Հայերեն   English   Русский  

Հայաստանում ճանապարհային պատահարներից մահացությունը 2 անգամ ավելի է, քան հարեւան երկրներում. ՄԱԿ ներկայացուցիչ


  
դիտումներ: 229

Ճանապարհային երթևեկության անվտանգությունը երկրի զարգացման մակարդակի ինդիկատորներից մեկն է, պնդում է ՄԱԿ Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը:

Ճանապարհային պատահարների 54 տոկոսը տեղի է ունենում եկամուտների ցածր մակարդակով երկրներում, այստեղ էլ գրանցվում է ճանապարհային պատահարների հետեւանքով մահվան բոլոր դեպքերի գրեթե 90 տոկոսը:

ՄԱԿ Զարգացման ծրագրի ներկայացուցչի խոսքով՝ Հայաստանում ճանապարհային պատահարների հետեւանքով մահացության վիճակը այնքան էլ լավ չէ՝ նույնիսկ հարեւան երկրների համեմատությամբ: Հայաստանում ճանապարհային պատահարների հետեւանքով մահացության ցուցանիշը 100 հազարին 18.3 է, մինչդեռ Վրաստանում, Ադրբեջանում եւ Թուրքիայում համապատասխանաբար 11.8, 10 եւ 8.9: Ստացվում է, որ Հայաստանում ճանապարհային պատահարների հետեւանքով մահացությունը գրեթե 2 անգամ ավելի է, քան հարեւան երկրներում, եւ Մարիյասինի խոսքով՝ երկիրը պետք է շտապ վերանայի այս խնդրի հանդեպ իր մոտեցումները:

Հայաստանի Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն, իր հերթին, նշեց, որ 2018 թվականին Հայաստանում գրանցվել է 5950 ճանապարհատրանսպորտային պատահար եւ դրանց հետեւանքով 343 մահվան դեպք, իսկ 4111 մարդ վնասվածքներ է ստացել: 2017 թվականի համեմատությամբ՝ 2018-ին ճանապարհային պատահարների թիվն աճել է 576-ով (16.3 տոկոս), դրանց հետեւանքով զոհերի թիվը՝ 64-ով, իսկ վնասվածք ստացածների թիվը՝ 771-ով:

2019 թվականի առաջին եռամսյակում ճանապարհային պատահարների հետեւանքով գրանցված մահվան դեպքերի թիվը 12-ով քիչ է եղել, քան 2018-ի առաջին եռամսյակում, իսկ մինչեւ 16 տարեկան երեխաների մասնակցությամբ եւ մահացու ելքով ճանապարհային պատահարների թիվը 3-ով պակաս է:

ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփը նշեց, որ աշխարհում ամեն տարի ճանապարհային պատահարների հետեւանքով մահանում է մոտ 1.3 մլն մարդ, իսկ 20-50 մլն-ը վնասվածքներ է ստանում: Հետաքրքիր է, սակայն, որ ճանապարհային պատահարի հետեւանքով զոհվելու հավանականությունը գրեթե 3 անգամ ավելի բարձր է եկամտի ցածր մակարդակով երկրներում՝ զարգացած երկրների համեմատությամբ: Ընդ որում՝ ճանապարհային պատահարների զոհերի մեծ մասը մինչեւ 29 տարեկան երիտասարդներ են:

Ըստ Շոմբի Շարփի՝ ճանապարհային պատահարները 5-29 տարեկան մարդկանց մահվան առաջին պատճառն է եւ երկրորդը՝ 30-50 տարեկանների համար։ Ուստի, ճանապարհային պատահարները լուրջ ժողովրդագրական խնդիր են՝ մահանում են երիտասարդները, որոնք պետք է ծնողներ դառնային։

Ճանապարհային պատահարները տնտեսության վրա նույնպես լուրջ ազդեցություն են ունենում. դրանց պատճառով կորուստները հավասար են ՀՆԱ մոտ 5,5 տոկոսի կորստին։

Դմիտրի Մարիյասինի խոսքով՝ ճանապարհային պատահարները, դրանց պատճառով առաջացած վնասվածքներն ու մահերը Հայաստանի վրա տարեկան մոտ 155 մլն դոլար են նստում. դա հսկայական գումար է, որը կարող էր ներդրվել առողջապահության կամ ցանկացած այլ ոլորտում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: