Հայերեն   English   Русский  

«Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացրած դիմումը՝ Գագիկ Ծառուկյանի դեմ ուղարկվել է ՀՔԾ


  
դիտումներ: 210

Ապրիլի 19-ին «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ նիստերի դահլիճում և դրանից դուրս լրագրողների հետ շփումներում Գագիկ Ծառուկյանի հնչեցրած հայտարարությունների հետ կապված

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որով պահանջում է քրեական հետապնդում հարուցելու և պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսել: Դիմումի հիմքում Սահմանադրության այն հոդվածն է, որի համաձայն պատգամավորներին չի թույլատրվում զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

Այսօր՝ մայիսի 2-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասել է, որ այդ դիմումը ուղարկվել է ՀՔԾ նյութեր նախապատրաստելու համար:

«Ես տեսել եմ այդ հաղորդման մեջ քրեադատավարական օրենքով նախատեսված հանցագործության մասին հաղորդում, որը պետք է քննվի և դրան տրվի քրեաիրավական գնահատական: Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է հաղորդումների քննարկման ընթացակարգ։ Ղեկավարվելով այս ընթացակարգով՝ հաղորդումն ուղարկել ենք ՀՔԾ, հանձնարարվել է ՀՔԾ–ին քրեադատավարական օրենսգրքի 180–րդ հոդվածով նախատեսված ընթացակարգերը ձեռնարկել, ստուգողական գործողություններ կկատարվեն և դրա հիման վրա նախաքննական մարմինը պարտավոր է լինելու տալ իրավական գնահատական: Երբ կտրվի քրեաիրավական գնահատական, այդ ժամանակ, եթե ես ունենամ այլ դիրքորոշում, ապա դրա մասին կբարձրաձայնեմ: Այժմ չեմ կարող ոչ մի գնահատական տալ, քանի որ կկաշկանդեմ 10-օրյա ժամկետում նյութեր նախապատրաստող պաշտոնատար անձին և նրա գործողությունները»,-ասել է Արթուր Դավթյանը:

Անդրադառնալով ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի արտահանձնման հարցին՝ Արթուր Դավթյանն ասել է, որ Միհրան Պողոսյանի հանձնման գործընթացը բնականոն պրոցեսի մեջ է:

« Ըստ օրենքի՝ էքստրադիցիայի գործընթացում գտնվող մարդը կարող է դիմել այն պետությանը, որտեղ գտնվում և քաղաքական ապաստան հայցել: Սակայն պետությունը պետք է գաղտնի պահի այդ ողջ գործընթացը՝ համաձայն միջազգային նորմերի: Եվ մինչև չավարտվի ամբողջ գործընթացը, ոչ ոք չի կարող դրա մասին տեղեկատվություն տարածել»,-նշել է գլխավոր Դատախազը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: