Հայերեն   English   Русский  

​Անցնող շաբաթը Հայաստանում


  
դիտումներ: 522

Շաբաթը երկրում սկսվեց բավական կարևոր իրադարձությամբ. Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումով և ապա ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստով, որի ընթացքում քննարկվեցին և համաձայնություն ձեռք բերվեցին 13 կարևոր խնդիրների շուրջ:

Սակայն հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ դրանք բնավ չեն հետաքրքրում մեր հասարակությանը: Թեպետ նիստը հնարավորինս հեռարձակվում էր, դրանից հետո էլ Նիկոլ Փաշինյանը և Տիգրան Սարգսյանը ասուլիս տվեցին, քննարկման առարկա մնաց միայն մի հարց, թե ինչ նկատի ուներ Դմիտրի Մեդվեդևը նիստի ընթացքում արած իր կատակով: Բանն է այն է, որ նա Փաշինյանի «перейдем» առաջարկին պատասխանեց «куда» հարցով և ինքն էլ իր կատակի վրա ծիծաղեց: Այս միջադեպը բավական էր, որ Նիկոլ Փաշինյանի պաշտպանության և Մեդվեդևի քննադատության ալիք բարձրանար՝ հետզհետե վերաճելով ընդհուպ հակառուսական տրամադրությունների, որոնք, ի դեպ, էլ ավելի բորբոքեցին Փաշինյանի անտեղի մեկնաբանությունները:

Սանասարյան

Շաբաթվա ընթացքում օրակարգում մնաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի դեմ հարուցված գործի քննարկումը: Իշխանության ներկայացուցիչները և մերձիշխանական բոլոր ուժերը բաժանվեցին ներքին սևերի ու սպիտակների: Մի թևը պնդում է, որ Դավիթ Սանասարյանը ազնիվ է, իսկ ԱԱԾ-ի հարուցած գործը՝ շինծու, մյուս թևը նույնպես պնդում է, որ Դավիթ Սանասարյանը ազնիվ է, սակայն պետք է սպասել դատարանի որոշմանը, թեպետ անցած մեկ տարվա փորձը ցույց է տվել, որ դատարանի որոշմանը սպասելու հարկ չկա, կարևոր է իմանալ, թե ինչ քաղաքական որոշում է կայացրել իշխանությունը, ավելի ճիշտ՝ անձամբ Նիկոլ Փաշինյանը: Այսպես թե այնպես, ԱԱԾ ղեկավարը ստիպված եղավ հայտարարել, որ տեսագրություն ունի, թե ինչպես է Սանասարյանը կաշառք վերցնում, իսկ վերջինս էլ հայտարարեց, որ պատրաստ է իր ձեռքը կտրել, եթե այդ փաստը հաստատվի: Թե ում ձեռքը կամ կարիերայի ուղին կկտրվի, ցույց կտա մոտ ապագան, սակայն այսօր էլ ակնհայտ է, որ իշխանությունը ճեղք է տվել, որը էլ ավելի խորանալու միտումներ է դրսևորում:

Աղաջանյան

Եվ մինչ քննարկվում էր Սանասարյանի ազնիվ կամ անազնիվ լինելու հարցը, պարզվեց, որ ազնվության լուրջ կասկածներ կան՝ կապված վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ, երբ հայտնի դարձավ, որ Քաղաքացու օրվա համար հատկացված տխրահռչակ 124 մլն դրամը բավական կասկածելի կազմակերպություններ են ծախսել, որոնք կապ ունեն աշխատակազմի ղեկավարի հետ:

Այս համատեքստում բնավ անակնկալ չի թվում ասպարեզ նետված ՔՊ-ԲՀԿ հակամարտությունը: Մի՞թե պատահական է, որ իշխող կուսակցությունը հանկարծ անդրադարձավ ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործարար լինելու հանգամանքին՝ շահերի բախում նկատելով խորհրդարանում նրա ներկայության իրողության մեջ: Եվ միանգամայն արդարացի են ԲՀԿ խմբակցության պատգամավորները, երբ հարցադրում են անում, թե ինչու է այդ դեպքում ընտրություններից առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունել նրա հայտը: Մի՞թե Ծառուկյանի գործարար լինելն այնքան թաքնված փաստ էր, որ հիմա նոր ջրի երես է դուրս եկել: Համենայն դեպս առկա իրադարձությունները ցույց են տալիս, որ հանգուցալուծումն այնքան էլ խաղաղ չի լինելու: ԱԺ խոսնակը հայտարարել է արդեն, որ Ծառուկյանը պետք է ապացուցի, որ գործարար չէ, իսկ վերջինիս խմբակցության անդամները հայտարարել են, որ Ծառուկյանին խորհրդարանից դուրս մղելու դեպքում ամբողջ խմբակցությամբ վայր կդնեն մանդատները:

Ծառուկյան-Փաշինյան

Ահա այսպես ընդամենը մի տարվա ընթացքում սիրո և հանդուրժողականության կոչերով իշխանության եկած ուժը և սկզբից ևեթ նրան սատարած ու դաշնակից դարձած ուժը դարձան ոխերիմ հակառակորդներ:

Այս իրադարձությունների արանքում գրեթե անուշադրության մատնվեց այն իրողությունը, որ հակառակորդ հարևանը կրկին անցավ սադրիչ գործողությունների՝ հրետակոծելով ոչ միայն առաջնագծում կանգնած զինվորներին, այլև մեր ճանապարհները: Հետևանքն այն է, որ մի շաբաթում երկու ծանր վիրավոր զինվոր ունեցանք: Ավելին, դա չխանգարեց, որ մայրաքաղաքում թագավորեր տոնական տրամադրությունը մայիսմեկյան և գինու փառատոնի տոնակատարություններով:

Մի բան, որ չես ասի արտախոհրդարանական ուժերի մասին: Հայտնի դարձավ, որ Հայ հեղափոխական դաշնակցությունը պատրաստվում է անվստահություն հայտնել իշխանությանը, իսկ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարեց քաղաքական ակումբ ստեղծելու մասին, որտեղ բանավեճեր պիտի ծավալվեն թե՛ իշխանամետ, թե՛ ընդդիմադիր ուժերի միջև: Սպասողական պահվածքն ակնհայտորեն աստիճանաբար տեղի է տալիս հարաճուն մտահոգություններից բխող ելքեր փնտրելու ձեռնարկումներին, որոնք երկրի քաղաքական խճանկարի սպասվող և անակնկալ փոփոխություններ են խոստանում, բայց և ցույց են տալիս, որ արդեն իսկ մոտ ապագայում իշխանություններին այնքան էլ չի հաջողվի սին խոստումներով ու սիրո խոստովանություններով հանրությանը պահել պայծառ ապագայի սպասումների ալիքի վրա:

Ի՞նչ ուղերձներ մնացին այս շաբաթից

Փաշինյան-գինի

«Հայաստանի կառավարության խնդիրն ու նպատակն է երկրում իրականացնել տնտեսական հեղափոխություն։ Ինչպես քաղաքական հեղափոխության, այս դեպքում էլ մեզ համար հիմնական և առանցքային գործիքը շարունակում է մնալ անհատական ջանքը: Այսինքն՝ մեր հիմնական գործիքակազմը պետք է լինի քաղաքացիներին, մարդկանց խրախուսելը՝ աշխատելու, գործելու, տնտեսական գործունեություն ծավալելու, հավատալու սեփական ուժերին և հաջողությանը։ Մեր քայլերն ուղղված են լինելու յուրաքանչյուր քաղաքացու տնտեսական վարքագիծը փոխելը՝ ինչպես տնտեսական գործունեության օբյեկտ, այնպես էլ տնտեսական գործունեության սուբյեկտ հանդիսանալու պարագայում»,- ասաց երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր մայիսմեկյան ուղերձում:

Նույն միտքը վարչապետն էլ ավելի ծաղկացրեց «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովում՝ ընդգծելով, որ Հայաստանի քաղաքացին կարող է անել ամեն ինչ, քաղաքացու ոչ մի հնարավորություն սահմանափակված չէ. «Այդ փիլիսոփայական փոփոխությունն այսօր Հայաստանի Հանրապետությունը դարձրել է աշխարհի առաջատար ժողովրդավարական երկրներից մեկը, այս փիլիսոփայական փոփոխությունը Հայաստանը հիմա դարձնում է և պիտի դարձնի աշխարհի տնտեսական զարգացած երկրներից մեկը»:

Այսպիսով պարզվեց, որ կառավարության խնդիրն ընդամենը մեզ խրախուսելն է, որից հետո մենք, որ մինչև հիմա այնքան էլ չէինք ուզում աշխատել, արդեն կաշխատենք մեծ ոգևորությամբ, ավելին, պարզվեց, որ մենք արդեն դարձել ենք աշխարհի առաջատար ժողովրդավարական երկրներից մեկը և դեռ դառնալու ենք տնտեսական զարգացած երկրներից մեկը: Բայց թե ինչու մեր առօրյա կյանքում այդ մեծ վերափոխումները չենք զգում, արդեն մեր խնդիրն է: Իսկ իշխանություններն իրենց կյանքում զգում են այդ փոփոխությունները և հավանաբար այնքան ոգևորված են, որ բնավ չեն նկատում օր օրի ահագնացող հիասթափությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: