Հայերեն   English   Русский  

​«Մեր երեխաներն արդեն ֆինանսապես գրագետ պետք է ավարտեն դպրոցը ». Լուսինե Առաքելյան


  
դիտումներ: 2629

Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում այսօր տեղի է ունեցել Աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառը,

որը ՀՀ կրթության և գիտության նախարարության համագործակցությամբ նախաձեռնել էր «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը՝ «Ձեռնարկատիրական կրթություն» առարկայի շրջանակներում:

Ընթացիկ ուստարում աշակերտների կողմից աշակերտական գործարար ընկերություններ են հիմնադրվել հանրապետության շուրջ 200 դպրոցներում, որոնցից 40 լավագույններն էլ հենց մասնակցել են տոնավաճառին:

Աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառ

Իրենց ուսումնառության ընթացքում աշակերտները ստեղծել են գործարար ընկերություններ և հնարավորություն ունեցել զբաղվել ձեռնարկատիրությամբ, կատարել շուկայի հետազոտություն, կազմել բիզնես պլան, մշակել մարկետինգային ռազմավարություն, ապա իրականացրել արտադրություն:

Տոնավաճառից գոյացած դրամական միջոցների մի մասը աշակերտները ձեռնարկատիրական և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակներում կուղղեն հանրային տարբեր ձեռնարկների իրականացմանը:

Աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառին մասնակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը, ով շրջել է տաղավարներում և զրուցել աշակերտների հետ:

Լրագրողների հետ զրույցում Լուսինե Առաքելյանը նշել է, որ ֆինանսական գրագիտությունն առաջնահերթություն է այսօրվա իրողությունում, քանի որ երբ խոսք է գնում տնտեսական հեղափոխության մասին, ապա շատ կարևոր է սերունդներին տրամադրել ֆինանսական կրթություն:

«Մեր երեխաներն արդեն ֆինանսապես գրագետ պետք է դպրոցն ավարտեն և կարողանան իրենց մասնագիտական ուղին կառուցել, ինչպես նաև իրենց ապագան պատկերացնել ձեռնարկատիրական իմաստով: Ֆինանսական կրթությունը հնարավորություն է տալիս շուկան հասկանալու և գնահատելու այնպես, որ կարողանաս սեփական ձեռնարկատիրական գործունեությունը ծավալել սեփական երկրում: Եվ սա շատ կարևոր է սկսել դպրոցից»,-նշել է Լուսինե Առաքելյանը՝ հավելելով, որ ֆինանսական և ձեռնարկատիրական կրթությունը դպրոցներում համապատասխան ծրագրով զուգահեռ դասավանդվում է՝ որպես տարբեր առարկաների բաղադրիչներ:

«Ֆինանսական կրթությունը մեկնարկել է Երևանից, ապա ծրագրին միացել է 350 մարզային դպրոց, ևս 350-ը կմիանա ամռանը, մինչև կծածկենք ողջ հանրապետությունը»,- ընդգծել է նախարարի տեղակալը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: