Հայերեն   English   Русский  

ԱԺ-ն շարունակում է քննարկել Կառավարության կառուցվածքի փոփոխության մասին օրենքի նախագիծը


  
դիտումներ: 230

Այսօր Ազգային ժողովի լիագումար նիստի օրակարգում խորհրդարանականները քննարկում են

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը: Ինչպես անցած անգամ, այսօր ևս նախագծի քնարկումը բուռն ընթացք ունեցավ:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում ասաց, որ ինչպես առաջին ընթերցման ժամանակ, այս անգամ էլ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու օրենքի նախագծի ընդունմանը:

«Մենք դեմ ենք քվերակելու Կառավարության միայն ինտուիցիայի և ներքին զգացողությունների վրա հիմնված խորհրդարանին ներկայացրած օպտիմալացման այս ծրագրին: Ես երկրորդ անգամ որոշեցի խոսել, որ մեր ելույթները մնան որպես վավերագրություն, որովհետև սուպերնախարարությունների այս մոդելը տապալվելու է միանշանակ, և մենք հետո կկարողանանք հաշվետվություն տալ, թե ինչու էինք ուզում լավ բան, բայց ստացվեց ինչպես միշտ: Կրկին պետք է խոսեմ մշակույթի նախարարության մասին, քանի որ եթե մենք այսօր ունենք եզակի բրենդ, ապա դա մշակույթն է: Եթե դուք Մշակույթի նախարարությունը ձուլեիք զբոսաշրջության հետ, ապա ես դա կարող էի համարել տրամաբանական: Ես ուզում եմ, որ այս օրը, այս դահլիճը հիշենք, որ հետո մեղավորներ չփնտրենք»,-ասաց է Նաիրա Զոհրաբյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը ինչպես առաջին ընթերցման ժամանակ, այսօր ևս շարունակեց հիշեցնել, որ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր ուժային կառույցները դարձնել նախարարություն, սակայն հիմա իր խոստումը չի կատարում:

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն էլ իր ելույթում ասաց, որ «Իմ քայլը» խմբակցութունը կողմ է քվեարկելու օրենսդրական փոփոխության նախագծին: Նա կոչ արեց դուրս գալ հին տրամաբանությունից և չհամեմատվել նախկին իշխանությունների հետ:

«Մեզանից որևիցե մեկը կառչած չէ նախարարի, պատգամավորի աթոռից: Մենք մեր անցած ճանապարհով, մեր ներկայիս գործունեությամբ բազմիցս ապացուցել ենք և շարունակելու ենք ապացուցել դա»,-նշեց Ալեն Սիմոնյանը:

ԱԺ լիագումար նիստը շարունակվում է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: