Հայերեն   English   Русский  

Հայաստանը իր ինքնատիպությամբ շարունակում է հետաքրքրել օտարերկրյա զբոսաշրջիկներին. Մեխակ Ապրեսյան


  
դիտումներ: 866

Զբոսաշրջային սեզոնը բացվում է և իր հետ բերում մի շարք խնդիրներ, որոնց առնչվում են թե´ օտարերկրյա զբոսաշրջիկները մեր երկիր այցելելիս, թե´ հայերը՝ արտերկիր մեկնելիս:

Մասնագետները այդ խնդիրների մեջ կարևորների շարքում առանձնացնում են տուրիստական ընկերությունների թերի աշխատանքը: Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նկատում է, որ չնայած 2018 թվականի հայտնի իրադարձությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել մեր երկրի նկատմամբ և գնալով ավելանում է զբոսաշրջիկների հոսքը մեր երկիր, սակայն դաշտում առկա են մի շարք խնդիրներ և պետք է ամեն ինչ անել, որպեսզի հետաքրքրությունը չկորի մեր երկրի հանդեպ:

Այն պնդումներին, որ մեր երկիրը գնալով կորցնում է իր ինքնատիպությունը և քիչ ցանկալի է դառնում օտարերկրյա զբոսաշրջիկների համար, Մեխակ Ապրեսյանը հակառակն է պնդում. «Չնայած որոշ շինություններ չենք կարողացել պահպանել, բայց միևնույն է մեր երկիրը շարունակում է զարմացնել իր պատմական կոթողներով, հիանալի բնությամբ, հյուրնկալ մարդկանցով: Պետք է պահպանել այս ամենը, հակառակ դեպքում կկորցնենք մեր ինքնատիպությունը և կդառնանք անհետաքրքիր: Գնալով ավելանում է Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը և պետք է ամեն ինչ անել, որ այն նվազման չգնա»:

Ապրեսյանը նշում է, որ չնայած դաշտի իրավական կարգավորումը սահմանված է, սակայն այն պետք է վերանայել, վերահսկումը խստացնել և հստակեցնել:

«Այսօր Հայաստանում հարյուրավոր տուրիստական գործակալություններ կան, որոնք ծառայություն են մատուցում թե´ մեր երկրի ներսում, թե´ դրա սահմաններից դուրս: Արտերկրում մեր զբոսաշրջիկները հիմնականում առնչվում են խնդիրների, եթե անհրաժեշտ տեղեկատվություն չեն ստացել զբոսաշրջային օպերատորներից, եթե մինչ մեկնելը անհրաժեշտ պայմանագիր չեն կնքել, եթե պայմանագրից բացակայել են այն պարտադիր դրույթները, որոնք օրենքով նախատեսված են: Այս բոլոր խնդիրները լուծելու համար կարծում եմ այսօր օր առաջ անհրաժեշտ է մտածել ոլորտի պետական կարգավորման, ծառայությունների որակական չափանիշներ սահմանելու մասին»,-ասում է Ապրեսյանը:

Ըստ նրա, եթե նախկինում շուկայի ձևավորման և զարգացման խնդիր ունեինք և սահմանափակումները ցանկալի չէին, ապա այսօր այդ շուկան կա և պետք է մտածել խիստ կարգավորման գնալու, ոլորտում աշխատող կազմակերպությունների ու այդ կազմակերպություններում աշխատողների լիցենզավորման մասին: Ապրեսյանը նշում է, որ պետք է այնպիսի չափորոշիչներ սահմանվեն լիցենզավորման համար, որ դաշտում մենաշնորհ չստեղծվի և հավասար պայմաններում բոլոր կազմակերպություններն էլ կարողանան մասնակցել մրցույթներին:

Մեխակ Ապրեսյանը նշում է, որ 2000-2018 թվականների ընթացքում ավելի քան 40 տոկոսով ավելացել է զբոսաշրջիկների այցելությունները դեպի Հայաստան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: