Հայերեն   English   Русский  

Անունը պահել են, գործառույթները՝ վերացրել․ փառավոր կառույցի անփառունակ վախճանը


  
դիտումներ: 1080

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի երկարամյա աշխատակիցները 2017 թվականից պայքարում են իրենց ոտնահարված իրավունքների վերականգնման համար։

Նրանք աշխատանքից ազատվել են ՊՈԱԿ-ի տնօրեն Հովիկ Հովեյանի հրամանով, որն, ըստ նրանց և ըստ դատարանի որոշման՝ ապօրինի է։ Կենտրոնի մի քանի աշխատակիցներ ի սկզբանե չեն ընդունել աշխատանքից հեռացվելու որոշումը և դիմել են առաջին ատյանի դատարան։ Դատարանը բավարարել է հայցը, բայց տնօրենը առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու նպատակով դիմել է վերաքննիչ դատարան։ Վերաքննիչի որոշումը դեռ չկա, բայց աշխատակիցները համոզված են՝ կրկին իրենց օգտին է լինելու։

«Տնօրինությունը մեզ հետ նույնիսկ քննարկումներ չի արել։ Ընդամենը կանչել ու ասել են, որ այլևս աշխատանքի չենք գնալու»,-ասում է Հռիփսիմե Սարգսյանը, որը կենտրոնում աշխատել է 1977 թվականից,-պարոն Հովեյանը և պարոն Ամիրյանը (մշակույթի նախկին նախարար) որոշեցին, որ մեր կենտրոնի 20 հաստիքները կարելի է վերցնել և նվիրաբերել ինչ-որ «Արար» ծրագրի։ Այդ ծրագրի միջոցով հիմա մարզերում ինչ-որ ժողվարպետներ են գտել, մի քանի խմբակներ են բացել ու իբր մեր գործառույթներն են իրականացնում»։

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնը հիմնվել է 1937 թվականին և ողջ հանրապետությունում լայնածավալ գործունեություն է իրականացրել ժողովրդի գեղարվեստական ստեղծագործության տարբեր ժանրերի և ժողովրդական արվեստի նմուշների ձեռքբերման, պահպանման, վերականգնման, ուսումնասիրման և հանրահռչակման գործում։ Խորհրդային տարիներին կենտրոնը զբաղվել է նաև շրջանային հազարից ավելի մշակութային կենտրոնների աջակցությամբ, մասնագետների վերապատրաստմամբ։ Գործունեության ոլորտը տարածվել է ժողովրդական ստեղծագործության բոլոր ժանրերի վրա՝ պարարվեստ, կերպարվեստ, բանահյուսություն, ազգագրություն, երգ- երաժշտություն, ծեսեր, տոներ և այլն։

Ի սկզբանե կենտրոնն ու Ժողովրդական արվեստի թանգարանը մեկ կառույցի ներքո են գործել, սակայն 1978 թվականին կենտրոնը թանգարանից առանձնացել է, տեղափոխվել Արշակունյան 28/7 հասցե, առանձին ընդարձակ տարածք։

«Այն ժամանակ կոչվում էր ժողստեղծագործության և կուլտուր-լուսավորական աշխատանքի հանրապետական գիտամեթոդական կենտրոն,-ասում է Հռիփսիմե Սարգսյանը,-ունեինք տասը բաժին, հարյուրից ավելի աշխատող, մեր ձայնագրման բաժինն այնքան հարուստ էր, որ եթե ռադիոյում ինչ-որ ձայնագրություն պակասում էր, մեր մոտից էին վերցնում»։

Մյուս գործընկերը՝ Սվետիկ Աղաբալյանը, որը կենտրոնում աշխատել է 1984 թվականից, հավելում է․«Նաև մեթոդական ձեռնարկներ էինք տպում, ուղարկում ողջ հանրապետությունում գործող 1200-ից ավելի մշակույթի տներին»։

Նաև թվարկում է, թե ինչ անվանի մարդիկ են իրեց կենտրոնում աշխատել․ «Սերո Խանզադյան, Ազատ Վշտունի, Արտաշես Նազինյան և ուրիշներ։ Ակտիվ համագործակցում էին ստեղծագործական բոլոր միությունների հետ»։

Անկախությունից հետո այս հսկայածավալ գործունեությունը կամաց-կամաց նվազում է։ Խզվում է կապը շրջաններում գործող մշակութային տների հետ, կենտրոնի շատ գործառույթներ, բաժիններ կրճատվում են, աշխատակիցների մեծ մասը զրկվում է աշխատանքից։ 2000-ականներին կենտրոնում 20 աշխատող էր մնացել։

Հռիփսիմե Սարգսյանի խոսքով՝ 2005 թվականին ինքն ու իր գործընկեր Սվետիկ Աղաբալյանը ազգագրագետ Արուսյակ Սահակյանի հետ նախաձեռնում են կենտրոնի արխիվի ուսումնասիրման գործընթաց․ «Ուզում էինք հասկանալ՝ այդ 70 տարիների ընթացքում ի՞նչ ունենք կուտակված։ Եվ պարզվեց, որ հսկայական, անսպառ նյութեր ունենք, անտիպ գործեր, նույնիսկ «Սասունցի Դավթի» անտիպ մի տարբերակ։ Տիկին Արուսյակը էպոսագետ է, և երբ այդ անտիպ պատումները տեսավ, ուղղակի ապշել էր»։

Արխիվն ուսումնասիրում են, խմբավորում, անհատ բանահավաքների առած-ասացվածքները հրատարակում։

2010 թվականին օպտիմալացման հետևանքով ժողստեղծագործության կենտրոնն ու թանգարանը կրկին միավորվում են։ Սակայն միավորումն, ըստ նախկին աշխատակիցների, ընդամենը իրավական բնույթ էր կրում։ Իրականում կառույցները շարունակում էին գործել առանձին և գրեթե առնչություն չունեին։

Հովիկ Հովեյան, Արմեն Ամիրյան

Երբ մշակույթի նախարար է նշանակվում Արմեն Ամիրյանը, մի օր այցելում է կենտրոն և վրդովվում, թե երբեմնի հարուստ կառույցն ավերակ է դարձել։ «Ասացինք՝ մեղքն այլ տեղ փնտրեք, մենք բազմիցս պայքարել ենք այս հիմնարկի պահպանման համար, որովհետև կարևորել ենք դրա նշանակությունը մեր հանրապետության մշակութային կյանքում և ժողստեղծագործության պահպանման գործում»։

Արմեն Ամիրյանի այցից որոշ ժամանակ անց հայտնի է դառնում, որ կենտրոնը փաստացի լուծարվելու է։

«Հովեյանն ասում է՝ ժողստեղծագործության կենտրոնը կա, չի լուծարվել, մենք այդ գործառույթը տվել ենք ժողվարպետներին, հիմա արհեստները զարգանում են, մենք մեծ բան ենք արել և այլն,-ասում է Սվետիկ Աղաբալյանը,-իսկ ի՞նչ են արել իրենք․ մարզերում բացել են ընդամենը 15 խմբակ՝ մեր հազարավոր խմբերի ու վարպետների փոխարեն, գիտահետազոտական աշխատանք չի կատարվում, բանահավաքչություն, ուսումնասիրություններ չեն կատարվում։ Այսինքն, այն համակարգային, գիտամեթոդական գործառույթները, որ իրականացնում էր ժողստեղծագործության կենտրոնը, այլևս գոյություն չունեն։ Ո՛չ բովանդակությամբ, ո՛չ կանոնադրությամբ, ո՛չ կարգավիճակով, ո՛չ գործառույթներով այսօրվա արածը որևէ աղերս չունի նախկին գործունեության հետ։ Անգամ չգիտեն, թե որն է իրենց անելիքը»։

Կենտրոնի 40 տարվա աշխատակից Հռիփսիմե Սարգսյանն էլ հավելում է․ «Եթե մեր պետությանը ժողստեղծագործության կենտրոն պետք չէ, ուրեմն թող ուղղակի փակեն, ոչ թե անունը պահեն, բյուջեից գումարներ գանձեն, բայց այդ ամենը ձևական բնույթ կրի»։

Իրենց կյանքի լավագույն տարիները ժողստեղծագործության կենտրոնում ներդրած երկու կանայք ափսոսում են ոչ այնքան իրենց աշխատանքը և չնչին աշխատավարձերը կորցնելու, այլև պետության և ժողովրդի համար այդքան կարևոր կառույցի ոչնչացման համար, կառույց, որն անգնահատելի դեր է կատարել ժողովրդական ստեղծագործության գանձարանը մշտապես առատ և ամուր պահելու գործում, իսկ այսօր դարձել է ընդամենը թղթի վրա արձանագրված դատարկ իրողություն․․․





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: