Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ը Ադրբեջանն ու Թուրքիան ընդգրկել է կրոնական ազատությունների ամենակոպիտ խախտողների ցանկում


  
դիտումներ: 182

2019 թ. ապրիլի 29-ին Միացյալ Նահանգների Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովը (USCIRF) հրապարակել է իր ամենամյա զեկույցը՝ թվարկելով «աշխարհում կրոնական ազատությունների ամենակոպիտ խախտողներին,

և զարմանալի չէ, որ նրանց թվում են Ադրբեջանն ու Թուրքիան: Երկու պետությունները դասակարգվում են որպես «Հատուկ մտահոգության երկրներ»:

USCIRF-ը, որպես անկախ, երկկուսակցական հանձնաժողով, խորհուրդներ է տալիս ԱՄՆ նախագահին, Կոնգրեսին և պետքարտուղարին կրոնական ազատության միջազգային հարցերի վերաբերյալ: USCIRF-ն իր տարեկան զեկույցում նկարագրում է աշխարհի կրոնական ազատությունների սպառնալիքները և խորհուրդ է տալիս Պետքարտուղարությանը «հատուկ մտահոգության երկրների» նշանակման համար՝ «համակարգված, շարունակական, կոպիտ խախտումներում» ներգրավված լինելու կամ հանդուրժելու համար:

Հակառակ Ադրբեջանի ղեկավարների՝ իրենց երկրում «հանդուրժողականության» բազմիցս պնդումներին և տարբեր օտարերկրյա ռաբբիների ու բողոքական առաջնորդների քարոզչությանը՝ USCIRF զեկույցը հաստատել է, որ «կառավարությունը շարունակում է վերահսկել կրոնական գործունեությունը «Կրոնի ազատության մասին» 2009 թ. օրենքի և վարչական ու քրեական օրենսգրքերի համապատասխան լրացումների միջոցով, որոնք կրոնական համայնքներից պահանջում են գրանցվել կառավարության կողմից և քրեականացնում են չգրանցված ամբողջ կրոնական գործունեությունը: Դրական է համարվել ոչ մահմեդական կրոնական չորս համայնքների գրանցումը իշխանության կողմից: Սակայն, տարվա ընթացքում տեղական ոստիկանական ուժերը շարունակել են ոտնահարել, ստուգայցեր կատարել, ձերբակալել և տուգանել կրոնական համայնքներին, որոնք չեն համապատասխանել գրանցման պահանջներին և տարբեր սահմանափակումներ են եղել կրոնական գրականության հրատարակման, պահպանման և տարածման գործում, չնայած մի համայնք զեկուցել է ոստիկանական ոտնձգությունների նվազման մասին: Տարվա ընթացքում բողոքականները, Եհովայի վկաները և որոշ մահմեդական խմբավորումներ թիրախ են դարձել, քանի որ մահմեդական համայնքի մի քանի անդամներ ստիպված են եղել դիմակայել իշխանությունների կողմից լրացուցիչ վերահսկողությունը, որոնք կասկածում և փորձում են սահմանափակել երկրում Իրանի իշխանության ազդեցությունը կամ դիվերսիոն գործունեությունը»:

Տարեկան զեկույցում նաև նշված է, որ «Ոչ կառավարական կազմակերպությունները պնդել են, որ մոտ 68 խղճի բանտարկյալներ, որոնցից շատերը Մահմեդական միասնության շարժման (ՄՄՇ) անդամներ են, ձերբակալված են մնացել Ադրբեջանում կրոնական հիմքերով: 2018 թ. ընթացքում շարունակվել են «համակարգային և էնդեմիկ» խոշտանգումների մասին պնդումները, հատկապես, ՄՄՇ-ի անդամների դեմ»:

Ադրբեջանի բռնատիրական վարչակազմը վերահսկում է կրոնական խմբերի գործունեությունը, պահանջելով նրանց գրանցվել: USCIRF-ը հաղորդում է, որ նրանք, ովքեր «մերժում են գրանցումը կամ հրաժարվում են գրանցվել աստվածաբանական հիմքերով, համարվում են «անօրինական» և կարող են ենթարկվել ոստիկանական ստուգայցերի, կալանավորման, ձերբակալությունների կամ տուգանման»: Ադրբեջանում գործող մի քանի քրիստոնեական խմբեր, ինչպես բապտիստները և Եհովայի վկաները, «շարունակում են չկարողնալ գրանցվել»: Որոշ դեպքերում, կառավարությունը տարիներով ձգձգում է գրանցումը՝ նրանց դիմումներում «տեխնիկական բացթողումների» պատճառաբանությամբ: Օրինակ, Եհովայի վկաները 2010 թ.-ից դիմել են գրանցման Գյանջա քաղաքում և մինչ օրս չեն ստացել 2016 թ. մայիսին ներկայացրած իրենց վերջին դիմումի պատասխանը: Զակատալայից դուրս Ալիաբադ գյուղում բապտիստները նույնպես 1994 թ. դիմել են գրանցման համար և մերժում ստացել: Նրանց տեղեկացրել են, որ իրենք չեն կարող նույնիսկ հանդիպել Սուրբ Ծննդյան տոները միասին նշելու համար»...

USCIRF-ը հաղորդել է՝ «2014 թ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ օրենքը պաշտոնատար անձանց «անսահմանափակ հայեցողական իշխանություն» է տալիս կրոնական գործունեությունը «անօրինական» սահմանելու և դատապարտելու համար:

Բացի դրանից, «2018 թ․ Ադրբեջանն իր համընդհանուր պարբերական զեկույցն է ներկայացրել ՄԱԿ-ում։ Մի շարք երկրներ մտահոգություն են հայտնել Ադրբեջանում կրոնական ազատությունների պայմանների մասին, ինչպիսիք են պարտադիր գրանցման պահանջները, սահմանափակումները ոչ ավանդական կրոնական համայնքների նկատմամբ և, ընդհանուր առմամբ, կրոնական խմբերի ունակությունը մասնավոր և հանրային գործունեություն ծավալելու համար, և իրենց հավատքի համար բանտարկված և խոշտանգված անհատները: Բացի այդ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ևս նմանօրինակ տեղեկություններ և առաջարկներ են ներկայացրել Ադրբեջանում կրոնական ազատությունների մտահոգությունների մասին», ասվում է USCIRF-ի զեկույցում:

Զարմանալի է, որ Ադրբեջանում նույնիսկ Սուրբ Ղուրան ունենալը կարող է անօրինական համարվել։ «2018 թ․ փետրվարին, Մահմեդական միասնության շարժման առաջնորդ և Շիյա մահմեդական աստվածաբան Թալեհ Բաղիրովը (որը հայտնի է նաև Բագիրզադե ազգանունով) ստացավ լրացուցիչ հնգամսյա պատիժ ապօրինի միկրո սկավառակներ պահելու համար, որոնք պարունակում էին տեքստեր և ձայնագրություններ Ղուրանից», հաղորդում է USCIRF-ը:

Մեկ այլ լուրջ կրոնական խախտում է սրբատեղիների փակումը: «2018-ին դեռևս փակ են մնում այն մզկիթները, որոնք կառավարությունը տարիներ առաջ փակել էր վերանորոգման պատրվակով և դրանց վերանորոգման կամ վերաբացման մասին պաշտոնական ժամեկտներ չեն նշվում։ Փակման քննադատները կարծում են, որ դա «արմատական» համարվող մահմեդակններին թիրախավորելու կառավարության ջանքերի մի մասն է։ Հին Բաքվում գտնվող Աշուր մզկիթը, որը նաև հայտնի է որպես լեզգիների մզկիթ, փակվել է 2016 թ․ հուլիսին, չնայած տեղական մահմեդական համայնքի բողոքների, որտեղ մտահոգություն էին հայտնում, որ վերանորոգումը կառավարության կողմից համայնքը ցրելու փորձերի մի մասն է։ Հաշվետու ժամանակահատվածի վերջում մզկիթը դեռ փակ էր։ Տարվա ընթացքում Բաքվում և այլ շրջաններում բազմաթիվ այլ «ոչ ավանդական» մզկիթներ շարունակեցին ենթարկվել ստուգայցերի և փակման, այդ թվում՝ Նաքշբանդիի սուֆի համայնքի հետ կապված մզկիթը․․․ 2018 թ․ ապրիլին ավարտվեց Հաջի Ջավադ մզկիթի նոր շենքի շինարարությունը։ Նախկին մզկիթը քանդել էին 2017 թ․ հուլիսին տեղի ունեցած ցույցերի ժամանակ», հաղորդում է USCIRF-ը։

Զեկույցը նաև լուսաբանում է ստուգայցերը տներ և կենտրոններ, որտեղ կրոնական ծառայություններ են իրականացվում կառավարության կողմից չգրանցված խմբերը։ Զեկույցում հիշատակվում է Արևելյան հիսունական եկեղեցու և Եհովայի վկաների անդամների նկատմամբ ոտնձգությունները։ Բացի այդ, Եհովայի վկաների մի քանի անդամներ հետապնդվել են զինվորական ծառայության առարկության համար, չնայած Ադրբեջանի Սահմանադրության դրույթին, որը թույլ է տալիս այլընտրանքային ծառայություն կատարել խղճի հիմնավորմամբ։

Վերջապես, Ալիևի կառավարությունն առգրավել է բոլոր կրոնական նյութերը, որոնք չեն հաստատվել մինչև արտադրվելը կամ Ադրբեջան ներմուծելը։ «Կրոնական գրականության վաճառքը և տարածումը կարող է իրականացվել միայն նախապես հաստատված խանութներում կամ վայրերում», համաձայն USCIRF-ի:

Հաջորդ շաբաթ կլուսաբանենք կրոնական ազատությունների խախտումները Թուրքիայում:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: