Հայերեն   English   Русский  

Շվեդիան միաձայն վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը


  
դիտումներ: 388

Շվեդիայի խորհրդարանը միաձայն վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։Տեղեկատվությունը հրապարակվել է Ստոկհոլմում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուքյան» էջում:

«Մայիսի 2-ի Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիկսդագում, տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման վերաբերյալ քննարկում, որին հրավիրվել էր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը։

Քննարկմանը ելույթ ունեցան խորհրդարանի վեց խմբակցությունների ներկայացուցիչներ, ովքեր իրենց աջակցությունը հայտնեցին համաձայնագրի վավերացմանը։
Քննարկման ավարտին խորհրդարանի արտաքին հարցերի կոմիտեի նախագահը դեսպանին հրավիրեց կարճատեւ ընդունելության։

Նույն օրը երեկոյան Ռիկսդագում անցկացված քվեարկության արդյունքում Շվեդիայի խորհրդարանը միաձայն վավերացրեց ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017թ. նոյեմբերի 24-ին: Համաձայնագիրը վավերացրել են Բուլղարիան, Դանիան, Էստոնիան, ՄԹ-ն, Լիտվան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Գերմանիան, Ֆինլանդիան, Հունգարիան: Շվեդիան համաձայնագիրը վավերացրած ԵՄ 14-րդ երկիրն է:

Համաձայնագիրը վավերացրել է նաև Հայաստանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: