Հայերեն   English   Русский  

Վահագն Դավթյան. «Մեդալներն, իհարկե, ոգևորում են, բայց ես պարտավորված եմ իմ չարչարանքի, սպորտում անցկացրած տարիների համար»


  
դիտումներ: 920

Լեհաստանում կայացած սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Վահագն Դավթյանը, թեև վնասվածքով, իրեն հրաշալի դրսևորեց և օղակների վրա վարժությունում 14,933 միավորով դարձավ բրոնզե մեդալակիր` միաժամանակ նվաճելով Եվրոպական խաղերի ուղեգիր:

Անկախի հետ զրույցում Վահագնը կիսվում է տպավորություններով, խոսում մարզաձևի անկանխատեսելիության, սպորտի հաճելի, բայց նաև դժվար կողմերի մասին:

-Շնորհավորում ենք աշխարհամասի գլխավոր ստուգատեսում բրոնզե մեդալակիր դառնալու կապակցությամբ:

Շնորհակալ եմ: Տպավորությունները դրական են, արդյունքները` գոհացնող: Ուրախ եմ, որ մեդալ նվաճեցի: 2016-ից հետո չէր հաջողվում եզրափակչում մեդալով ավարտել մրցելույթս: Առաջինն այդ առիթով եմ ուրախ, երկրորդն էլ, որ հաջողվեց Եվրոպական խաղերի ուղեգիր ձեռք բերել, ինչը շատ կարևոր է: Մեխանիզմ կար աշխատող. մեդալն ուղեգիր էր ապահովում: Լավ տպավորություններ ունեմ Եվրոպայի առաջնությունից, մնացածն էլ մյուս մրցումներին կերևա:

-Տեղյակ եմ, որ առաջնոթյանը մասնակցում էիք ուսի վնասվածքով: Լիովին վերականգնել հնարավոր չեղա՞վ:

-Վնասվածքն ամբողջովին չի ապաքինվել: Վերականգնելու համար հավանաբար վիրահատական միջամտություն հարկավոր կլինի` մկանաթելերը կտրված են: Ամեն դեպքում չանցած վնասվածք է, թեև անցել եմ բուժման կուրս: ժամանակ առ ժամանակ պետք է հետևեմ, համապատախան միջոցառումներ ձեռարկեմ, որպեսզի պահեմ կայուն վիճակը:
Այս ընթացքում ծանրաբեռնվածությունն այնքան էլ մեծ չէ: Մրցումներին մոտ շրջանն է շատ ծանրաբեռնված: Թեև վարժության կատարումը 1 րոպե է տևում, բայց դրա մեջ ներդրված է մի ամբողջ ժամանակահատված պատրաստության, մարզումների ու մեծ ծավալի աշխատանքի: Մրցումներին նախորդող 3 շաբաթների ընթացքում հնարավոր է ամեն օր ամբողջ բարդությամբ վարժությունը հարկավոր լինի կատարել` սկզբից մինչև վերջ: Դրա համար էլ այդ ժամանակահատվածում ծանրաբեռնվածությունն ավելի մեծ է:

Վահագն Դավթյան 2019

-Վերջին շրջանում մեկը մյուսի հետևից 3 մրցաշարի մասնակցեցիք: Իսկ այս առումով ծանրաբեռնվածությունը շա՞տ չէ:

-Սովորել ենք արդեն, առաջին անգամը չէ, որ նման գրաֆիկով ենք մրցումների նախապատրաստվում ու մասնակցում: Ավելի կարևոր է հոգեբանական պատրաստությունն այս պարագայում: Բոլորս էլ գիտենք, որ մարզիկը կարող է ֆիզիկապես շատ լավ պատրաստված լինի, սակայն հոգեբանական մի փոքր խնդրի պատճառով անգամ մրցումների ընթացքում լիարժեք չդրսևորի իրեն:

-Մարմնամարզությունը բարդ մարզաձև է, հաղթողները որոշվում են միավորների աննշան տարբերությամբ: Դրա վառ ապացույցը Եվրոպայի առաջնությունն է, որտեղ ռուս մարզիկը չեմպիոնի կոչումը նվաճեց 14, 966 միավորով` Ձեր արդյունքից 0,033 հարյուրերորդականի տարբերությամբ:

-Կոնկրետ այս մրցումներում հոգեբանական պատրաստությունն ինձ մեծապես օգնեց: Որակավորման փուլից հետո չես իմանում, թե եզրափակչում որերորդն ես մոտենալու վարժության կատարմանը: Ես հանդես եկա վերջում: Արդեն իսկ կային շատ բարձր գնահատականներ` որակավորման փուլի համեմատ: Ես փորձում եմ չկենտրոնանալ միավորների վրա: Դա կարող է խանգարել: Ընդհանրապես չպետք է ուշադրություն դարձնել: Հարկավոր է կենրոնանալ միմիայն վարժության կատարման վրա և ոչ թե եղած գնահատականների:

-Թռիչքի հետաձգման պատճառով հավաքականը 1 օր ուշացումով ժամանեց մրցավայր: Այդ հանգամանքն անդրադարձա՞վ ելույթների վրա:

-Ավելորդ լարվածություն կար: Երբ մասնակցում ենք մրցումների, մենք հնարավորություն ունենք մեկ անգամ մարզվելու այն դահլիճում, որտեղ անցկացվելու է ստուգատեսը: Մարզվելու համար մեզ տրամադրում են նախամրցումային դահլիճներ: Մրցման դահլիճում ունենք միայն մեկ պարապմունք, որի համար կոնկրետ օր և ժամ է նշանակված: Դա, կարելի է ասել, գլխավոր փորձն է, և ամեն գործիքի վրա միայն 20 րոպե է թույլ տրվում մարզվել: Ուշացման պատճառով մենք չկարողացանք դահլիճում պարապմունքն անցկացնել, ինչը որոշակի դժվարություն է առաջացնում, քանի որ գործիքները տարբեր են: Հարկավոր է ադապտանալ ոչ միայն գործիքին, այլև լուսավորությանը, ընդհանուր միջավայրին: Ամեն մանրուք կարող է խանգարել: Մրցումների ժամանակ բեմ է կառուցվում, որը չկա մարզումնեի ժամանակ: Այդ ամենը կարևորվում է ելույթի ժամանակ:

Մրցումներից առաջ ամեն մարզիկ նախավարժանքի հնարավորություն է ունենում: Որակավորման փուլում, քանի որ առաջինը ես պետք է մոտենայի գործիքին, նախավարժանք չարեցի, որպեսզի կարողանամ հանգստանալ: Նախավարժանքից հետո 30 վրկ. ժամանակ ունեի բայց չէի հասցնի շնչառությունս կարգավորել, որոշեցի միանգամից մրցմանը մասնակցել և միայն մրցման ժամանակ մոտեցա գործիքին:
Այս հանգամանքն արդեն իսկ դժվարություն է ներկայացնում, պարզապես ավագ սերնդի մարզիկներս, ի տարբերություն երիտասարդների, չկենտորնացանք: Ամեն ինչ կարող է պատահել մրցումների ժամանակ: Եթե մենք մրցավայրում ենք, նշանակում է պետք է մասնակցենք, ինչպես հարկն է:

-Բոլորովին վերջերս պաշտոնապես հայտնի դարձավ, որ Արթուր Դավթյանի և Ձեզ հետ Եվրոպական խաղերին կմասնակցի նաև Արթուր Թովմասյանը:

-Իսկապես ուրախալի է, որ հաստատվեց Արթուր Թովմասյանի մասնակցությունը:

Ափսոսում եմ, որ Հարություն Մերդինյանի մասնակցությունը չստացվեց: Եվրոպայի առաջնությունում որակավորման փուլում մի փոքր վրիպում ունեցավ և հիմնական պատճառը գործիքի վրա վարժությունը մինչ այդ չկատարելն էր: Եզրափակիչ անցնելու դեպքում նա մեդալի իրական հավակնորդ էր: Նժույգթափերն իրենով անկանխատեսելի ու բարդ գործիք է:

Վահագն Դավթյան 2019

-Մեդալի ձեռքբերումը, հաջող ելույթները լրացուցիչ վստահություն հաղորդու՞մ են: Կա՞ պատասխանատվություն:

-Իհրակե, կա վստահություն: Սակայն ինձ համար մեդալը չէ, որ պարտավորություն է առաջացնում: Առաջին հերթին իմ մտածելակերպն է պարտավորեցնում, քանի որ իմ չարչարանքի, ծախսած ժամանակի, սպորտում անցկացրած տարիների առաջ եմ պատասխանատու: Մեդալները պարզապես ոգևորում են: Մարզիկն ունենում է զգացողություն, որ այդ ամբողջ ճանապարհը զուր չի անցել, ժամանակն անիմաստ չի անցկացրել:

Մեր մարզաձևում ամեն ինչ ամփոփվում է 1 րոպեի մեջ, իսկ վարժությունը կարող է ստացվել կամ ոչ: Միայն սպորտով զբաղվող մարդը կարող է հասկանալ անհաջողության դեպքում դատարկության զգացումը, որը ոչնչով լցնել հնարավոր չէ: Ամիսներ շարունակ մարզվում ես և միայն մեկ րոպե ժամանակ ունես. այդ ընթացքում կարող ես ամբողջ վարժությունն անթերի կատարել և վերջում` ցատկի ժամանակ, աննշան սխալի պատճառով բավարար արդյունք չգրանցել: Մենք միլիմետրերի ու սանտիմետրերի կռիվ ենք տալիս, ամեն բան անկանխատեսելի է, շատ դեպքերում մրցավարությունն է չափազանց սուբյեկտիվ լինում, չնայած որ ձախողման մեջ մեղքի մեծ բաժինը միմիայն մարզիկինն է:

-Գաղտնիք չէ, որ ժամանակակից սպորտում մեծ նվաճումների հասնելու համար շատ կարևոր են մարզումային պայմանները: Ուրախալի է, Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցը վերջապես հիմնովին վերանորոգվելու է:

-Մենք անչափ ուրախ ենք, որ վերջապես մեր հարազատ մարզադպրոցը կվերանորոգվի ու բարեկարգ վիճակում կընդունի իր սաներին: Կարևոր է հստակ որոշել նաև, թե վերանորոգման ընթացքում անձնակազմը որտեղ կաշխատի ու կանցկացնի մարզումները:

Լավ արդյունքներ գրանցելու համար բարեկարգ մարզումային պայմանները շատ կարևոր են ` երիտասարդ սերնդին պահելու և չկորցնելու համար: Դժվար է հիմա երեխաներին դահլիճում պահել: Իրենց հետաքրքրությունները լրիվ տարբեր ուղղությամբ են: Կարող է երեխան շատ լավ տվյալներ ունենա, բայց չնվիրվի մարզումների ամբողջությամբ: Այսօր չկան այն ֆանատները, որ պատրաստ են դժվարությունները հաղթահարել: Սպորտն իր լավ կողմերի հետ միասին ունի շատ դժվար, ծանր ու բարդ կողմեր: Ամեն մարդ չէ, որ կարող է այդ բեռն իր ուսերին վերցնել, համբերել, հիասթափությունների միջով անցնել, ամեն բան մի կողմ դնել, տարիներ շարունակ մարզվել մեկ պահի ու վայրկյանի համար:






Մեկնաբանություններ - 1

Ronaldlialecache     03.05.2019 Hi!

Can you please advise what is the best way to promote your website?
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: