Հայերեն   English   Русский  

​Երեխայի լավագույն շահն առաջնահերթ է ցանկացած իրավիճակում


  
դիտումներ: 245

Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրել է հանրային այն քննարկումները, որոնք հաջորդել են երեխաների սեռական դաստիարակությանն առնչվող գրքի քննարկմանը նվիրված միջոցառմանը:

Երեխայի լավագույն շահից է բխում դաստիարակվելն ու մեծանալը ընտանիքում՝ ծնողների հոգածության ու ուշադրության ներքո: Հայաստանի Սահմանադրությունը նախատեսել է, որ ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման համար: Հավասարապես պաշտպանված պետք է լինեն նաև այն երեխաները, ովքեր մեծանում և իրենց դաստիարակությունը ստանում են մանկատներում կամ այլ հաստատություններում:

Դրանով հանդերձ, բոլորիս առաջնահերթ խնդիրներից է մեր երեխաների պաշտպանությունը ցանկացած տեսակի, այդ թվում՝ սեռական բնույթի ոտնձգություններից: Ցավոք, մեր երկրում առկա են սեռական բնույթի, այդ թվում՝ ծանր հետևանքներ ունեցող ոտնձգություններ երեխաների նկատմամբ, ինչի մասին վկայում են վիճակագրական տվյալները: Այդ ոտնձգություններից երեխաների պաշտպանության գրավականներից է թե՛ ծնողների, թե՛ երեխաների իրազեկվածությունը՝ վերջիններիս տարիքային զարգացմանը համահունչ:

Ակնհայտ է, որ երեխաների դաստիարականության հարցերը զգայուն են և մեր հասարակությունում հատուկ ուշադրության ներքո են: Իրազեկման աշխատանքներն ինքնին կարևոր են, սակայն յուրաքանչյուր դեպքում նման պատասխանատու աշխատանքները պետք է նախապատրաստել, կազմակերպել և իրականացնել այնպես, որ դրանք հանրային նման արձագանքի կամ լարվածության առիթ չդառնան։

Հարցի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրականացրած սոցիալական ցանցերի դիտարկումն արձանագրել է, որ քննարկումները հաճախ ուղեկցվում են վիրավորանքով և արժանապատվությունը նսեմացնող գրառումներով ու մեկնաբանություններով: Այս ամենն, իհարկե, խաթարում է հանրային քննարկման ընթացքն ու թույլ չի տալիս հասկանալ քննարկվող հարցի էությունը:

Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները երաշխավորում են բոլորի հավասարությունն օրենքի առջև և բոլոր քաղաքացիների պաշտպանությունը վիրավորանքից, արժանապատվությունը նսեմացնող խոսքից ու բռնության սպառնալիքից:

Մարդու իրավունքների պաշտպանը, կարևորելով առհասարակ իրազեկման աշխատանքները և ունենալով այդպիսի իրավական մանդատ, կուսումնասիրի ոլորտը՝ համապատասխան քայլեր նախանշելու ու ձեռնարկելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: