Հայերեն   English   Русский  

Հայաստանում որևէ մեկը չի կարող տնտեսական նպատակներ հետապնդելով շահարկել իր քաղաքական ազդեցությունը. Փաշինյան


  
դիտումներ: 565

Հայաստանում արմատական փոփոխություններ են տեղի ունենում, որոնք առնչվում են հասարակության կյանքի գրեթե բոլոր ոլորտներին։

Հայաստանի կառավարությունն իրականացնում է մասշտաբային բարեփոխումներ, որոնց նպատակն, անշուշտ, մրցակցային և տեխնոլոգիապես զարգացած տնտեսության ստեղծումն է, որն հիմնված է հավասարության, արդարության և օրենքի գերակայության համընդհանուր սկզբունքների վրա։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստին իր ելույթում: «Վերջին տարվա ընթացքում մենք կարողացանք էական արդյունքների հասնել կոռուպցիայի դեմ պայքարում, բոլոր տնտեսավարող սուբյեկտների համար հավասար պայմանների ստեղծման և անկախ դատական իշխանության ամրապնդման հարցում։ Մեզ հաջողվեց նվազագույնին հասցնել արհեստական մոնոպոլիաների և օլիգոպոլիաների գործունեությունը։ Այսօր Հայաստանում որևէ մեկը չի կարող տնտեսական նպատակներ հետապնդելով շահարկել իր քաղաքական ազդեցությունը կամ ազդեցության այլ լծակներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծել է վարչապետ Փաշինյանը: Նա նկատել է, որ սա իր հերթին առողջացրել է երկրի տնտեսական և քաղաքական միջավայրը, նաև՝ հասարակության բարոյական մթնոլորտն առհասարակ։

Վարչապետը ներկայացրել է, որ գործուն միջոցառումներ են իրականացվել ստվերային տնտեսության կրճատման ուղղությամբ։ Իրականացվում են արմատական բարեփոխումներ հարկային համակարգում և հարկային վարչարարության մեջ։ «Մենք նաև օպտիմալացում ենք իրականացնում պետական կառավարման համակարգում՝ ուղղված կառավարության մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը։ Բոլոր այս քայլերն ուղղված են մեր քաղաքացիների ստեղծագործական, մտավոր և գործնական ներուժի իրացմանը և արտասահմանյան ներդրումների համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը»,-ասել է նա:

Հայաստանն այսօր դինամիկ զարգացող երկիր է, որին բնորոշ են քաղաքական կայունությունը և կանխատեսելիությունը։ Կառավարման պառլամենտական համակարգի պայմաններում բարձրացել են կառավարության հաշվետվողականության և գործունեության թափանցիկության մակարդակը։ Փաշինյանն ակնհայտ է համարել զսպողության և հակակշիռների համակարգի ավելի արդյունավետ գործունեությունը։

Այս ամենը տեղի է ունենում երկրում դեմոկրատական առավել հասուն ինստիտուտների ձևավորման, քաղաքացիական հասարակության և հիմնական ազատությունների առկայության ֆոնին։

«Մեր կառավարությունն այսօր ունի լեգիտիմության բարձր աստիճան և հանրային վստահության աննախադեպ մակարդակ։ Սա մեծապես պարտավորեցնող է, բայց միևնույն ժամանակ ոգեշնչում է համարձակ քայլերի և անձնազոհ աշխատանքի՝ ի նպաստ մեր ազգի և երկրի»,- ընդգծել է նա:

Երևանում ապրիլի 30-ին աշխատանքն է սկսել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որը նախ գումարվել է նեղ կազմով, ապա՝ ընդլայնված: Նիստի օրակարգում ընդգրկված է 13 հարց: ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ռումասը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասքար Մամինը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: