք նաև, որ Քուվեյթից, Բահրեյնից նույնպես կան կանոնավոր չվերթներ դեպի Թբիլիսի, իսկ դեպի Հայաստան՝ չկա։ Ի՞նչն է պատճառը»։

Եգանյանի խոսքով՝ ծառայությունների գները (օդային տրանսպորտ+գիշերակաց) Երևանում և Թբլիսիում գրեթե նույնն են, բնաշխարհի գեղեցկությունն ու պատմամշակութային արժեքները՝ նույնպես, միակ պատճառը, որ ԱՄԷ-ում աշխատողները նախընտրում են այդ կարճ ժամանակահատվածն անցկացնել Վրաստանում, այն է, որ ի տարբերություն Հայաստանի՝ Վրաստան այցելելու դեպքում ազատված են վիզային համակարգից։

«Ընդ որում, Հայաստանի վիզայի գումար մի մեծ գումար չէ, ընդամենը 3000 դրամ, և դրանով մեր պետությունը որևէ ֆիսկալ խնդիր չի լուծում։ Օդանավակայանում նրանց վիզա տրամադրելիս ազգային անվտանգության ասպեկտը նույնպես դուրս է մնում ուշադրությունից: Առաջարկում եմ այդ անձանց, հատկապես առաջին էտապում կարելի է Էմիրություններում աշխատող ֆիլիպինցիներին, որոնց թիվն այնտեղ մոտ մեկ միլիոն է, ազատել Հայաստան մուտքի արտոնագրից։ Ինչո՞ւ առաջին էտապում հենց ֆիլիպինցիներին՝ որովհետև նրանք բավականին խորը քրիստոնեական հավատքի տեր մարդիկ են, և կարծում եմ՝ այդ առումով Հայաստանի նկատմամբ գրավչությունն ակնհայտ է։ Կարելի 1-2 տարի փորձարկել, տեսնել՝ դա իրեն կարդարացնի՞ (իսկ ես վստահ եմ, որ կարդարացնի), որից հետո տարածել նաև Էմիրություններում աշխատող մյուս ազգերի, ինչու չէ Պարսից ծոցի այլ երկրների վրա»,-ասել է Եգանյանը։

Սրանից բացի, Գագիկ Եգանյանը վարչապետի հետ հանդիպմանը բարձրացրել է ներդրումների դիմաց օտարեկրացիներին կացության կարգավիճակի տրամադրման հարցը։

«Աշխարհի շատ երկրներում (շուրջ 40-42) կիրառվում է ներդրումների դիմաց օտարեկրացիներին կացության կարգավիճակի տրամադրման համակարգը, անգամ քաղաքացիության շնորհման հնարավորությունը։ Հայաստանի համար նման հետազոտություն կատարվել է և գնահատվել, որ այո, Հայաստանը նույնպես ունի պոտենցիալ, և եթե այս համակարգը մեզ մոտ ներդնենք, շուրջ 105 միլիոն դոլարի ներդրումներ կարող ենք ապահովել։ Այդ առաջարկները միջազգային հեղինակավոր կազմակերպության կողմից մշակված են, մնում է միայն իրականացման ճանապարհային քարտեզը մշակել, որը շատ պարզ է, և մեր հանձնաժողովը պատրաստ է աջակցել»։

Եգանյանն ասել է, որ իր ներկայացրած երկու առաջարկների արդյունքում Հայաստանը կապահովի ֆինանսական միջոցների զգալի ներհոսք երկու նոր ուղղություններով։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: