Հայերեն   English   Русский  

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց


  
դիտումներ: 355

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը, որը պետք է քններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի,

նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործը, ինքնաբացարկ է հայտնել։ Անկախին հայտնեցին ՀՀ դատական դեպարտամենտից՝ չնշելով ինքնաբացարկի պատճառները։

Գործը արդեն հանձնվել է դատարանի գրասենյակին եւ ըստ ընթացակարգի այն պետք է վերամակագրվի այլ դատավորի։

Ավելի վաղ NEWS.am–ը գրել էր, որ դատավոր Վարդան Գրիգորյանը 2008թ. մարտի մեկի դեպքերից հետո հարուցված քրեական գործերով պաշտպան է եղել։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ թե՛ նախաքննության, և թե՛ դատաքննության ընթացքում նա պաշտպանել է գործով մեղադրյալներ Կառլեն Մանուչարյանին եւ Մհեր Սարգսյանին։

Նշենք, որ Գրիգորյանը փաստաբանությամբ է զբաղվել 2000–2014 թթ.։ Նա դատավոր է նշանակվել 2014 թվականի դեկտեմբերի 24-ին՝ ՀՀ նախագահի հրամանագրով։ Գրիգորյանը սկզբում աշխատել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, իսկ 2018 թվականի նոյեմբերի 14-ին՝ նշանակվել Երեւան քաղաքի դատարանի դատավոր։ Մարտի 1–ի գործով անցնող մի քանի անձանց շահեր է ներկայացրել նաև Գրիգորյանի կինը՝ Աննա Ջուվանովան, որն այժմ էլ զբաղվում է փաստաբանական գործունեությամբ։

Նշենք, որ «ՀՀ Դատական օրենսգրքի» համաձայն՝ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ:

Դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու հիմքերը ներառում է այն դեպքերը, երբ դատավորը մասնակցել է տվյալ գործի քննությանն այլ դատարանում, դատավորի մերձավոր ազգականը հանդիսացել է, հանդիսանում է կամ ողջամտորեն կհանդիսանա գործին մասնակցող անձ եւ այլն։

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննված քրեական գործից անջատված մասով՝ ըստ մեղադրանքի Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գեւորգյանի, վերաբերյալ քրեական գործը Վարդան Գրիգորյանին էր մակագրվել ապրիլի 29–ին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: