Հայերեն   English   Русский  

Բողոքի ցույց Բաքվում․ լրագրողները պահանջում են հանել երկրից դուրս գալու իրենց հանդեպ սահմանված արգելքը


  
դիտումներ: 133

Ցուցարարներին պատասխանել են, որ «գործընթացը սկսվել է»

Ութ լրագրող է մայիսի 3-ին եկել ծանր հանցագործությունների քննչական վարչության շենքի մոտ՝ պահանջելու երկրից դուրս գալու իրենց հանդեպ սահմանված արգելքը հանել։ Արգելքը սահմանվել էր 2015թ-ին, որովհետև նրանք որպես վկա ներգրավված էին Ադրբեջանում արգելափակված Meydan TV-ի գործով։ Վարչության պետ Էլդար Մահմուդովն ընդունել էր ցուցարարներին և ասել, որ նրանց հարցով «աշխատանք է տարվում», փոխանցում է Azadlıq azadlıq.orq-ը։

MeydanTV-ի գործը

MeydanTV-ն ադրբեջանական անկախ լրատվամիջոց է, որի «շտաբ-բնակարանը» գտնվում է Բեռլինում։ 2013թ-ին ստեղծված այդ կայքը հայտնի է ադրբեջանական իշխանությունների հասցեին սուր քննադատությամբ։

2015թ-ին նրա դեմ քրեական գործ էր հարուցվել։ Կայքը մեղադրվում էր այն բանի համար, որ խախտել է արտասահմանյան լրատվամիջոցների հավատագրման կանոնները։ MeydanTV-ի հետ համագործակցող մի քանի մարդ որպես վկա էր ներգրավվել և ներառվել այսպես կոչված «ստոպ-ցուցակում»՝ մարդկանց ցանկում, որոնց ելքը երկրից արգելված է։ Թեև, օրենքի համաձայն, վկաների հանդեպ նման արգելք չի կարելի սահմանել։

2016 թ-ին MeydanTV-ն ևս մի քանի կայքի հետ միասին արգելափակվել էր Ադրբեջանի տարածքում այն հիմքով, թե «ապակառուցողական գործողություններ է կատարում, որոնց նպատակը հանրության կայունության խաթարումն է»։

Լրագրողները, որոնց չի թույլատրվում լքել երկիրը, բազմիցս փորձել են վիճարկել այդ հանգամանքը։ Նրանք նույնիսկ հայց են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան և շահել գործը․ 2018թ-ի դեկտեմբերին ՄԻԵԴ-ը ճանաչել է այդ մարդկանց իրավունքների խախտումն ու Ադրբեջանի կառավարությանը պարտավորեցրել նրանց փոխհատուցում վճարել, սակայն այդ պարտավորությունը դեռ ի կատար չի ածվել։

Ակցիայի մանրամասները

Բաքվում Մամուլի ազատության համաշխարհային օրը կայացած ակցիային յոթ լրագրող պահանջել է չեղարկել անարդար արգելքը։ Ակցիայի ութերորդ մասնակիցը գրող Ռասիմ Գարաջան էր, որի համագործակցությունը MeydanTV-ի հետ սահմանափակվում էր գրականության մասին երեք հոդվածով։

Վարչության շենքի մոտ ցուցարարները եկել էին պաստառներով և «Ո՛չ արգելքին» և «Չենք ցանկանում սահմաններով լրագրողներ լինել» [նկատի ունեն «Լրագրողներ առանց սահմանների» հայտնի կազմակերպության անվանումը, որը զբաղվում է մամուլի ազատության պաշտպանությամբ] կարգախոսներ էին վանկարկում։

«Եթե իշխանությունները կարծում են, որ նման սահմանափակումներով կարող են խանգարել անկախ մամուլի գործունեությանն, ապա նրանք սխալվում են», – հայտարարել է մասնակիցներից մեկը՝ Սևինջ Վագիֆգըզըն։

Նրա գործընկեր Այնուր Էլգյունաշը պատմել է, որ վերջերս իր արգելքը հանվել է առողջական վիճակի պատճառով, սակայն դրան նախորդել են բազմաթիվ միջնորդություններ։

Ցուցարարներն իրենց հետ բերված պաստառներն ամրացրել էին շենքի պատին, սակայն ոստիկանները դրանք պոկել և հեռացրել էին։ Դա բախում էր սադրել ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև։

Այնուհետև մի ոստիկան էր հայտնվել, որը ներկայացել էր որպես Երկաթուղիների ներկայացուցիչ և ասել, որ ակցիան պետք էր համաձայնեցնել։

Արդյունքում, ցուցարարներին ընդունել էր քննչական վարչության պետ Էլդար Մահմուդովը։ Նրանից լսածը վերապատմել է լրագրող Նաթիկ Ջավադլին․

«Մեզ ասացին, որ գործընթացը գնում է։ Այնուր Էլգյունաշի ելքի վրա դրված արգելքն արդեն հանվել է, մեր մասով նույնպես աշխատանք է տարվում։ Երևի մոտ օրերս մեզ կպատասխանեն։ Ես կարծում եմ, որ դա հուսադրող է։ Տեսնենք»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: