Հայերեն   English   Русский  

Ստեփանակերտում ընթանում է «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորում (լուսանկարներ,տեսանյութ)


  
դիտումներ: 234

Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) նախաձեռնությամբ ԱՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում ընթանում է «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» խորագրով ֆորում:

Ֆորումի օրակարգում ընդգրկված են Հայաստանի և Արցախի իրավապայմանագրային հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու մասին հարցերը:

Ֆորում,Արցախ

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Նա իր գոհունակությունն է հայտնել ֆորումի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ Ստեփանակերտում նման կարևոր թեմայով միջոցառման անցկացումը:

«Անհնար է պատկերացնել Արցախն առանց Հայաստանի, և հակառակը՝ Մայր հայրենիքն առանց Արցախի: Հայկական միասնական տարածքի այս փոխկապակցվածությունն է, որ մեզ ավելի է ուժեղացնում հայրենիքում, իսկ Սփյուռքի մեր հայրենակիցներին էլ հավատ ներշնչում միահամուռ մեր ազգային նպատակներին հասնելու ձգտումների նկատմամբ: Համատեղ գործելու անհրաժեշտությունը ոչ միայն կենսական պահանջ է, այլ նաև հայկական երկու հանրապետություններում համազգային համերաշխություն ու համաչափ զարգացումն ապահովելու, և մեր անվտանգությունը լավագույնս երաշխավորելու կարևոր միջոց: Պետականաշինության միևնույն ճանապարհն անցնելով՝ մենք շատ հաճախ առաջնորդվել ենք փորձի փոխանակմամբ, համատեղ քննարկումների ընթացքում ձևավորվող դիրքորոշումների և տարբեր հարցերի շուրջ ընդհանուր տեսլական ունենալու գաղափարներով»,-մասնավորապես ասել է Ա. Ղուլյանը՝ ընդգծելով, որ ընթացող ֆորումը կդառնա այն միջոցառումը, որտեղ համակողմանիորեն քննության կառնվեն երկու հայկական հանրապետությունների միջև իրավապայմանագրային հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու պահանջն ու դրա իրագործման ժամկետմները:

Ֆորում,Արցախ

Ըստ Ա. Ղուլյանի՝ անցած տարիների ընթացքում արտաքին մարտահրավերներով, աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային զարգացումներով պայմանովորված, եղել են ժամանակներ, երբ Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքը շատ մոտ էր իրականություն դառնալուն: Սակայն, օբյեկտիվ իրողություններից ելնելով՝ առկա մոտեցումները միշտ հանգել է նրան, որ դաշինքի կայացումը պետք է լինի խորը քննարկումների արդյունքի, ինչպես նաև տարբեր տեսակետների և դիրքորոշումների հետևանք:

Ֆորում,Արցախ

Ֆորումի նախագահ Վազգեն Մանուկյանն իր խոսքում կարևորել է նման միջոցառման կազմակերպումը, և նշել, որ Արցախի հարցը համախմբում է ողջ հայությանը:

«Արցախի վերաբերյալ իր որոշումներն հայ ժողովուրդն ընդունել է Խորհրդարանի որոշումներով, հանրաքվեներով, մեզ պարտադրված պատերազմին դիմակայելով և հաղթելով: Նոր սերունդն իր որոշումը վերահաստատել է 2016 թվականին տեղի ունեցած ապրիլյան քառօրյայի ժամանակ: Իշխանությունները պարտավոր են մեր ժողովրդի կամքը բանակցությունների միջոցով դարձնել իրականություն: Արցախի անկախության միջազգային ճանաչումն իրականացնելու համար պետք է տարվեն լուրջ աշխատանքներ: Մենք պետք է ավելի բարձրացնենք մեր պետության տնտեսական համակարգը, բանակի մարտունակությունը, ձեռք բերենք նոր դաշնակիցներ՝ կանխելու համար պատերազմը: Արցախի և Հայաստանի հարաբերությունները պետք է դնել իրավական հիմքերի վրա»,-ավելացրել է Վ. Մանուկյանը:

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, խոսելով Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի մասին, ասել է, որ այդ հարցը միշտ էլ եղել է օրակարգային:

Ֆորում,Արցախ

«Մենք պետք է լուրջ քայլեր ձեռնարկենք այս ուղղությամբ, որն էլ անհրաժեշտ է մեր հետագա խնդիրները համատեղ լուծելու համար: Արցախի և Հայաստանի հանրապետությունների միջև համապարփակ համագործակցության և փոխհարաբերությունների կարգավորման համար իրավապայմանագրային հիմքեր ապահովելը հրամայական անհրաժեշտություն է: Այս նպատակադրումը լիովին համահունչ է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, և բխում է արցախյան հակամարտության կարգավորման ներկա գործընթացով պայմանավորված մարտահրավերներից և խնդիրներից: Ակնհայտ է, որ մարդու տարրական իրավունքները չեն կարող շարունակաբար ոտնահարվել կամ անտեսվել, իսկ հումանիտար ծրագրերն արգելափակել կամ կասեցվել միայն այն պատճառով, որ շուրջ 30 տարի է, ինչ չի հաջողվել կարգավորել Արցախյան հակամարտությունը: ԱՀ-ն ամբողջ մի սերունդ զրկված է տարրական լեգիտիմ իրավունքներն լիարժեք իրացնելու և միջազգային ծրագրերից լիիրավ օգտվելու հնարավորությունից: Այս անարդարությանը վերջ դնելը ոչ միայն Արցախի ջողովրդի անքակտելի իրավունքն է, այլև միջազգային հանրության և միջնորդ կողմերի հիմնական պարտավորությունը: Ակնհայտ է նաև, որ ԱՀ-ն նկատմամբ Ադրբեջանի կողմից կատարված որևէ ռազմական ագրեսիա կամ սպառնալիք միևնույն ժամանակ ուղղված է լինելու Հայաստանի Հանրապետությանը: Հետևաբար, երկու հայկական պետությունների համար միասնական անվտանգության ու պաշտպանության համակարգ ձևավորելը բնական և կենսական պահանջ է»,-ավելացրել է Ա. Ռուստամյանը:

ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանն էլ ասել է, որ Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքն անհրաժեշտություն է:

Նա մասնավորապես ասել է. «Ճիշտ չէ ասել, որ պետք է հարմար պահերի սպասել, քանի որ ժամանկին առիթներ եղել են, որոնք չեն օգտգործվել: Եթե էլի սպասենք ուշ կլինի: Մենք պետք է ունենանք այն իրավապայմանագրային հարաբերությունները, որոնք ի վերջո հնարավորություն կտան երկու հայկական պետությունների վերամիավորման իրականացմանը: Այս քայլը ոչ միայն կնպաստի Արցախում բնակվող մեր ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, այլև կհիմնավորի մի շարք հարցեր»:

ԱՀ Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանն էլ իր վրդովմունք է հայտնել այն հարցի մասին, թե ինչու մինչև այսօր ՀՀ-ը չի զբաղվել ԱՀ-ն անկախության ճանաչման խնդրով:

Ֆորումին ելույթներով հանդես են եկել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի քաղաքական, ռազմական, փորձագիտական, հանրային շրջանակները ներկայացնող գործիչներ, որից հետո հարցի շուրջ տեղի են ունեցել քննարկումներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: