Հայերեն   English   Русский  

​Հրանտ Մաթևոսյան - 80


  
դիտումներ: 3424

«Մեկ ուրիշ գրող Հրանտի պես չի կրնար գրել»

«Մաթևոսյանի ապրածը գրողի շողշողուն, իմաստավոր ճանապարհ է»: Ուղիղ 30 տարի առաջ հրատարակված մաթևոսյանական արձակի երկհատորյակի մասին իր «Իմաստավոր ճանապարհ» վերլուծական հրապարակումն այս խոսքերով է ավարտել գրաքննադատ Ֆելիքս Մելոյանը: Այդ գրքերը ես որպես անփոխարինելի նվեր ստացել եմ Մղարթի (Լոռու մարզ) դպրոցի նախկին տնօրեն, իմ բարեկամ, մաթևոսյանական արձակի գիտակ, նվիրյալ, ներկայումս երջանկահիշատակ Լևոն Հարությունյանից «Հայը, առանձնապես՝ լոռեցին, իրավունք չունի չկարդալու Հրանտ Մաթևոսյանին» բանավոր, բայց չմոռացվող հանձնարարությամբ:

Ոչ մի գովք ինձ չի գերել այնքան, որքան ծննդավայրիս տարեգրության` «Կայծոն-Շնող հայրենագիտարանի» մասին կարծիքների շարքում Հրանտ Մաթևոսյանի խոսքը. «Դա մի համապարփակ, անեզր ու լայնածավալ ընդգրկումով հայրենապատում է, մշակութային կարևոր իրողություն, ոչ միայն շնողցու, այլև յուրաքանչյուր հայի համար»: Ո՞վ կարող էր մի նախադասության մեջ այնքան միտք ու ասելիք տեղավորել, այդքան արժևորել այլոց աշխատանքն ու աշխարհը:

1935 թվականն էր: Փետրվարի 12-ին ծնվեց Հրանտ Իգնատի Մաթևոսյանը, որ Ծմակուտի իր անկյունը հետո դարձնի աշխարհին հանրաճանաչ, 2002 թվականից էլ՝ ուխտատեղի:

Մաթևոսյանի արարումները կոթողներ են, հրաշապատումներ` ձոնված հայրենի հողին և նրա մարդկանց: «Նրա գրական կերպարների նախանյութը մարդիկ են, կենդանին ու բնությունը, և որքան ճանաչում ես իր ստեղծած կերպարները, զգում ես, որ իրոք Աղվես Գիքոյի, Անդրոյի, Սիմոնի, Ռոստոմի, Նարինջ Զամբիկի և ճամփեզրի տանձենու միջև էական տարբերություն չկա»,- ժամանակին ասել է ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը և գրի է առել Վանաձորի մանկավարժական համալսարանի դասախոս, պատմաբան Սամսոն Քառյանը, որի ներկայությամբ էլ 1978 թ. Վիլյամ Սարոյանը Հրանտ Մաթևոսյանի ծնողների հետ հանդիպման ժամանակ ասել է.

«Անոր գրությունները խորունկ ձևով ցույց կուտան հայոց մասնակցությունը մարդկության պատմությանը: Ուրիշ ազգության մեկ ուրիշ գրող Հրանտի պես չի կրնար գրել: Ես կարդացած եմ իր գործերը թարգմանությամբ: Ինքը հայության մասին կգրե, և այդ հայությունն այնքան ճշգրիտ է, որ ես կզարմանամ, կուրախանամ և հպարտ կզգամ: Շատ գրողներ, բանաստեղծներ ունիք, բայց պիտի ներեք ինձի, եթե ըսեմ, որ ան ուժը, որ անհրաժեշտ է, հսկայական, Հրանտ Մաթևոսյանին մեջ է: Եվ կուրախանամ, որովհետև ազգ մը, պիտի ընդունիք աս, աշխարհքին կճանչցվի իր արվեստով: Եվ երբ արվեստը այդքան ահագին ըլլա, օտարին միտքին մեջ ազգն ալ կմեծնա» (Սամսոն Քառյան, «Իմ Սարոյանը», 2002):

Մարդու և կենդանու «դաշինքի» ու հավատարմության, անհատի և բնության կապի նոր տեսակ են, անշուշտ, Մաթևոսյանի «Ալխո», «Կանաչ Դաշտ» պատմվածքների, «Գոմեշը» վիպակի հերոսները:

Հայրենի եզերքի հանդեպ սիրո և նվիրումի ինքնատիպ դրսևորում է Մաթևոսյանի առաջին գործը՝ «Ահնիձորը» (1961), որում կենսական լուրջ խնդիրներ են արծարծվում: Մեկ անգամ եմ բախտ ունեցել ներկա լինելու Հրանտ Մաթևոսյանի հետ հանդիպմանը: 1980-ական թվականներն էին, հանդիպումը Ալավերդու մշակույթի պալատում էր: Ցավոք, հանդիպումից մանրամասներ չեմ հիշում, բայց հիշում եմ այդ օրերին արձակագիր Ֆելիքս Շաքարյանի պատմածը՝ կապված «Ահնիձոր» ակնարկի հետ: Վերևներին դուր չի եկել այն, և «Սովետական գրող» ամսագրի համարները հավաքվել են կրպակներից, խմբագիր Վազգեն Մնացականյանը կուսակցական տույժ է ստացել, հեռացվել աշխատանքից, Հրանտ Մաթևոսյանն էլ հեռացվել է բուհից: Բայց կատարվել է Ֆելիքս Շաքարյանի որպես կենաց հնչած «Լոռին հաղթիլ տի» կանխատեսումը:

Շատերը հայ կինոն չեն պատկերացնում առանց «Մենք ենք, մեր սարերը» (1969 թ.) ֆիլմի: Խոհափիլիսոփայական շատ բացահայտումներ են անում «Օգոստոս» (1976 թ.), «Աշնան Արև» (1977 թ.), «Տերը» (1984 թ.) գեղարվեստական կինոնկարները: «Մեծ աշխարհի մեր անկյունը», որ գրողին պետական մրցանակ բերեց 1985 թ., հիմք դարձավ, որ մեկը մյուսի հետևից էկրան բարձրանան մաթևոսյանական այլ սցենարներ:

Մաթևոսյանի երկերը թարգմանվել են շուրջ 40 լեզուներով: «Քո տոհմը» (ռուսերեն) ժողովածուի համար նա 1984 թ. արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի: Մաթևոսյանը պարգևատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: 1996-2001 թ. եղել է Հայաստանի գրողների միության նախագահ: Այդ կապակցությամբ նա 1996 թ. սեպտեմբերի 19-ին Վալերի Փիլոյանի հետ հարցազրույցի ժամանակ (հրապարակվել է 2003 թ. «Մաշտոց» հանդեսում) խոստովանել է. «Գրողների միությունն անհրաժեշտություն չի, բայց բացակայությունը սարասափելի է: Որպեսզի այդ սարսափելին չլինի, ես գնացել եմ այնտեղ և կյանք եմ մաշում»:

Դպրոցական մեծ հանրագիտարանը հուշում է, որ Հայաստանի գրողների միությունը 2004 թ. սահմանել է Հրանտ Մաթևոսյանի մրցանակ: Կարծում եմ՝ այն պետք է վերականգնել, և գրողի հեղինակությունը ամենևին չի սասանվի, եթե որպես հատուկ մրցանակ սահմանվի լոռեցի ստեղծագործողների համար:

Տանը, գրասեղանի մի անկյունում, փոփոխվող ցանկով մի քանի գրքերի հետ միշտ մնում է Հրանտ Մաթևոսյանի եղբոր` Հրաչօի «Կայծահեղ Հրանտը»՝ փոքրածավալ, բայց Հրանտ Մաթևոսյանի մտքերի թագավորությամբ և նրա 70-ամյակին նվիրված 70 քառյակներով, գնահատականներով, կորստի ցավով: Այդ գրքի շապիկին Հրանտ Մաթևոսյանի դիմանկարն է (գործ` Հրաչյա Թադևոսյանի):

Կարծում եմ՝ այս տարվա փետրվարի 12-ին ևս մարդաշատ կլինի Երևանի Կոմիտասի անվան քաղաքային պանթեոնը: Այդ օրը ես այնտեղ չեմ լինի, կգնամ նախօրոք, իսկ այդ օրը կգնամ Ալավերդու Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարան, կրկին կլինեմ մաթևոսյանական մտքի և պատգամների տիրույթում ու կասեմ. «Մենք ենք, մեր Հրանտ Մաթևոսյանը»:

Այսօր մենք ենք ասում, վաղը ասելու են մեր զավակները, նրանց զավակները…

Վաղարշակ Ղորխմազյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: